Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքսային Միությանն անդամակցելը շղարշ էր». Դավիթ Շահնազարյան

Նոյեմբեր 12,2013 14:27

«Համաձայնություն» կենտրոնի եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի հրավիրած`«Մաքսային միություն․ Հայաստանի անվտանգության մարտահրավերները» թեմայով սեմինար-քննարկմանը հիմնական զեկուցող`

Արթուր Սաքունցն իր ելույթում նկատեց, որ անվտանգության երկու համակարգ գոյություն ունի` մարդու իրավունքների եւ արժանապատվությունը հարգելն է, մյուսը, այսպես կոչված՝ «գերեզմանային համակարգն է», որը հիմնված է ազատությունների սահմանափակումների վրա, այդ համակարգում, անվտանգությունը հիմնվում է վերահսկման մեխանիզմի վրա: Մնացած՝ տնտեսական, սոցիալական, ռազմական անվտանգությունները գալի են ապահովելու այդ համակարգերի գոյությունը:

Արթուր Սաքունցը խորհուրդ տվեց դիտարկել Մաքսային միությունը հիմնադրած երեք պետություններում՝ Բելառուսում, Ղազախստանում, Ռուսաստանում մարդու իրավունքներին, ինչպե՞ս են վերաբերվում եւ պաշպանվում մարդու իրավունքները` այս հարցը բարձրացրեց Արթուր Սաքունցը․ «Բոլոր այս երկրներին հատուկ է քաղաքացիական ազատությունների սահմանափակումները, մասնավորապես՝ հավաքների ազատության սահմանափակումը»: Սաքունցը տեղեկացրեց, որ Բելառուսում մտցրել են օրենսդրական նոր նորմ՝ նախագահին վիրավորելու հիմքերով քրեական պատասխանատվության ենթարկելը: Այլ օրինակ՝ չգրանցված կազմակերպության կողմից, (իսկ այն գրանցելը տարբեր բարդությունների հետ է կապված)  հավաքի կամ հանրահավաքի կազմակերպումը քրեորեն հետապնդելի արարք է: Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ Բելառուսում դեռ վեց խղճի դատապարտյալներ կան, որոնք վերջին նախագահական ընտրությունների թեկնածուներն են: Բելառուսը՝ Եվրոպային մոտ ամենամոտ երկիրն է, որտեղ գործում է մահապատիժը, ընդ որում, մահապատժի ենթարկվածի հարազատներին չեն տեղեկացնում մահապատժի մասին, չեն վերադարձնում մահապատժի ենթարկվածի մարմինը:

Ինչ վերաբերվում է ՌԴ-ում տիրող իրավիճակին, ապա Արթուր Սաքունցը նշեց, որ Պուտինի երկրորդ վերընտրությունից հետո սկսվեցին օրենսդրական դաշտում մեծ թափով վերափոխումները, որոնց հիմքում հավաքների ազատության սահմանափակումներն են: «Այն Հ/Կ-ները, որոնք կստանան դրամաշնորհներ, ֆինանսական աջակցություն օտար երկրներից՝ նրանք պետք է նախեւառաջ, որպես գործակալ, այդ կարգավիճակը պետք է ձեռքբերեն, որպեսզի նրանց գործունեությունը օրինական համարվի։ Շատ լավ հասկանալի է, որ արտասահմանյան գործակալ հասկացությունը Ռուսաստանի պայմաններում ինչ բովանդակություն է պարունակում՝ «շպիոն», լրտես, ըստ էության: ՌԴ-ում մտցվեց մեկ այլ օրենք, ըստ որի՝ քաղաքական գործունեություն է համարվում այնպիսի գործունեությունը, որը ուղղված է իշխանության մարմնի գործունեության մոնիտորինգին: Հետեւաբար, եթե կազմակերպությունը օտարերկրյա դրամաշնորհով հնարավորություն ունես դիտարկման ենթարկել օրինակ ՌԴ առողջապահության նախարարության գործունեությունը՝ դա արդեն իսկ համարվում է քաղաքական գործունեություն եւ դա, փաստորեն, անթույլատրելի է: Ըստ էության, քաղաքացիական վերահսկողություն, մասնակցություն ասվածը ընդհանրապես օրենսդրորեն արգելված է», պարզաբանեց Սաքունցը: Ղազախստանում էլ, վերջին ընդդիմադիր կուսակցությունը փակվեց, հավելեց՝ Սաքունցը:

ՌԴ-ն ձեւավորում է անվտանգության այնպիսի համակարգ, որը հիմնվում է մարդու իրավունքների եւ ազատություններ սահմանափակման վրա, իսկ այդ սահմանփակումների մասին տարածումը՝ կարող է համարվել եւ համարվում է պետական դավաճանություն, սա կարծես հակասովետական ագիտացիայի հոդվածն է, նշեց Սաքունցը:

«Այս երկրների անվտանգության հիմքում ընկած է մարդու հիմնարար ազատությունների սահմանափակումը», նշեց Սաքունցը՝  գալով արդեն հայաստանյան իրականությանը: «Հայաստանում պահպանվա՞ծ են մարդու իրավունքները․․․ Ո՛չ:  Մարտի 1, տասը մարդու սպանություն, մեղավորները բացահայտված չեն: Մենք կարող ենք մեր կարծիքը արտահայտել նախագահի պաշտոնը զբաղեցնողի մասին, ակցիաների ժամանակ՝ պաստառն են գողանում, չեն դատապարտում ինչպես Ղազախստանում: Այսինքն, մեզ մոտ անցումային շրջան է: Եթե մենք մտնում ենք Մաքսային միության մեջ՝ անցում ենք կատարում դեպի տոտալ վերահսկողության համակարգ, որի հիմքում ընկած է բոլոր ազատությունների սահմանափակումը: Իսկ եթե անցում կատարեինք դեպի ԵՄ Արեւելյան գործընկերության համակարգ՝ գնալու էր այս իրավիճակը փոխելու գործընթացը: Ի՞նչ ընտրություն կատարեց Սերժ Սարգսյանը։ Նա ընտրեց անվտանգության այն համակարգը, որը կապահովի եւ անվտանգ կդարձնի սեփական իշխանությունը… Սերժ Սարգսյանը չէ՞ր գալու ու հրապարակավ հայտարարեր, գիտեք, ժողովուրդ, ես ընտրությունը կատարեցի, քանի որ իմ իշխանությունը պահելու համար միակ անվտանգության համակարգը տեսնում եմ այնտեղ, որտեղ մարդու իրավունքների սահմանափակումն է․․․»,- նկարագրեց Արթուր Սաքունցը` հավելելով, որ մինչ օրս պետական մակարդակով բացատրություն չի տրվում, թե ինչու ենք անդամակցում Մաքսային Միությանը:

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի համոզմամբ էլ՝ իշխանության պահպանումն է ՄՄ-ին անդամակցելու հիմքում, որը նա սպառնալիք է համարում: «Այս քաղաքական համակարգն է Հայաստանի ամենամեծ սպառնալիքը, քաղաքական մի համակարգ, որը ի վիճակի չէ պաշտպանել ՀՀ սահմանադրությունը»,- նկատեց Դ.Շահնազարյանը: Մաքսային Միությանն անդամակցելու խնդիրը շղարշ է, իրականում հիմա տեղի է ունենում Ռուսաստանի կողմից Հայաստանը զավթելու գործընթաց՝ նշեց նա: «Առայժմ չկա այն կենտրոնը, որը կարող է դիմադրել դրան, եւ եթե այս գործընթացը չդադարեց, վստահ եմ, որ հետեւանքները ավելի ծանր են լինելու, քան 2008թ. ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի հետեւանքները»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ ասաց, որ այս քսան տարվա ընթացքում ստեղծվեց այնպիսի հասարակություն, որի հիմքում չվերացավ կցորդի կարգավիճակը, նա հիշեցրեց 1998-ի պալատական հեղաշրջումից հետո ՌԴ նախկին նախագահ Ելցինի խոսքը` «а куда они денутся»…
Մեզ մոտ անկախությունը որպես արժեք համարող ազդեցիկ ուժ գոյություն չունի, եւ այնպիսի տպավորություն էր, որ եթե ԵՄ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանը ստորագրեր` Ռուսաստանի օգնությամբ այստեղ որոշ ուժեր հեղաշրջում կիրականացնեին՝ նկատեց Ավետիք Իշխանյանը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930