Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Իշխանության հետ երկխոսությունը այսուհետ վարում ենք միայն մեր կողմից ընդունված օրակարգով»

Նոյեմբեր 12,2013 15:01

Նոյեմբերի 8-10-ը Աղվերանում կայացավ «Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անելիքները Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ  եւ հետո» թեմայով սեմինար, որտեղ ելույթ ունեցան Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրապ Մնացականյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ծրագրի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը, փորձագետ Վահագն Ղազարյանը, կայացան քննարկումներ:

Սեմինարից հետո  ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը,  պատասխանելով մեր հարցերին, ասաց. «Հայաստանի ազգային պլատֆորմն արդեն մի քանի հայտարարություններ է արել, որտեղ արձանագրել է, որ մնում է  ասոցացման համաձայնագրի ստորագրման եւ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման կողմնակից եւ դեմ է  արտահայտվել Մաքսային միությանը միանալուն: Այդ առումով ընդհանուր սկզբունքը կարծես թե բոլորի կողմից կիսվում է : Բայց այս նոր իրավիճակում ինչպիսի՞ մարտավարությամբ աշխատել: Փաստորեն մեր գոյության 4 տարիների ընթացքում առաջին անգամն է, որ մենք ոչ միայն քննադատում ենք, որ Հայաստանի իշխանությունները ինչպես են  իրականացնում իրենց կուրսը, այլ մենք դեմ ենք Հայաստանի իշխանությունների կուրսին: Եվ իհարկե դա նոր, ոչ սովորական իրավիճակ է պլատֆորմի համար: Այդ առումով, մարտավարական առումով շատ լուրջ հակասություններ կան: Դա է պատճառը, որ մենք  որոշել ենք ոչ թե Երեւանում մի քանի ժամով հանդիպել, այլ կազմակերպել սեմինար, որտեղ օտարերկրյա դիվանագետների, ինչպես նաեւ խորհրդարանի եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների կողմից  ինչքան հնարավոր է համարժեք եւ լիակատար ներկայացվի իրավիճակը, որպեսզի դա օգնի նաեւ մեր հետագա քայլերը որոշելուն:

Մենք կարողացանք  այսօր որոշել, թե ինչ ենք անելու մինչեւ Վիլնյուսը, այսինքն` մի կողմից հաստատում ենք բոլոր նախկին առաջնայնությունները: Մենք այստեղ հաստատում ենք մեր բոլոր նախկին հայտարարությունները եւ ֆիքսում ենք, որ իշխանության հետ  երկխոսությունը այսուհետ վարում ենք միայն այն օրակարգով, որը մեր կողմից ընդունված է: Բայց Վիլնյուսից հետո, բնականաբար, մենք ավելի խորը կանդրադառնանք մեր ռազմավարական առաջնայնություններին, քանի որ Վիլնյուսը որոշակի շտկումներ կմտցնի ընդհանուր իրավիճակի  առումով»:

Պարոն  Նավասարդյանին հարցրինք, թե քաղաքացիական հասարակության Ազգային պլատֆորմի մեջ խնդրի վերաբերյալ կա՞ն տարաձայնություններ: «Իհարկե, կան տարաձայնություններ, քանի մենք ունենք անհատներ, որոնք բավական լուրջ քաղաքական պահանջներ են ներկայացնում, մինչեւ իսկ նախագահի հրաժարականը, կան մարդիկ, որոնք այդպիսի պահանջներ չեն ներկայացնում: Եվ քանի որ հրաժարականի հարցը անմիջապես կախված է նաեւ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման խափանման հետ, չի կարելի ասել, որ մեր գործընկերների այդ մոտեցումները չեն ազդում նաեւ պլատֆորմի ներսում այլ մարդկանց հետ իրենց հակասությունների վրա: Դա պլատֆորմի համար լուրջ  մարտահրավեր է, որը, ինձ թվում է, ոչ այնքան պլատֆորմի խնդիրն է,որքան մեր ընդհանուր իրավիճակի հետ է կապված»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930