Հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդիրը շարունակում է օրակարգում մնալ, իսկ այս ընթացքում կենացներն, ինչպես հայտնի է, գնալով ավելի են քաղցրացել։
Ուղեւորափոխադրող կազմակերպությունները պահանջատիրոջ դիրքերից սկսել են խոսել ու հայտարարել, որ նույնիսկ 150 դրամ ուղեվարձն է քիչ, ինչը մի անգամ արդեն ամիսներ առաջ սահմանել էր Երեւանի քաղաքապետարանը եւ ինչի մասին որոշումը շատ արագ կասեցվել էր քաղաքացիական ակտիվիստների ճնշումների ազդեցությամբ։
Այժմ ահա, ուղեւորափոխադրողները պնդում են, որ միկրոավտոբուսային երթուղիներում, ըստ իրենց հաշվարկների, ուղեվարձի ինքնարժեքը կազմում է 200 դրամ, ավտոբուսային երթուղիներում՝ 250: Նրանք ասում են, որ 150 դրամից ավելի գումարը թող փոխհատուցի կառավարությունը՝ պետական բյուջեից։ Ու տպավորություն է, որ բնակչության հետ հոգեբանական մի խաղ է սկսվել՝ այնքան խոսել 200 եւ 250 դրամ ուղեվարձի անհրաժեշտության մասին, որպեսզի 150 դրամ սահմանելիս, մարդիկ դա իբրեւ նվեր ընդունեն։ Մյուս կողմից էլ ուղեւորներն են սկսել բողոքել, որ վերջին շրջանում տրանսպորտն էլ ավելի վատ է աշխատում։ Մասնավորապես, ըստ նրանց, նույնիսկ 8 կամ 58 համարի ավտոբուսներն, օրինակ, որոնք որպես կանոն աչքի են ընկել կանոնավոր ու բարեխիղճ աշխատանքով, սկսել են իրենց երկար սպասեցնել՝ երեկոյան ժամերին ընդհուպ մինչեւ 30-40 րոպե, այն դեպքում, երբ դրանք սովորաբար աշխատել են առավելագույնը 10-15 րոպե միջակայքով։
Սա եւս ուղեւորներից շատերը միտումնավոր քաղաքականություն են համարում, այն իմաստով, որ փորձ է արվում ստեղծել, այսպես ասած, տրանսպորտի դեֆիցիտ, որպեսզի ուղեւորներն իրենց մաշկի վրա զգան, թե ինչ կլինի, եթե ուղեւորափոխադրող կազմակերպությունները հայտարարեն, որ 100 դրամ ուղեվարձն անարդյունավետ է եւ իրենք հրաժարվում են սպասարկել։ Այս դեպքում էլ ակնկալվող արդյունքն այն է, որ ուղեւորներն այլեւս չեն ընդվզելու ուղեվարձի թանկացման դեմ, միայն թե տրանսպորտն աշխատի։
Բայց թե ուղևորափոխադրողները, թե՛ վարորդները եւ թե՛ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը չեն ընդունում, որ մայրաքաղաքի հանրային տրանսպորտը վերջին շրջանում սկսել է վատ աշխատել։ «Չկա այդպիսի բան։ Այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում։ Երբեմն ասում են՝ դիտավորյալ են վատ աշխատում, որ թանկացնեն։ Չի կարող լինել նման բան։ Ինչպես կարող է քաղաքապետարանը նման քայլի գնալ, ամեն մի վատ աշխատանքը քաղաքապետարանի վատ աշխատանքն է համարվում եւ ավելի են սկսում քարկոծել»,- երեկ մեր զրույցում ասաց տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև