ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում Յուրի Վարդանյանի եւ Ուրուգվայի զբոսաշրջության եւ սպորտի նախարար տիկին Լիլիամ Քեշիշյանի հանդիպումից հետո լրագրողները նախարարներին հարցրին, թե սպորտի ոլորտում համագործակցության շրջանում Հայաստանում եւ Ուրուգվայում համատեղ ուսումնամարզական հավաքներ նախատեսվո՞ւմ են եւ Հայաստանի մարզաբազաները թույլ տալի՞ս են հյուրընկալել Ուրուգվայի մարզական պատվիրակություններին: «Այն, ինչ մենք պայմանավորվում ենք, առանց փոխայցելությունների, համատեղ ուսումնամարզական հավաքների հնարավոր չէ: Իսկ ինչ վերաբերում է մեր մարզաբազաներին, այն մարզաձեւերից, որոնք մեզ մոտ զարգացած են, ունենք լիարժեք հնարավորություններ, որպեսզի ուրուգվայցի մարզիկները գան եւ Հայաստանի մարզաբազաներում համատեղ ուսումնամարզական հավաքներ կազմակերպենք»:
Իր հերթին Լիլիամ Քեշիշյանը նշեց. «Ուրուգվայը լիարժեք պատրաստ է ընդունել Հայաստանի մարզիկներին: Մենք ունենք ինչպես հանրային, այնպես էլ` մասնավոր լավագույն մակարդակի մարզակառույցներ: Ուրուգվայի հայկական համայնքը, օրինակ, Հայ բարեգործական միությունը, շատ լավ լողավազան ունի: Կարծում եմ, հայկական համայնքը պատրաստ է ընդունել հայաստանցի մարզիկներին: Մենք ունենք հայ լավ ֆուտբոլիստներ, լողորդներ, լավ պատրաստված մարզիչներ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ