Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ավետիսյան. «Դասաժամեր չեն տրվել միայն նրանց, ովքեր պատրաստ չեն լսարան մտնելու»

Նոյեմբեր 12,2013 17:52

Այսօր ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկ) 3-րդ մասնաշենքի բակում բողոքի ակցիա էին կազմակերպել Արա Ավետիսյանի կողմից աշխատանքից ազատված դասախոսներն ու համալսարանի մյուս աշխատակիցները, որոնք ռեկտորի նման որոշումն անօրինական են համարում: Բողոքի ակցիային մասնակցում էին նաև համալսարանում դեռևս աշխատող դասախոսներ և այլ աշխատակիցներ:

Հիշեցնենք, որ երեկ ՀՊՃՀ-ի մի քանի դասախոսներ բաց նամակով դիմել են  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ռեկտոր Ա. Ավետիսյանի հրաժարականի պահանջով:

Եվ այսօր ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանը հույս հայտնեց, որ գոնե երկու շաբաթվա ընթացքում իրենց կպատասխանեն:

Կենսագործունեության ամբիոնի նախկին դասախոս Սարգիս Հարությունյանը, որը նույնպես մասնակցում էր ակցիային, ասաց, որ իրեն չեն հեռացրել համալսարանից, նա ինքն է դուրս եկել՝ սեփական դիմումի համաձայն. «Հունվարի 10-ից դուրս եմ եկել, որովհետև համալսարանում շատ վատ բաներ էին կատարվում, որոնց ես չէի ցանկանում մասնակցել: Ես դիմումիս մեջ հո չէի՞ գրելու, որ ուսումնական պրոցեսում հանցագործություններ են կատարվում: Ես, փաստորեն, թաքուն, մի կերպ կարողացա դուրս պրծնել այդ ճահիճից: 90-ականներից ուսման որակը գնալով վատացավ, և որակյալ կրթությունը գնալով դարձավ երկրորդական, երրորդական: Հիմա էլ դարձել է բիզնես: Որևէ մեկը համալսարանից չի հեռացվում վատ սովորելու պատճառով, որովհետև վճարում է»:

Մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս Ռազմիկ Այվազյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է իրեն համալսարանից հեռացրել Ա. Ավետիսյանը: Նախկին դասախոսը համոզվածություն հայտնեց, որ պատճառը տարիքն է. «Պարզապես, ցուցակով նայել է, ով որ վաթսունն անց է, հեռացրել է՝ անկախ դիրքից ու վաստակից: Նա մեզ չի ճանաչում ոչ դեմքով, ոչ էլ կենսագրությամբ: Գրչի մի հարվածով, այսպես ասած՝ գլխատեց մեր ամբիոնի 12 դասախոսների, և այսօրվա դրությամբ այդ ամբիոնը չկա, անվանափոխել, չգիտեմ՝ ինչ անունով է կոչել»,- ասաց նա:

ՀՊՃՀ-ի ռեկտոր Ա. Ավետիսյանը տեղյակ չի եղել, որ դասախոսները բողոքի ակցիա են պատրաստվում անցկացնել: Այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա լրագրողներին և աշխատանքից ազատվածներին հրավիրեց իր աշխատասենյակ, որպեսզի «լրագրողների ներկայությամբ նրանք ասեն՝ ինչից են դժգոհ, ես էլ պատասխանեմ»,- ասաց ռեկտորը:

Հարցին, թե արդյո՞ք աշխատակիցները հեռացվել են տարիքի պատճառով, ռեկտորը պատասխանեց. «Ազատվել են միայն այն մարդիկ, որոնց ուսումնական ծանրաբեռնվածություն չի տվել ամբիոնը: Ժամերը ամբիոնի վարիչն է բաշխում, ոչ թե ռեկտորը: Մեկ ասում են՝ 34 հոգու եմ ազատել, մեկ՝ 104, ես էլ հարցնում եմ՝ գուցե 300: Ես չեմ նայել տարիքին, դասաժամեր չեն տրվել միայն նրանց, ովքեր պատրաստ չեն լսարան մտնելու: Նրանց թիվը շատ քիչ է, դրա համար էլ ես շատ հանգիստ նրանց հրավիրեցի այս փոքրիկ սենյակը, որտեղ նրանք բոլորն էլ կտեղավորվեն»,- ասաց ռեկտորը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930