Այսօր խորհրդարանը սկսեց քննարկել նաեւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Զարուհի Փոստանջյանի հեղինակած օրենքի նախագիծը, որի քննարկումը հեղինակը համարել էր անհետաձգելի: Իր խոսքում տիկին Փոստանջյանն այսպես հիմնավորեց իր ներկայացրած նախագիծը. «Այս օրինագիծը ներկայացվել է 2007թ-ին և գտնում ենք, որ այսօր էլ այդ պահը` ճանաչել ԼՂՀ, արդիական ու կարևոր է: Հատկապես հաշվի առնելով այն մարտահրավերները, որ առկա են երկու հանրապետությունների առջև»:
Փոստանջյանի խոսքով` այս խորհրդարանի պատկերը չի հուշում, թե կարող ենք ունենալ այնպիսի պետություն, որի մասին երազել ենք: Բայց «Ժառանգությունը» այն կարծիքին է, որ օրինագիծը պետք է արժանանա հավանության բոլորի կողմից: «Քննարկելով այս օրինագիծը՝ բոլոր պատգամավորները պետք է կողմ քվեարկեն»,- համոզմունք հայտնեց պատգամավորը: Նրա խոսքով, իրեն այդպես էլ որևէ փաստարկ չի ներկայացվել, թե ինչո՞ւ ՀՀ-ն չպետք է ճանաչի ԼՂՀ-ն: Փոստանջյանի համոզմամբ՝ Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչումը Հայաստանի կողմից ազդակ կլինի մյուս պետությունների համար՝ այդ գործընթացը սկսելու համար. «Այն փաստարկին, թե՝ ճանաչելու դեպքում կսկսվեն պատերազմական գործողություններ, պետք է հիշեցնեմ` այսօր էլ պատերազմը, ըստ էության, գոյություն ունի և այնպես չէ, թե խաղաղության պայմաններում ենք ապրում…»: Փոստանջյանի ժամանակը լրացավ եւ նախագահողն անջատեց խոսափողը` հնարավորություն տալով պատգամավորներին հարցեր տալ զեկուցողին: ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, շարունակելով պատերազմի թեման, հետաքրքրվեց` պատգամավորը մտավախություն չունի՞, թե ճանաչումը կբերի պատերազմի: «Ոչ: Ես վստահ եմ, որ Ադրբեջանը հենց պատրաստ լինի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, դա իրականացնելու է: Այսօր հենց այն պահն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ, և Հայաստանը պետք է այդ պահը օգտագործի»,-պատասխանեց Փոստանջյանը:
Իր ելույթում էլ գլխադասային հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին` ներկայացնելով հիմնավորումները, որոնցից հիմնականն այն է, որ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչումն այս պահին ուղիղ հնարավորություն է`Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների վերսկսման:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ