Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցի զոհված ազատամարտիկի այրին այժմ մտադիր է դիմել Սյունիքի մարզպետին

Նոյեմբեր 12,2013 18:41

Չորրորդ աստիճանի վթարային տան մեջ ապրող Կապանի Վաչագան թաղամասի բնակչուհի, զոհված ազատամարտիկի այրի Լուսիկ Թեւանյանը դեռեւս հուլիս ամսին  դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով աջակցել նոր բնակարանով ապահովելու հարցում, քանի որ այդ տանն ապրելը խիստ վտանգավոր էր եւ փլուզման ենթակա:

Լուսիկ Թեւանյանը Արցախյան գոյամարտի ժամանակ զոհված Կորյուն Թեւանյանի այրին է, արդեն մի քանի ամիս է հեռացել է վթարայն տնից եւ թոռների հետ վարձով է ապրում Կապանի Շինարարների թաղամասում: Ասում է՝ ուրիշ տարբերակ չուներ, նախագահին ու պաշտպանության նախարարին ուղղված նամակի պատասխանը բացասական էր եւ մոտ ապագայում տուն ստանալու բոլոր հույսերն էլ միանգամից հօդս են ցնդել:

«Նախագահին ուղարկած գրությանս պատասխանել են պաշտպանության նախարարությունից: Նշել են, որ 2011թ.-ին ենք հաշվառվել զոհված, հաշմանդամ ազատամարտիկների անօթեւան ընտանիքների ցուցակում: Հերթագրվածների մեջ թվով 1818-րդն եմ եւ մեր բնակարանի հարցին  կանդրադառնան 2003-2010թթ.-ին հաշվառված նմանատիպ ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելուց հետո: Ես երեւի էդ ժամանակ մեռած կլինեմ ու չեմ էլ ստանա, ոնց որոշ մարդիկ են հերթ  կանգնել, բայց մահացել են ու բնակարան չեն ստացել», – ասաց Լուսիկ Թեւանյանը:

Զոհված ազատամարտիկի այրին դիմել էր նաեւ Կապանի քաղաքապետարան՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար, որպեսզի մի առ ժամանակ կարողանա վճարել տան վարձավճարը: Սակայն քաղաքապետարանից էլ են մերժել՝ նշելով, որ ֆինանսական միջոցներ չունեն աջակցելու համար: Այժմ կապանցի զոհված ազատամարտիկ Կորյուն Թեւանյանի այրին մտադիր է դիմել Սյունիքի մարզպետին, որպեսզի գոնե վերջինս օգնություն ցուցաբերի իր ընտանիքին:  «Ես հիմա տղայիս երկու երեխաների հետ վարձով ապրում եմ Շինարարների թաղամասում, ամսական 20 հազար դրամ վարձ եմ տալիս բնակարանի համար, թոշակս հազիվ է հերիքում տան վարձին ու մյուս ծախսերին: Տղաս հարսիս հետ գնացել է Ռուսաստան, որպեսզի կարողանան օգնեն, էն էլ իրենց գործերն էլ չեն հաջող ընթանում: Մեր տանը հնարավոր չի ապրել, ճոճվում է, ներս մտնել արդեն չի ստացվում: Բոլոր տեղերից ինձ մերժել են, քաղաքապետարանը գումար չունի, որ օգնի, ՊՆ-ից ասում են սպասիր քո հերթին,  հիմա էլ որոշել եմ դիմել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, հույս ունեմ, որ գոնե ինքը ձեռք կմեկնի՝ կա՛մ ժամանակավոր բնակարանով ապահովի, կա՛մ  գումարային աջակցություն ցուցաբերի, որպեսզի մի քանի ամիս տան վարձը վճարեմ», – ասում է տիկին Լուսիկն ու ցավով նշում, որ այսօր հայրենիքի համար զոհված ազատամարտիկի ընտանիքն անուշադրության  է մատնված ու անհրաժեշտ հոգածության չի արժանանում:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930