Խորհրդարանում ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին Զարուհի Փոստանջյանի առաջարկած նախագիծն արժանացավ գրեթե բոլոր խմբակցությունների բացասական գնահատականին: Դրական արտահայտվեցին միայն ՀՅԴ-ն եւ Նիկոլ Փաշինյանը: Այս իրողությունը, հավանաբար, բարկացրեց տիկին Փոստանջյանին, քանի որ խմբակցության անունից նրա ելույթն ակնհայտ նյարդային էր:
Համարյա բղավելով՝ նա մեղադրեց իշխանություններին հայրենիքը վաճառելու, պատմական հողերը թշնամիներին տալու, ոչ հայամետ փաստաթղթեր ստորագրելու եւ նման այլ բաների մեջ: «Ձախողված պրոցեսի մեջ շարունակում եք ձախողել, այո, հենց դուք՝ իշխող կոալիցիան»,- ասաց նա` չհամաձայնելով այն ելույթներին, թե Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմամբ առաջնահերթ ձախողվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը: «Դուք ուզում եք սպանեք 1988թ-ի ոգին, ձեր բոլորի երազանքը դա է: Մի բերեք պատերազմ սկսելու փաստարկը, չգիտե՞ք մեր հարևանին, մի փոքր էլ հնարավորություն ունենա՝ կսկսի պատերազմը»,- խորհրդարանի ամբիոնից բղավում էր տիկին Փոստանջյանը:
Նա այդպես էլ չանսաց նիստը նախագահող Հերմինե Նաղդալյանի հորդորներին եւ շարունակեց բղավելով խոսել`շարունակելով մեղադրել իշխանություններին «հողերը տալու», «Արցախին տեր չկանգնելու» մեջ:
Փոստանջյանը խոստացավ, որ «Ժառանգությունը» այսուհետ էլ հետամուտ է լինելու Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, ավելին, իրենք հետամուտ են լինելու նաև Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի «օկուպացիայի» հարցերին:
Կարդացեք նաև
Ի դեպ, նախագահող Հերմինե Նաղդալյանն ասաց, որ մինչեւ այժմ գոյություն ունի մի փաստաթուղթ, որում ամրագրված է, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, ակնարկելով Րաֆֆի Հովհաննիսյանի արտգործնախարար եղած շրջանում զարգացած որոշ մշուշոտ իրադարձություններ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թալանչի իշխանությունը,՝ Զարուհի Փոստանջյանին երբեք չի հասկանա: