Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնագույն մշակույթ ունեցող ազգերի մենաշնորհներից է մեծարել հանճարներին»

Նոյեմբեր 12,2013 14:16

Կամ՝ օպերային արվեստի երախտավոր Ավագ Պետրոսյանի հոբելյանը

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծարման հուշ-երեկո էր՝ հայկական օպերային արվեստի երախտավոր Ավագ Պետրոսյանի ծննդյան 100-ամյակի  առիթով:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ազգային օպերային թատրոնի տնօրեն  Կամո Հովհաննիսյանն այս առիթով «Առավոտին» ասաց, թե հնագույն մշակույթ ունեցող ազգերի մենաշնորհներից է հիշել, մեծարել իր հանճարներին, որոնք մշակույթի դափնեպսակի վրա իրենց չխամրող դրոշմն են թողել: Մեր զրուցակիցը փաստեց, որ ողջ կյանքում շռնդալից հաղթանակները եղել են երգչի ուղեկիցները թե հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս, ուր նրան դիմավորում էին հիացմունքով եւ երախտագիտությամբ:

Պարոն Հովհաննիսյանն ասաց, թե քչերին է հայտնի, որ  սիրված տենորը՝ Արեւմտյան Հայաստանից՝ Ակոռիից ներգաղթած վաճառականի ընտանիքում ծնված մանուկը, 2 տարեկանում որբացել է, իսկ ընտանիքը մատնվել է ծանրագույն վիճակի. «Ծանր ու  դաժան մանկություն է ունեցել: Ապագա երգչի միակ սփոփանքը Էջմիածնում երգող հորից ժառանգած ձայնն էր: Ավագ Պետրոսյանին  բախտը, սակայն,  ժպտում է երիտասարդ տարիքում, երբ նա հանդիպեց իր կյանքում ամենակարեւոր մարդկանց՝ ուսուցիչներին՝ մոսկովյան եւ պետերբուրգյան երաժշտական շրջանակներում ամենահայտնի պրոֆեսորներին՝ Նադեժդա Գարդյանին, ապա, Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանելու շրջանում՝ Քսենյա Դորլիակիին…»: Շարունակելով խոսքը՝ օպերային թատրոնի տնօրենը նշեց, որ  Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին հայ երիտասարդ երգիչը գերել էր բոլորին իր ձայնով: Ընդ որում՝ ապշեցնում էր ոչ միայն ձայնով, այլեւ տեքստի պարզ ու հասկանալի արտաբերմամբ, առոգանությամբ եւ այլն: Ուսանող Ավագ Պետրոսյանը մոսկովյան բեմահարթակներում հանդես էր գալիս ժամանակի մշակույթի այլ ոլորտների ամենահզոր անունների հետ՝ Իվան Կոզլովսկի, Ռուբեն Սիմոնով, Էմիլ Գիլելս, Սուրեն Քոչարյան, Սվյատոսլավ Ռիխտեր, Վահրամ Փափազյան եւ այլն:

Կամո Հովհաննիսյանը նշեց երգչի անկրկնելի ավանդը հատկապես  հայկական օպերաներում տենորի գլխավոր դերերգերը կատարելիս, թվարկելով Սարոն (Ա. Տիգրանյանի «Անուշ»), Սանթուրը (Ա. Տիգրանյանի «Դավիթ- Բեկ»), Տիրիթը (Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ»), Սոսը (Վ. Տիգրանյանի «Սոս եւ Վարդիթեր»), Շեյխը (Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ»), Կարոն (Ա. Բաբայանի «Արծվաբերդ») օպերաներում եւ այլն: Մեր զրուցակցի խոսքերով՝ «Ավագ Պետրոսյանը իր ժամանակին (սկսած 1940-ականների կեսերից) բեմ բարձրացավ հայկական օպերային արվեստի մեր մյուս երեւելիների հետ՝ Տաթեւիկ Սազանդարյան, Գոհար Գասպարյան, Շարա Տալյան, Նար Հովհաննիսյան, Միհրան Երկաթ եւ այլն, էլ չեմ նշում մեր անվանի դիրիժորների անունները… Երգչի ստեղծագործական գործունեությունը չէր սահմանափակվում միայն թատրոնով, նա  մշտապես  հանդես էր գալիս նաեւ կամերային համերգներով՝ պրոպագանդելով նաեւ հայ դասական ու իր ժամանակի կոմպոզիտորների ստեղծագործությունները»: Ասում են՝ երբ օպերային թատրոնում տոնում էին Ավագ Պետրոսյանի ծննդյան 80-ամյակը, այդ օրը երգիչը հանդես է եկել Շեյխի դերերգով՝ Սպենդիարյանի «Ալմաստում» ու, եթե նախապես  հայտարարված չլիներ հոբելյարի տարիքը, դժվար թե նույնիսկ մասնագետները կռահեին դրա մասին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930