Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդական կազմակերպությունները՝ մեկ հարկի տակ

Նոյեմբեր 12,2013 15:49

Նոյեմբերի 12-ին կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովը։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ 
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա շրջեց տաղավարներով, ծանոթացավ երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, զրուցեց երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ զրույցում կարևորելով վերջիններիս աշխատանքը՝ Տիգրան Սարգսյանը բարձր գնահատեց «Փրկություն» հասարակական կազմակերպության գործունեությունը՝ ուղղված անապահով ընտանիքների երեխաներին:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ հիմնադրամը մեկ հարկի տակ է համախմբել երիտասարդական կազմակերպություններին, որոնք ներկայացնում են իրենց գործունեության արդյունքը։ «Ցուցահանդեսի 3 օրերի ընթացքում կանցկացվեն նաև քննարկումներ, և Հայաստանի երիտասարդական հիմնադրամին կներկայացվեն այն խնդիրները, որոնք համատեղ լուծման կարիք ունեն։ Այսօրվա ցուցահանդեսի մասնակիցների և այցելուների թիվը տպավորիչ է, ինչը վկայությունն է այն բանի, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հասել է զարգացման որակական այլ՝ առավել բարձր մակարդակի»,- նշեց Կարեն Ավագյանը։
Ցուցահանդեսում ներկայացված էր «Առողջ մանկություն» կազմակերպությունը։ Այն զբաղվում է ֆինանսական ծանր պայմաններում ապրող ընտանիքների ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներին ֆինանսական աջակցության կազմակերպմամբ։ Կազմակերպության անդամները նկատում են, որ Հայաստանում շատ են ֆիզիկական խնդիրներ ունեցող կարիքավոր երեխաները, և իրենք փորձում են փոքր-ինչ թեթևացնել նրանց բեռը։
Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը նույնպես իր տաղավարային ցուցադրությունը փորձում էր համատեղել բարեգործության հետ։ Ուսանողական խորհրդարանի անդամ Տիգրան Սահակյանը նկատում է, որ բժշկական համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինն առաջինն էր Հայաստանում և ունի գործունեության մեծ փորձ, հարուստ կենսագրություն, ինչն իրենք ցուցադրում են երիտասարդական կազմակերպությունների էքսպոյում։
Կառավարության նիստերի դահլիճում առանձին տաղավարներով ներկայացված է երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 60 կազմակերպություն՝ Երևանից և մարզերից։ Մասնակցում են նաև միջազգային կառույցներ, պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդներ։
Ցուցահանդես-համաժողովի աշխատանքների արդյունքում կհրատարակվի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվական գրքույկ, նախատեսվում է ընդունել երիտասարդության խնդիրները բարձրաձայնող հայտարարագիր: Մրցանակ կհանձնվի լավագույն տաղավարը ներկայացրած կազմակերպությանը։
Նշենք, որ «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովն անցկացվում է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Ծրագրի իրականացմանն աջակցել է Երիտասարդ առաջնորդների դպրոցը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930