Երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ ՀԱԿ-ը դեմ է ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի վերանշանակմանը, եւ որպեսզի չկրկնվի գլխավոր դատախազի ընտրության ժամանակ տեղի ունեցածը, երբ դեմ արտահայտվողներն ավելի շատ էին, քան քվեարկության արդյունքում «դեմ» եղավ, խմբակցությունը որոշել է չմասնակցել քվեարկությանը: Այսօր, սակայն, խմբակցության պատգամավորներ Հրանտ Բագրատյանը եւ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էին քվեարկություններին:
Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ դա պատգամավորների իրավունքն է: Դիտարկմանը`այդ պատգամավորները որեւէ նախատինքի կենթարկվե՞ն` խաղի ընդհանուր կանոններին չենթարկվելու համար, Զուրաբյանը պատասխանեց. «Դա իրենց Սահմանադրական իրավունքն է: Բացի դրանից, ՀԱԿ-ի կանոնադրությունն ամենալիբերալ կանոնադրությունն է: Մենք կարող ենք որոշումներ ընդունել, բայց դրանք չեն կարող պարտադրվել խմբակցության առանձին անդամներին: Դա մենք համարում ենք շատ նորմալ բան»:
Դա չի՞ ենթադրում, որ խմբակցությունում հակասություններ կան, մեր հարցին էլ պատասխանեց. «Դա նշանակում է ընդաենը, որ կա տարբեր մոտեցում` նույն հարցի շուրջ: Մենք՝ որպես խմբակցություն, մեր կանոնադրության համաձայն, ապահովելով նիստի լիազորությունը, քվեարկության համար անհրաժեշտ ձայներով որոշում ընդունել ենք: Դա խմբակցության դիրքորոշումն է, ինչը չի նշանակում, որ խմբակցության առանձին անդամներ չեն կարող ունենալ այլ դիրքորոշում կամ այլ կերպ վարվել, քան խմբակցության որոշումն է»:
Նկատենք, որ այդ որոշումը ՀԱԿ-ը կայացրել է հինգ «կողմ» ձայներով: Նիստին մասնակցել է խմբակցության վեց պատգամավոր: Հրանտ Բագրատյանը նիստին չի եղել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ