Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, ով հանդես էր գալիս իր գործունության տարեկան հաշվետվությամբ:
«Ես խնդրել և ստացել եմ 2007 թվականի քաղաքապետարանի հեռախոսներից հեռախոսազանգերի կոդագրությունները, ինչպես ասում եք լավաշները: Նստել ու ուսումնասիրել եմ առայժմ արտաքին զանգերը` Գյումրի քաղաքի քաղաքապետարանից արտասահման կատարված զանգերը: Եվ պարզվել է, որ յուրաքանչյուր ամիս միջին հաշվով արտասահման խոսվել է 200-300 հազար դրամի խոսակցություն:
Դրանք խոսվել են 8-11 երկիր, որոնք ոչ մի կապ չունեն Գյումրի քաղաքի քույր-եղբայր քաղաքների հետ. Հոլանդիայի հետ է խոսվել, Ռոստով է խոսվել, Մոսկվա, Դուբայ, Կանադա, Ամերիկա բնականաբար և այլն, և այլն: Էդ գումարը, կրկնում եմ` ամեն ամիս կազմել է 200 000 մինչև 270 000 -300 000 դրամ: Սա տարեկան պատկերացնո՞ւմ եք մոտավորապես ինչ թիվ է:
Տեղական համարները դեռ չեմ նայել, ահագին դժվար է նայելը, արտաքին համարները կոդերից հասկանում ենք, թե որ արտասահմանյան երկիր են խոսել, տեղական համարները, բջջային համարներ շատ դժվար է ստուգել, թե սա ո՞ւր է խոսվել` գործո՞վ է խոսվել, քաղաքային կարիքների համա՞ր է խոսվել, թե՞ մասնավոր կարիքների համար է խոսվել:
Կարդացեք նաև
Այն, ինչ ձեզ պատմում եմ, գրվել և հրապարակվել է մեր թերթում, որի բաժանորդագիրն է Շիրակի մարզի դատախազը, և որևէ արձագանք չի եղել :Եվ ո՞վ պետք է պարզի վերջապես` քաղաքի միջոցներով ի՞նչ իրավունքով են խոսել արտասահման ասենք կամ քաղաքի հետ կապ չունեցող հարցերով», ասաց Լևոն Բարսեղյանը:
Նա անցած ժամանակաշրջանը բնութագրեց որպես անհասկանալի ծախսերի ժամանակաշրջան: «3 միլիոն դրամ ծախսվել էր Գյումրի գրքի տպագրության համար. արխիվային թանկարժեք նյութերի պատճենման նպատակով` պետական արխիվից: Հարցում եմ արել քաղաքապետարանին, թե էդ նյութերն ո՞ւր են, ասում են չունենք նյութերը, 3 միլիոն դրամի ի՞նչ ես պատճենել ժամանակին և այլ և այլն…
Մի խոսքով, անցած էս ամբողջ ժամանակաշրջանը անհասկանալի ծախսերի ժամանակաշրջան է, մի հատված կա, որ հասկանում ես ծախսը, արդարացված եմ ես համարում, բայց բաներ էլ կան, որոնք ինչպես նշեցի բերածս օրինակների մեջ, համարում եմ բոլորովին չարդարացված: Աուդիտ, ցավոք, այդ մասով չի արվել, քաղաքապետը (ի նկատի ունի նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանին) որոշեց չանել աուդիտ, ինչը, իմ կարծիքով, կոպիտ սխալ է տեղական ինքնակառավարման մեջ:
Մենք դեռ վնասները զգում ենք րոպե-րոպե: Մարդիկ, որոնք ժամանակին չարաշահել են համայնքային միջոցները, լավ են զգում դրանից. իրենց ստուգող չկա, ստուգող կա, մեկը Երևանից գալիս ստուգում-գնում է, երևի կթում-գնում են էլի: Քաղաքին պատճառած վնասը վերադարձնելու մասին խոսակցություն չունենք դեռ», -ասաց Գյումրու ավագանու ամենաակտիվ անդամը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ