Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաքսային միությունը՝ ծխածածկույթ ՌԴ մեծապետական հավակնությունների համար

Նոյեմբեր 12,2013 13:59

«Մաքսային միություն․ Հայաստանի անվտանգության մարտահրավերները» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ, որը կազմակերպել էին «Համաձայնություն» կենտրոնը եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը, «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը

կարծիք հայտնեց, որ ՄՄ մտնելու մասին սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, ներկայումս վտանգված են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունները: Փաստորեն, ըստ քաղաքագետի, գտնվելով խորը համակարգային ճգնաժամի մեջ, ընկղմվելով խորը ներքին հակասությունների, ռասիզմի եւ այլատյացության հորձանուտի մեջ, Ռուսաստանը Հարավային Կովկասում դարձել է աննախադեպ աստիճանի ագրեսիվ, եւ ենթարկելով Հայաստանը, Մոսկվան ստացել է բոլոր հնարավորություններն օգտագործելու Հայաստանին որպես խափանարար գործոն իր տարածաշրջանային քաղաքականության մեջ:
«Սա ուղղակի սպառնալիք է ոչ միայն Հայաստանի պետականությանը, այլեւ տարածաշրջանային կայունությանը եւ խաղաղությանը: Ռուսաստանը Արեւմուտքի հետ իր հարաբերություններում որդեգրել է մի քաղաքական կուրս, որի հիմքում ընկած է կոշտ հակադրությունը բոլոր առումներով. սկսած ռազմավարությունից, վերջացրած արժեքներով եւ կառավարման մոդելներով: Ուստի, Հայաստանը դառնում է այս հակադրության մեջ Ռուսաստանի եւ գործիքը, եւ հենարանը: Հայաստանն իրեն զրկում է երաշխիքից, որ կրկին չի հայտնվի նույն վիճակում, ինչ 1917-18-ին եւ 1990-91-ին: Եվ այս ֆոնին, ինչ վերաբերվում է այսպես կոչված Մաքսային միությանը, ապա դա տնտեսական գաղափար չէ, այլ ծխածածկույթ, որը կոչված է քողարկելու այն ռազմավարությունը, որը կարմիր թելով անցնում է Ռուսաստանի հարաբերություններում Արեւելյան գործընկերության բոլոր երկրների հետ՝ վերականգնել Մոսկվայի գերիշխանությունը նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում, միջոցների մեջ չդնելով որեւէ խտրականություն: Մոսկվան այսօր դարձել է հետխորհրդային տարածքի ժանդարմը, եւ առաջին հերթին՝ Հայաստանում: Այնպես որ, խոսել, թե որ տնտեսական ռեժիմն է ավելի շահեկան՝ Մաքսային միությանը, թե՛ Եվրամիությանը, կամ առավել եւս, առաջ քաշել վերջին ժամանակների հայկական կեղծ երկընտրանքը՝ Եվրամիություն, թե Մաքսային միություն՝ հնարավոր չէ այլ կերպ գնահատել, քան թյուրիմացություն, մանկամտություն, կամ էլ հանրության ուշադրության միտումնավոր շեղում իրականությունից: Ոչ մի բացատրություն չկա, թե ինչո՞ւ պաշտոնական Երեւանը գերադասեց Մաքսային միությունը ԵՄ հետ գրեթե քառամյա, հաջողությամբ ավարտված բանակցային գործընթացից հետո: Տարբեր պաշտոնյաների կողմից հնչեցվող կարծիքները տնտեսական օգուտների մասին կամ մանավանդ անվտանգության ինչ-ինչ նկատառումներ մեջտեղ բերելը պարզապես որեւէ քննության չեն դիմանում: Ակնհայտ է, որ Հայաստանը վատթարացնում է իր տնտեսական հեռանկարները, ակնհայտ է, որ Հայաստանն ինքն իրեն հարվածի տակ է դնում անվտանգության առումով, կանգնելով մեկուսացման վտանգի առաջ:Սեպտեմբերի երեքից հետո մենք տեսնում ենք արդեն պետական-քաղաքական համակարգը նույնիսկ պարզ իրավիճակներում չի կարողանում դրսեւորել ադեկվատ մոտեցում: Սա արդեն քաղաքական համակարգի էրոզիայի նշաններն են, որոնք տրամաբանական շարունակությունն են եւ հետեւանքը պետականության էրոզիայի: Սկսած Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից, երբ իշխանության շահը սկսեց հակասել պետության շահին, Հայաստանը ոչ մի օբյեկտիվ անհրաժեշտություն չուներ Ռուսաստանի ներկայությունը երկրում բարձրացնելու այս աննորմալ աստիճանի: Եվ սեպտեմբերի երեքի «կապիտուլյացիայի ակտին» նախորդում է մի քանի «հանձնման» փուլ, երբ Հայաստանի իշխանությունը կտոր առ կտոր հրամցնում էր ավելի կայսերապաշտ դարձող Ռուսաստանին Հայաստանի ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը: Բազմաթիվ առիթներ եմ ունեցել վերջին տարիներին հրապարակայնորեն հայտարարելու, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, որ Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա չի կարող անպատիժ մնալ Ռուսաստանի կողմից: Միջազգային հանրության այսօրվա հրամայականն է. կանգնեցնե՛լ պուտինյան Ռուսաստանը, քանի դա դեռ հնարավոր է, հնարավոր է առանց պատերազմի: Իսկ մեզ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս՝ տրված էր ընտրություն. մենք պետք է ընտրեինք խայտառակության եւ դիմադրության միջեւ: Մենք ընտրեցինք խայտառակությունը, որպեսզի իբր խուսափենք դիմադրության անհրաժեշտությունից, բայց մենք կանգնեցինք դիմադրության անհրաժեշտության առաջ, սակայն էապես նվազեցնելով մեր հնարավորությունները: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հայ ժողովուրդն՝ ունի՛ անհրաժեշտ ներուժը, ինտելեկտը եւ քաղաքական փորձառությունը, որպեսզի կարողանա վերականգնել իր երկրի ինքնիշխանությունը, ապահովել իրական զարգացումը եւ դուրս բերել երկիրը դեպի Քաղաքակրթություն տանող ճանապարհ», -նշեց Ռուբեն Մեհրաբյանը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Ծխածածկույթ չկա, լավ էլ մեր է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930