Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրած վնասների համար դեռ ոչ մի փոխհատուցում չենք ստացել» (Տեսանյութ)

Նոյեմբեր 12,2013 13:55

Հայաստանի վարչական վերաքննիչ դատարանում ավարտվեց եւս մեկ փախստականի գործ

Արմեն Խաչատուրյանը բողոք էր ներկայացրել վարչական վերաքննիչ դատարանում, ուր վիճարկվում էր նրա՝ փախստականի կարգավիճակը վերականգնելու բողոքը, որը մերժվել էր Հայաստանի վարչական դատարանի կողմից: Արմենի փախստականի կարգավիճակը դադարեցվել է ՀՀ ՏԿՆ ՄՊԾ-ի կողմից: Նա Հայաստան էր բռնագաղթվել 1988 թվականին, հաշվառվել էր որպես փախստական եւ 2003 թվականին առաջին անգամ ստացել էր փախստականի վկայական, որից հետո՝ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Արմենին փախստականի կարգավիճակն անհրաժեշտ է, քանի որ նա դեռ շատ պահանջներ ունի ներկայացնելու Ադրբեջանին, բացի դա՝ նա չի կարող ձեռք բերել քաղաքացիություն այն պարագայում, քանի դեռ նրա կրած վնասները չեն փոխհատուցվել Ադրբեջանի կողմից: Խնդիրն այն է, որ եթե Արմենը ձեռք բերի քաղաքացիություն, ապա նա դադարում է փախստական լինելուց, իսկ այդ պարագայում նրան, գրեթե, անհնարին կլինի ներկայացնել իր կրած կորուստների ցանկը՝ միջազգային հանրությանը: Արմենի ձեռքում դեռ կա փախստականի ճամփորդական անձնագիր, որը նրան տրամադրվել է որպես ժամանակավոր փաստաթուղթ: Այդ փաստաթուղթը կճանաչվի անվավեր, եթե վարչական վերաքննիչ դատարանը նույնպես մերժի Արմենի՝ փախստականի կարգավիճակը վերականգնելու բողոքը: «Առավոտի» այն հարցին, թե՝ ակնկալո՞ւմ է, արդյոք, Արմենն արդարացի որոշում վերաքննիչ դատարանի կողմից, նա պատասխանեց. «Չնայած, որ հույսս կտրել եմ դատարաններում արդարությունը վերականգնելու մտքից, սակայն դեռ մի փոքրիկ տեղ ունեմ հուսալու, թե արդարությունը կհաղթանակի: Այդ կարգավիճակն ինձ միայն ձեւականորեն անհրաժեշտ փաստաթուղթ չէ: Սա շատ լուրջ խնդիր է: Այն պարագայում, երբ Ադրբեջանն ուռճացնում է իրենց մոտ գտնվող փախստականների թիվը, ապա Հայաստանը կրճատում է եւ դրանից տուժում ենք փախստականներս, քանի որ մեր կրած վնասների համար դեռ ոչ մի փոխհատուցում չենք ստացել, իսկ դա այդպես օդի մեջ մնալ չի կարող: Փախստականի փաստաթուղթն անվավեր անելով՝ ես կկորցնեմ մի փաստ, որը գերագույն ապացույցն է իմ փախստական լինելու վերաբերյալ: Դատի պետք է տալ Ադրբեջանին եւ չպետք է լռել, այլ պետք է պահանջները ներկայացնել»:

Արմենի բացասական դիրքորոշումը դատարանների վերաբերյալ իր արդարացման պատճառներն ունի: Նրա՝ փախստականի կարգավիճակը վերականգնելու  հայցը մերժվել է վարչական դատարանում, չնայած՝  Արմենի բոլոր փաստաթղթերը փաստում են նրա փախստական լինելու մասին: Ավելին, Արմենն ութ տարի շարունակ ունեցել է փախստական ճանաչվելու համար բոլոր պատշաճ փաստաթղթերը, իսկ Ադրբեջանից բռնագաղթվելուց հետո՝ օրենքով սահմանված կարգով հաշվառվել է:

Վարչական վերաքննիչ դատարանում բողոքը լսեցին նախագահող դատավոր Արթուր Առաքելյանը եւ դատավորներ Աշոտ Աբովյանը, Գալուստ Ղարիբյանը: Արմենի բողոքը ներկայացնում էր Աստղիկ Ջանիկյանը: Ներկայացուցիչը դատական նիստի ժամանակ ասաց, որ վարչական դատարանը չի գնահատել բերված ապացույցները եւ դա փաստեց նրանով, որ Միգրացիոն ծառայությունն Արմենի՝ փախստականի կարգավիճակը դադարեցնելիս նրան չի հրավիրել վարույթի, ինչպես նաեւ ծանուցումներ չի ուղարկել վարույթի օրվա, տեղի եւ ժամի վերաբերյալ:

Միգրացիոն ծառայությունը ներկա չէր դատական նիստին եւ բողոքին պատասխան էլ չէր ներկայացրել:

Արմենի՝ փախստականի կարգավիճակը վերականգնելու մասով բողոքի վճռի հրապարակման օր է նշանակվել 2013 թվականի նոյեմբերի 14-ը:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930