Դասագրքային ճշմարտություն է՝ օրենքն օբյեկտիվ է, իսկ դրա կիրառումը կոնկրետ դեպքում կոնկրետ մարդու հանդեպ՝ սուբյեկտիվ:
Այսինքն՝ երբ ես խափանման միջոց եմ ընտրում կալանքը, կարող եմ մի կողմից մտածել, որ Վարդան Պետրոսյանը հավաստիացրել է, թե երբեք չի խուսափի պատասխանատվությունից, հայտնի մարդ է, որին բոլորը ճանաչում են, տղա ունի բանակում եւ ուրեմն դժվար թե Հայաստանից փախչի: Բայց մյուս կողմից, աչքիս առջեւ ունեմ մեկ այլ շատ հայտնի մարդու՝ Վանո Սիրադեղյանի օրինակը, թեեւ գիտակցում եմ, որ նրանք, ովքեր չպիտի թույլ տային նրա հեռանալը, այսինքն՝ ոստիկանները, բավական երկար ժամանակ եղել են նրա ենթակաները: Էլ չեմ ուզում ծանրանալ ժողովրդական համոզվածության վրա, ըստ որի, եթե այն ժամանակվա իշխանություններն ԻՐՈՔ չցանկանային, չէր էլ կարողանա հատել սահմանը:
Կարող եմ ենթադրել, որ ազատության մեջ մնալով, դերասանը դժվար թե այլ պատճառով հանդիպի տուժածների ընտանիքի հետ, բացի նրանց ցավակցություն հայտնելու եւ օգնելու մտադրությամբ դրդված: Բայց կարող եմ կասկածել նաեւ, որ նա կարող է սպառնալ կամ կաշառել նրանց, թեեւ տվյալ դեպքում գլխավորն, իհարկե, դատական փորձաքննության արդյունքներն են:
Կարող եմ ընդունել, որ սա պատահար էր, որտեղ միտումնավորության նշույլ անգամ չի կարող լինել: Բայց կարող եմ կանխատեսել նաեւ, որ մի անգամ ավտովթարի մասնակից դարձածը երկրորդ անգամ էլ անպայման կնստի ղեկին ու նույնը կանի, այսինքն, վտանգ է ներկայացնում հասարակության համար:
Կարդացեք նաև
Եվ այլն: Այս հանգամանքները հաշվի առնելու պահանջները Քրեական դատավարության օրենսգրքի «Խափանման միջոց կիրառելու հիմքերը» հոդվածով են պայմանավորված, որում, ի դեպ, ասված է, որ այդ միջոցն ընտրելիս հաշվի է առնվում նաեւ կասկածյալի կամ մեղադրյալի առողջական վիճակը: Այստեղ էլ այլընտրանքային տարբերակներ կան: Կարող եմ փաստել, որ դատարան կանչվածը նոր է վիրահատության ենթարկվել, հազիվ է եկել դատարան, իսկ այնտեղից էլ հեռացել է բժիշկների օգնությամբ՝ պատգարակով: Բայց կարող եմ նաեւ ենթադրել, որ շուտով կապաքինվի եւ ուրեմն հնարավորություն կունենա փախչելու, գործի քննությանը խոչընդոտելու եւ նոր պատահարների առիթ տալու:
Եվ վերջապես, այդ նույն 135-րդ հոդվածում ամրագրված է, որ խափանման միջոցն ընտրելիս հաշվի է առնվում կասկածյալի կամ մեղադրյալի անձը: Արդյո՞ք հենց այստեղ չէ թաղված շան գլուխը:
Էստեղ հանրության տրամաբանությունը հետեւյալն է: Իշխանության ներկայացուցիչը, տվյալ դեպքում երրորդ՝ դատական իշխանության ներկայացուցիչը՝ հաշվի առնելով կասկածյալի կամ մեղադրյալի անձը, այսինքն այն, որ նա հանրությանը հայտնի մարդ է, նախկինում հանցանք չի գործել, պարբերական ստերի մեջ չի բռնվել, մինչեւ այժմ հասարակական վտանգավորություն չի ներկայացրել. այս ամենը հաշվի առնելով, այնուամենայնիվ, իրավունք ունի կասկածներ ունենալու, որ ազատության մեջ գտնվելու դեպքում այդ մարդը վատ բաներ է անելու եւ այդ պատճառով էլ պետք է դատավարությանը սպասի ճաղերի հետեւում: Եթե դա այդպես է, եւ իշխանության ներկայացուցիչն իրավունք ունի կասկածներ ունենալու, ապա ինչո՞ւ ես չեմ կարող կասկածներ ունենալ իշխանությունների վերաբերյալ:
Քանի որ ցանկացած դատավոր, այսինքն՝ իշխանության ներկայացուցիչ, օրենքը կիրառելիս, այնուամենայնիվ, օբյեկտիվորեն չի կարող խուսափել սուբյեկտիվությունից, արդյո՞ք ես էլ չեմ կարող շարադրել իմ սուբյեկտիվ կարծիքն իշխանության մասին:
Կարելի է շատ երկար խոսել, այսպես ասենք, մի փոքր տարօրինակ դատական վճիռների մասին: Օրինակ, ակտիվիստին 6 տարվա ազատազրկման դատապարտելու, Քեմբրիջն ավարտած երիտասարդին եւ նրա ընկերներին խոտի դեզի հետ կապված պատմության առնչությամբ կալանավորելու… Էլ չեմ ասում Մարտի 1-ի դեպքերից հետո կայացրած վճիռների կամ Եվրադատարանում բազմաթիվ որոշումների վերանայման դեպքերի մասին: Հիշում եմ, տարիներ առաջ մի խումբ փաստաբաններ նույնիսկ մտադիր էին կազմել դատավորների կայացրած «ակնհայտորեն տարօրինակ» վճիռների ցուցակ եւ ներկայացնել իշխանություններին: Չգիտեմ՝ արդյո՞ք կենսագործվեց այդ միտքը, թե՞ հասկացան, որ իշխանության ներկայացուցչի որոշումը, որը հանրությանը կարող է տարօրինակ թվալ, բոլորովին էլ այնպես չի ընկալվի իշխանության կողմից, բայց բոլոր դեպքերում՝ խոսքը մասնավոր դեպքերի մասին էր:
Եկեք խոսենք ընդհանրապես իշխանության վերաբերմունքի մասին:
Կա քաղաքացիների մի շերտ, որն ակնհայտորեն հաճելի է իշխանություններին: Այն պարզ պատճառով, որ այդ քաղաքացիները ընտրությունների ժամանակ հաճելի բաներ են անում՝ կամ ընտրում են իշխանություններին, կամ այլ ձեւերով ամեն ինչ անում են, որպեսզի իշխանություններն ընտրվեն: Այդ հաճելիների թվում ամենահաճելին են հաճոյացողները: Որովհետեւ իշխանությունը, որը համեստորեն կարծում է, թե ինքը պարզապես տաղանդավոր է, այդ հաճոյացողների ջանքերով հանկարծ համոզվում է, որ ինքը հանճարեղ է: Ի դեպ, հենց հաճոյացողներն են մեղավոր, որ իշխանությունն այդքան դժվար է հրաժարվում իշխանությունից: Որովհետեւ հանճարեղ լինելուց հետո ամենադժվար բանը ոչ թե նյութական որոշ բարիքներից զրկվելն է, այլ գիտակցելը, որ դու ամենեւին էլ հանճարեղ չես: Ոչ էլ նույնիսկ՝ տաղանդավոր: Իսկ այդ գիտակցումը անխուսափելիորեն գալիս է, երբ հանկարծ անհետանում են հաճոյացողները:
Քաղաքացիների երկրորդ շերտը չեզոք է իշխանությունների նկատմամբ: Նրանք իրատես մարդիկ են, ազնիվ եւ նախաձեռնող, որոնք չեն ցանկանում գործ ունենալ իշխանությունների հետ եւ պարզապես աշխատում են շրջանցել իշխանություններին, ինչպես մեքենայով շրջանցում ես ճանապարհի փոսը կամ քարը: Իշխանություններն էլ աշխատում են չեզոք լինել այդ քաղաքացիների նկատմամբ, իհարկե, մինչեւ այն պահը, երբ վարորդներից մեկի մտքով չի անցնում իջնել մեքենայից ու հեռացնել քարը ճանապարհից:
Այդ պահից քաղաքացին սկսում է դասվել իշխանությունների ամենաչսիրած՝ քննադատողների շարքին: Առանձնապես վտանգավոր են տաղանդավոր քննադատողները: Որովհետեւ նրանց վրա շատ դժվար է փակցնել իշխանության ամենասիրած պիտակները՝ ձգտում է իշխանության, ուղղորդվում է դրսի ուժերի կողմից, ուզում է ապակայունացնել իրադրությունը, անձնական ատելություն է տածում եւ այլ պարզունակ փաստարկներ, որոնք գրեթե ամեն օր լսում ենք իշխանության տարբեր մակարդակի ներկայացուցիչներից:
Եվ հենց այն պատճառով, որ իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ նման քննադատողների դրդապատճառները, նրանք ամենակասկածելին են: Եթե թողնես նրանց ազատության մեջ, անպայման կփախչեն, կխոչընդոտեն գործի քննությանը կամ նոր վատ արարք կգործեն:
Թող դատարանի վճիռը վիճարկվի դատական կարգով: Բայց եթե իշխանության ներկայացուցիչները կասկածելու իրավունք ունեն, համաձայնեք, հանրությունն էլ ունի իշխանությունների հանդեպ շատ որոշակի կասկածների իրավունք:
ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
+100!