Ջրագնդակի հայկական դաշնության եւ ՀԱՕԿ-ի կողմից կազմակերպված Ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնության ժամանակ «Տիտան» թիմի ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանը հարվածել էր խաղի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար, միջազգային մեծ ճանաչում ունեցող Ռուբեն Եսայանին:
Ջրագնդակի հայկական դաշնության որոշմամբ՝ «Տիտան» թիմը մարզչի եւ ներկայացուցչի անվայել պահվածքի պատճառով հեռացվել էր մրցումներից:
Ինչպես տեղեկացրել էինք, ոստիկանության Մաշտոցի բաժնում բացատրություններ էին տվել ջրագնդակի հայկական դաշնության նախագահ Կարեն Գյունաշյանը, տուժող, մրցավար Ռուբեն Եսայանը: Գագիկ Հովհաննիսյանի, որը նաեւ ՀՀ նախագահի անվտանգության աշխատակից է, գործը, ինչպես կանխատեսել էինք, փոխանցվել էր Հատուկ քննչական ծառայությանը:
Այսօր Հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել տուժող Ռուբեն Եսայանը: Նա ստացել էր քթոսկրի կոտրվածք եւ գլխուղեղի ցնցում: Մեր տեղեկություններով, արդեն ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ գլխավոր մրցավարը ստացել է թեթեւ մարմնական վնասվածք, սա այն դեպքում, երբ նման վնասվածքները դասվում են ծանր վնասվածքների շարքին:
Ի դեպ, այս եզրակացությունը կբողոքարկվի տուժողի եւ նրա ներկայացուցչի կողմից:
Ռուբեն Եսայանը ներկայումս էլ գտնվում է բժիշկների հսկողության տակ, նրա վիճակը դեռ վատ է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Ըստ այդ հոդվածի, նախատեսվում է 50-150 հազար դրամ տուգանք, կամ՝ մինչեւ երկու ամսով կալանք:
Համեմատելու համար նկատենք, որ քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Առաքելյանը ոստիկանին ընդամենը «հրելու» համար արժանացել էր մինչեւ 6 տարվա ազատազրկման:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ