Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին. «Ուզում եք ցույց տալ, որ ՀՀ ԱԺ-ն դեմ է Արցախի անկախությանը»

Նոյեմբեր 12,2013 15:40

«Ես ուզում եմ հասկանալ` ունե՞ք նոր փաստարկներ, որ կրկին այս օրինագիծը քննարկվում է: Եթե՝ ոչ, ապա ես պետք է անեմ մեկ հետևություն, որ ընդամենը աշխարհին փորձում եք ցույց տալ, թե ՀՀ ԱԺ-ն դեմ է Արցախի անկախությանը: Եվ դուք ակտիվանում եք հենց այն ժամանակ, երբ այս պահին, օրինակ, Ադրբեջանի նախագահը քննարկումներ է ունենում Թուրքիայում նախագահի և վարչապետի հետ»,- այսօր խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին նման հարց ուղղեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում քննարկվում էր  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագիծը: ՀՀԿ պատգամավորն ասաց, որ հակված է մտածելու, որ այդ նոր փաստարկները կան, ուստի հույս ունի, որ Փոստանջյանը դրանք կներկայացնի խորհրդարանի ամբիոնից: Իր պատասխանում, սակայն, Զարուհի Փոստանջյանը որեւէ նոր բան չասաց: Կրկնեց այն ամենն, ինչ ասել էր իր սկզբնական խոսքում: Դա էլ հիմք տվեց ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամի` Խոսրով Հարությունյանին, քննադատել բանախոսին` անընդհատ նույն բանն ասելու համար:
«Իհարկե կան փաստարկներ, դրանց դուք ինքներդ ծանոթ եք. մենք կանգնած ենք բազմաթիվ մարտահրավերների առջև, և տարածաշրջանում տեղի է ունենում քարտեզի դեֆորմացիա: Տվյալ պարագայում մենք պետք է ունենանք միասնական դիրքորոշում երկու հանրապետությունների կողմից` Արցախի և Հայաստանի Հանրապետության»,- իր պատասխանում ասաց Փոստանջյանը, որից հետո, ըստ էության փոփոխելով նախադասության կառուցվածքը, հավելեց. «Մեր պատմական հայրենիքի, 42 հազար ք/կմ գոյացած այդ երկու հանրապետությունները պետք է ունենան միասնական կարծիք բոլոր մարտահրավերների համար, որոնք մեր առջև ծառացած են»:
Հովհաննես Սահակյանն այլեւս չշարունակեց իր մեկնաբանությունները, քանի որ, ըստ նրա, ինքն այդպես էլ չստացավ իր հարցի պատասխանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930