Այսօր խորհրդարանում, ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի վերանշանակման քվեարկության ժամանակ, ԱԺ ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանից լրագրողները հետաքրքրվեցին` ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ Իշխան Զաքարյանը շքեղ առանձնատուն ունի, ինչի մասին ընդդիմադիրներն անընդհատ հիշատակում են:
«Այ մարդ, ընչի՞ եք էդքան նախանձում, մարդ եղեք»,- ասաց նա: Լրագրողները շարունակեցին` հարցնելով, թե իր կարծիքով՝ որտեղի՞ց Իշխան Զաքարյանին այդ ունեցվածքը: «Այ մարդ, Զաքարյանը ընկեր չունի՞: Լավ ընկերներ ունի, լավ շրջապատ ունի, լավ մարդ ա Իշխանը, սաղս էլ օգնել ենք, սաղս էլ ձեռ ենք գցել, տունն ի՞նչ ա, որ չսարքի, մեր նման ընկերներ ունի: Այ մարդ, իմ նման ընկեր ունենա, դու էլ կունենաս»:
Հարցին, թե իր կարծիքով պաշտոնյան իրավունք ունի՞ նման հարստություն կուտակելու, պատասխանեց. «Տո խի՞ չունի, ընչի՞ չունի: Ընչի պաշտոնյան պտի սոված մնա՞, հլը ասա տենամ»:
Մյուս հարցին , թե ո՞վ պետք է մտածի ժողովրդի մասին, պատասխանեց. «Այսինքն՝ Զաքարյանն Իշխանն էթա ժողովրդի տուն, ի՞նչ անի: Հիմա ո՞վ ա ում հետ կիսվում, որ Զաքարյանը կիսվի: Ասենք, Իշխանի տունն էլ ծախինք կերանք, հետո՞»:
Կարդացեք նաև
Սեյրան Սարոյանն իր պատասխանների ընթացքում անընդհատ կրկնում էր. «Բայց ընչի՞ չունենա, աղջի ջան, ջահել աղջիկ եք, ընչի՞ եք էդքան վատ տրամադրված: Լավին տեսեք, լավին գնահատեք, լավ մարդ առեք»:
Իր կարծիքով՝ ինչի՞ հաշվին են պաշտոնյաներն այսքան հարստություն դիզում, հարցին Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Այ մարդ, խելացի են, աշխատում են, դիզում են, բիզնես ունեն, բան ունեն մարդիկ: Իշխանի պաշտոնից ի՞նչ փող, զավո՞դ ա, ի՞նչ ա: Ում մասին ոնց ուզում, խոսում ա»:
Արտագաղթի մասին հարցին էլ պատասխանեց. «Այ մարդ, ստեղ էթացող չկա, գնացողը գնացե, մնացողը մնացե, արխային»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ