Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սեպտեմբերի 3-ով սկսված գործընթացը ձեռք է բերում երկրի օկուպացիայի հատկանիշներ». քաղաքագետ

Նոյեմբեր 12,2013 13:47

«Համաձայնություն» կենտրոնը եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամն այսօր սեմինար-քննարկում էին անցկացնում`«Մաքսային միություն․ Հայաստանի անվտանգության մարտահրավերները» թեմայով, որի հիմնական զեկուցողներն էին` «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ղեկավար Գեւորգ Տեր-Գաբրիելյանը, «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Գեւորգ Տեր-Գաբրիելյանի համար անվտանգությունը մարդն է. «Վտանգավոր է դրսում` դուրս չես գալիս տնից, անվտանգ է սենյակում, անկողնուց դուրս չես գալիս: Սովետական միությունում ինչքան է չարաշահվել անվտանգության հարցը», նշեց նա` «ժողովրդի թշնամի» ձեւակերպումը հիշեցնելով, երբ մարդիկ համարվում էին վտանգավոր:
Հայաստանին անդրադառնալով՝ Գեւորգ Տեր-Գաբրիելյանը երեք ճգնաժամներ առանձնացրեց` համաշխարհային, հետխորհրդային եւ ազգային ճգնաժամեր: Համաշխարհայինը նա դրական ճգնաժամերն է համարում, օրինակ` ինտերնետը, աշխարհում միտում կա, որ մարդկանց մեծ մասը կդառնա միջին խավ: Հետխորհրդային ճգնաժամում բանախոսը մեծ խնդիր համարեց կոռուպցիան: Հետխորհրդային իրադրությունը հանգեցրեց մտքի արժեքների կոռուպցիային: Ազգային-պետական կառուցման ճգնաժամը գտնվում է նախորդ երկու ճգնաժամերի ազդեցության տակ:
Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի երեքին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը, մի քաղաքական կաթված էր, ցնցում, որի, պատկերավոր ասած, հետցնցումները դեռ երկար զգացնել կտան թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական ասպարեզներում: «Դա ուղղակի հարված էր Հայաստանի վարկին, Հայաստանի գործոնին թե՛ տարածաշրջանում, թե՛ տարածաշրջանից դուրս, եւ իհարկե՝ ուղղակի սպառնալիք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բոլոր բաղադրիչներին: Եթե մինչեւ սեպտեմբերի երեքը մենք խոսում էինք Հայաստան-Ռուսաստան ուղղահայաց հարաբերությունների մասին, որպես վասալի եւ սյուզերենի, ապա սեպտեմբերի երեքից հետո, սեպտեմբերի երեքով սկսված գործընթացն արդեն ձեռք է բերում երկրի օկուպացիայի ուղղակի հատկանիշներ: Իսկ երկրի ներսում տեղի է ունենում գործընթաց, որը կարելի է բնորոշել որպես պետականության էրոզիա: Հայաստանը կառավարման բոլոր լծակները եւ քաղաքական որոշումներ ընդունելու լիազորությունները հանձնում է Ռուսաստանին: Երեւանում արդեն ստորագրվել է հուշագիր, որով Հայաստանին արդեն արգելվում է նույնիսկ հայտարարություններ անել, որոնք կհակասեն այսպես կոչված Մաքսային միությանը եւ նրան անդամակցող երկրներին: Ստեղծված պայմաններում Ռուսաստանն ինքը, խախտելով ուժային բալանսը տարածաշրջանում, այժմ այն վերականգնելու անվան տակ ոչ թե զինում է Հայաստանին, այլ Հայաստանում զինվում է, օժտելով իր ռազմակայանին ավելի մեծ ներուժով եւ հնարավորություններով, ստանձնելով առավել հավակնոտ խնդիրներ»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930