Այս տարվա 9 ամիսների ընթացքում արտակարգ պատահարների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է եղել 514 դեպքով: Այս մասին այսօր «Ելակետ» ակումբում ասաց արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Նրա ներկայացմամբ`2013 թվականին գրանցվել է 8 507 արտակարգ պատահար:
Բավականին աճել է նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների եւ թունավորումների թիվը: Ըստ պարոն Խանգելդյանի ներկայացրած ցուցանիշների՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն այս տարվա 9 ամիսներին աճել է 14.8%-ով, կամ` 263 դեպքով, ընդ որում, այս պատահարների արդյունքում զոհերի ու տուժածների թիվը եւս աճել է: Իսկ թունավորումների թիվը թեեւ 5,1%-ով աճել է, բայց թունավորման արդյունքում զոհերի թիվը նվազել է:
Պարոն Խանգելդյանը նաեւ վստահեցրեց, որ այս տարվա 9 ամիսներին հրդեհների թիվը 20-ով նվազել է, որի արդյունքում վնասը մոտ 56 միլիոն դրամով նվազել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդհանուր առմամբ՝ նշված ժամանակահատվածում գրանցվել է 2 662 դեպք, որով մոտ 301 միլիոն դրամի վնաս է հասցրել:
ԱԻՆ մասնագետի փոխանցմամբ՝ համապատասխան ստորաբաժանումներն իրենց անձնակազմերով արդեն պատրաստ են ձմռանը. հանրապետության բոլոր մարզերը, ըստ պարոն Խանգելդյանի, հագեցված են բարձր անցողության տեխնիկայով. «Փրկարարների հանդերձանքն ու հանդերձավորումը, սպառազինությունն ու գույքը ամբողջովին բերված է պատրաստականության` ձմեռային ժամանակահատվածին բնորոշ խնդիրները լուծելու համար: Զուտ ձմեռային ժամանակահատվածին բնորոշ մենք ոչ մի խնդիր չունենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ