Այսօր խորհրդարանում Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի քվեարկություն ժամանակ միջադեպ գրանցվեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջեւ: Ֆոտոլրագրողին վիրավորական թվաց այն, որ պատգամավորն իրեն թեթեւակի հրեց, որպեսզի մոտենա քվեախցիկին: Նրանք լեզվակռվի բռնվեցին։ Երկուստեք հնչում էր «իմ հետ դու-ով մի խոսիր» արտահայտությունը, բավականին բարձր տոնայնությամբ։ Մանրամասները` տեսանյութում:
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում, Հրանտ Բագրատյանը պարզաբանեց միջադեպը հետեւյալ կերպ. «Դու-ով ա խոսում, անպատվում ա, տհաճ ա»։
Հարցին, թե ինչու է մասնակցում քվեարկությանը, չէ՞ որ ՀԱԿ-ը հայտարարել է, որ բոյկոտելու է քվեարկությունը, Բագրատյանն ասաց. «Ի՞նչ կապ ունի ինձ հետ ՀԱԿ-ը։ Այս պահին ես որոշել եմ ինքս հանդես գալ այնպես, ինչպես որոշել եմ հանդես գալ։ Ես սովոր չեմ քվեարկությունից հետո ասել, թե ինչպես եմ քվեարկել, դա համարում եմ ոչ ճիշտ։ Նրանք ովքեր գիտեն՝ ոնց եմ քվեարկում, գիտեն՝ ոնց եմ քվեարկել»։
Կարդացեք նաև
Հարցին, թե հույս ունի, որ Իշխան Զաքարյանը, կրկին ընտրվելով Վերահսկիչ պալատի նախագահ, բացահայտումներ կանի, թե՝ ոչ, ասաց. «Ես շատ գիտեմ։ Ինչ-որ մտածում էի, քվեարկեցի»:
Քվեարկությանը մասնակցում էր նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով դեռ երեկ էր հայտարարել ՀԱԿ-ից զատ իր որոշման մասին:
Հիշեցնենք, ՀԱԿ-ը երեկ հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկություններին, իշխանությանը հնարավորություն չտալով ընդդիմության վրա խաղեր խաղալ` նկատի ունենալով այն, ինչը կատարվեց ԱԺ-ում գլխավոր դատախազի ընտրությունների ժամանակ, երբ բոլորը հայտարարեցին, որ դեմ են, բայց արդյունքներն այլ էին: Նիկոլ Փաշինյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը լուսանկարեցին իրենց քվեաթերթիկները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ