Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ սպասել Սարգսյան-Ալիեւ հանդիպումից

Նոյեմբեր 12,2013 12:02

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության համաձայն՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնել են նոյեմբերին, շուրջ երկու տարի տևած դադարից հետո, հանդիպել միմյանց հետ։

«Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ հանդիպել 2013 թվականի նոյեմբերին՝ հստակեցնելու իրենց դիրքորոշումները խնդրի կարգավորման շուրջ և քննարկելու առաջ շարժվելու հնարավորությունները»,- հայտարարել են միջնորդները։
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում այս առնչությամբ ասաց, թե հանդիպումը դրական է գնահատում՝ համարելով, որ այն կարող է ԼՂՀ հարցում «թարմացում» մտցնել։ «Փորձ է արվում խնդիրը թարմացնել, կրկին արծարծել, վերաթարմացնել։ Չի բացառվում, որ հանդիպման ժամանակ երկու պետությունների նախագահներն առաջ բերեն նոր մոտեցումներ այս հարցում, առաջ շարժվեն, բայց, որ խնդիրը վերաթարմացնելու կարիք կա՝ միանշանակ է։ Կապրենք՝ կտեսնենք, բայց հույս ունեմ, որ իշխանությունները կանեն այնպիսի քայլ, որը չի զիջի մեր դիրքերը»։ Աղվան Վարդանյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե հնարավո՞ր է՝ որևէ կոմպրոմիսային տարբերակ քննարկվի հանդիպման ժամանակ՝ պատճառաբանելով, որ չգիտի՝ ինչ նոր մոտեցումների մասին կարող են խոսել նախագահները, ինչ առաջարկներ են նրանց արվել միջնորդների կողմից։ Այնուամենայնիվ, ըստ ՀՅԴ-ական պատգամավորի՝ հանդիպումը «վատ բան չէ», միմյանց հետ խոսելն ու քննարկելը միայն դրական է։

Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի դիտարկմամբ՝ դարաբաղյան հարցում ակտիվացում է նկատվում, ինչի մասին վկայում է երկարատև ընդմիջումից հետո եռանախագահների այցը տարածաշրջան. «Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը լուրջ ազդեցություն է ձեռք բերում Ղարաբաղի խնդրի լուծման հարցում, կարող է առաջարկել լուծումներ, որից կողմերին դժվար կլինի խուսափել։ Բայց սրանք ընդամենը ենթադրություններ են. պետք է սպասել»։ Մեր այն հարցին, թե արդյոք քաղաքական դրությունն այդքան նպաստավո՞ր է հանդիպման համար, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, թե համանախագահները, հատկապես՝ Ռուսաստանը, հավանաբար նոր շանս են տեսնում ԼՂՀ կարգավորման հարցում. «Ես ցավով եմ ասում, բայց Սերժ Սարգսյանի ոչ կոմպետենտ քաղաքականության հետևանքով՝ սպառվել են ղարաբաղյան հարցում մանևրելու հնարավորությունները։ Այս պահին փորձում են սրանից օգտվել»։ Ինչ վերաբերում է տեսակետներին, թե ԼՂՀ-ի հարցում Հայաստանը պատրաստվում է զիջումներ անել, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Սերժ Սարգսյանից որևէ բան անակնկալ չէ։ Եթե 3.5 տարի բանակցելուց հետո կարող էին 180 աստիճանով կուրս փոխել, հիմա ոչ մեկը չի կարող բացառել, որ շրջադարձային որևէ բան կարող է նաև Ղարաբաղի հարցում կատարվել»։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ կարծիք հայտնեց, թե հանդիպումից մեծ սպասելիքներ չունի՝ համարելով, որ «արտառոց որևէ բան» տեղի ունենալ չի կարող:

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930