«ԼՂՀ անկախության ճանաչման մասին» «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծը քննարկվում էր խորհրդարանի կիսադատարկ դահլիճում: Դա ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանին հիմք տվեց ենթադրել, որ պատգամավորների համար այս հարցն անկարեւոր է այն իմաստով, որ այն «արհեստական» հարց է: «Ես չեմ ուզում քննարկել, թե ինչու այս օրինագիծը բերվեց Ազգային ժողով: Ինձ թվում է՝ ճիշտ ժամանակին չի բերվել,-ասաց Հովհաննիսյանն ու ավելացրեց,- Արդյո՞ք միայն Զարուհի Փոստանջյանի հարցը կարող է հրահրել պատերազմական գործողություններ: Ինձ թվում է պատերազմական իրավիճակ կարող է հրահրել Հայաստանի տնտեսական վիճակը, արտագաղթը, քանզի այն ժամանակվանից, երբ Հայաստանի տնտեսական վիճակն սկսեց վատանալ, Ադրբեջանի վերաբերմունքն ու հայտարարությունները այդ հարցին դարձան շատ ավելի կոշտ ու հանդուգն»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր ելույթում ասաց, որ խնդիրը նրանում չէ, թե մենք վախենու՞մ ենք, արդյոք, պատերազմից, թե՞ ոչ: Հարցը նրանում է, թե Հայաստանը կարո՞ղ է իրեն թույլ տալ ձախողել Մինսկի խմբի պրոցեսը, թե՞ ոչ: «Արդյոք մենք կարո՞ղ ենք նախաձեռնել մի քայլ, որը կարող է կասկածի տակ դնել հարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Մինսկի գործընթացը այլընտրանք չունի, այլընտրանքը պատերազմն է»,-ասաց Հարությունյանը՝ նկատելով, որ պատահական չէ, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Մինսկի խմբից հրաժարվի:
ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» խմբակցության դե յուրե պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ ասաց, որ ինքը հանձնաժողովում դեմ է քվեարկել եւ պատգամավորներին էլ կոչ արեց դեմ քվեարկել: Նա նաև տարակուսանք հայտնեց հայրենասիրության վերաբերյալ արված հայտարարություններին. «Ինձ համար հայրենասիրության հարցով չափումներն են հետաքրքիր, թե էդ հայրենասիրության մետրը ու՞մ ձեռքում է և ո՞նց եք որոշում՝ ով ինչքանով է հայրենասեր»: Արզումանյանն ասաց, որ այս բանաձևի ընդունումն այս պահին չի արտահայտում ԼՂՀ և ՀՀ ժողովրդի շահերը: Ավելին, այս պահին ինքը նպատակահարմար չի համարում քննարկել այս օրինագիծը և առաջարկում է հանել այն օրակարգից, քանի որ ինքն էլի դեմ է քվեարկելու:
ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանն էլ իր ելույթում ասաց, որ իրենց մոտեցումը չի փոխվել այս հարցի վերաբերյալ. իրենք չեն կարող չմասնակցել քվեարկությանը, և, բնականաբար, կողմ են քվեարկելու: «Այն վիճակը, որ կա դե ֆակտո, մեզ չի կարող գոհացնել: Բոլոր այն փաստարկները, որ բերվում են նպատակահարմարության հետ կապված, այդ սեպարատ, առանձին քայլերը, որ արվում են այս հարցի շուրջ, մեզ համար անընդունելի են, քանզի այս հարցը պետք է լուծվի միասնաբար»,-ասաց Ռուստամյանն ու հավելեց, որ եթե չենք գնում Ղարաբաղի ճանաչման տրամաբանությամբ, ապա առնվազն ապահովել Հայաստանի համար՝ որպես անվտանգության երաշխավորի կարգավիճակ, գոնե կարող ենք անել: Ըստ նրա՝ «եթե մենք քայլեր չձեռնարկենք այս ուղղությամբ, ապա կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, թե Հայաստանը ընդհանրապես չի ուզում ճանաչել Ղարաբաղի անկախությունը»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասաց, որ ՀԱԿ խմբակցությունը ԼՂՀ ճանաչման հարցը համարում է ժամանակավրեպ, ու մի քանի կետով հիմնավորեց իրենց մոտեցումը: Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ը չի մասնակցի այս հարցի քվեարկությանը: Փոխարենը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն հակառակ կարծիքը հայտնեց: Նիկոլ Փաշինյանը կողմ է այս նախագծին ու սա համարում է պատեհ առիթ` իշխանությանն անվստահություն հայտնելու համար, քանի որ տապալել են նաեւ ԼՂՀ հարցի բանակցությունները, ՀՀ արտաքին քաղաքականությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ