Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգսյանը վաճառեց մի համաձայնագիր, որը պետք է օգներ արդիականացնել եւ զարգացնել Հայաստանը

Նոյեմբեր 12,2013 12:18

Մեր զրուցակիցն է Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի (European Policy Center) քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը

– Տիկին Փոլ, Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովին բավականին քիչ ժամանակ է մնացել։ Ի՞նչ է սպասվում Հայաստանին այնտեղ։
– Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, ցավոք, Հայաստանը չի ստորագրի կամ նախաստորագրի ոչ մի համաձայնագիր ԵՄ-ի հետ։ Սակայն, կարծես, ծրագրվում է Հայաստանի հետ ստորագրել
քաղաքական հայտարարություն կամ փոխըմբռնման հուշագիր։ Բայց դա ընդամենը մի փոքր ավելին է, քան խորհրդանշական քայլը, որը Մոսկվային ցույց կտա, որ Հայաստանը շարունակելու է ԵՄ-ի հետ հարաբերությունները, նաև դա կլինի՝ որպես հայ հասարակությանն աջակցություն։ Հուսով եմ, որ ՀՀ նախագահը սա չի օգտագործի՝ իր ժողովրդին ասելու, թե իր վարած «և–և»–ի քաղաքականությունը հաջողությամբ է պսակվել և արդյունքում՝ հավասարակշռված հարաբերություններ է հաստատել Մոսկվայի ու Բրյուսելի հետ։ Սեպտեմբերի 3-ի որոշումից հետո, բնականաբար, այլևս հասկանալի է, որ Մոսկվան Հայաստանի առջև կարմիր գույնով հստակ սահմանագիծ է գծել, և, եթե Երևանն առաջ գնա, հատի այդ սահմանը, ստորագրի Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը, հետզհետե ավելի շատ կկլանվի Ռուսաստանի կողմից։
– Վիլնյուսյան գագաթաժողովից հետո ի՞նչ կփոխվի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում։
– Դեռևս լիովին պարզ չէ, թե ինչ տիպի փաստաթուղթ կստորագրի Հայաստանը ԵՄ-ի հետ, թեև դրա վերջնական արդյունքը համեմատելի չի լինի նրա հետ, ինչը կարող էր լինել, եթե Հայաստանը նախաստորագրեր և հետագայում ստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը (DCFTA): Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերին հայտարարեց, որ չնայած ինքն ուզում է ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակել, բայց դրանք չեն կարող ամփոփվել որևէ փաստաթղթում, որը կվտանգի Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի և վերջինիս գլխավորած Մաքսային միության հետ ՀՀ հարաբերությունները։ Ինչևէ, ԵՄ-ն կշարունակի համագործակցել ՀՀ-ի հետ, քանի որ ցանկանում է աջակցել քաղաքացիական հասարակությանը, և կշարունակի պնդել քաղաքական ու տնտեսական բարեփոխումների հարցում։ Հայաստանը դեռ ցանկանում է ստանալ ԵՄ ֆինանսական աջակցությունը և այլ օգնություն, սակայն դրա համար պետք է մի շարք ոլորտներում համապատասխանի ԵՄ չափանիշներին։ Այսպիսով, ԵՄ-ն դեռ որոշակի լծակներ կունենա Երևանի վրա ազդելու համար:
– ԵՄ ներկայացուցիչները նշում էին ՀՀ-ի հանդեպ վստահության կորստի մասին։ Ըստ Ձեզ՝ այս իրավիճակում ի՞նչ են ակնկալում եվրոպական երկրները Հայաստանից։
– ԵՄ-ն շատ հիասթափված և ցնցված էր Հայաստանի անսպասելի շրջադարձից, առավել ևս՝ Ասոցացման համաձայնագրի, նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի շուրջ ավելի քան 3 տարի շարունակված բանակցություններից հետո։ Ընդ որում, որոշումն ընդունվել է առանց այլ քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության կամ հայ ժողովրդի հետ որևէ տեսակի խորհրդակցության։ Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության հոդված 1-ը և 114-ը նաև թվում է, որ նման անդամակցությունն արգելված է երկրի գլխավոր օրենքով, քանի որ այն լրջորեն սասանում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Փաստորեն, Սարգսյանը վաճառեց մի համաձայնագիր, որը պետք է օգներ արդիականացնել և զարգացնել Հայաստանը թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես, այն փոխարինելով մեկ այլ պայմանագրով, որը Հայաստանին շահավետ ոչինչ չի տա, փոխարենը՝ կմեծացնի Ռուսաստանի արդեն զգալի ազդեցությունը ՀՀ-ում։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930