Լրահոս
Օրվա լրահոսը

Սատարենք, բայց չափի մեջ

Նոյեմբեր 12,2013 13:15

Մեր շնորհալի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի հետ կապված կա երկու ծայրահեղություն: Առաջինը՝ առանց խորանալու խնդրի մեջ՝ նրան մեղադրելն ու պախարակելն է: Բացի նրանից, որ այդպիսով խախտվում է մարդու անմեղության կանխավարկածը, դա նաեւ կասկածելի է բարոյական տեսանկյունից՝ հաշվի առնելով դերասանի ֆիզիկական եւ հոգեբանական վիճակը: Ոչ ոք իրավունք չունի որեւէ մեկին մեղավոր համարել մինչեւ այն պահը, երբ հրապարակվում է դատավճիռը, որը, նորմալ արդարադատության դեպքում, պետք է տա բոլոր հարցերի պատասխանը: 
Որպես խիղճ եւ պատիվ ունեցող մարդ՝ Վարդանը չի կարող ծանր ապրումներ չունենալ, եւ նրան առանց լուրջ հիմնավորման անազատության մեջ պահելը, իհարկե, խորացնում է այդ ապրումները: Միանում եմ արվեստագետի խափանման միջոցը փոխելու բոլոր միջնորդություններին: Մեր դատարանները պարզապես մոլուցք ունեն բոլոր կասկածյալներին կալանավորելու, ինչը բացատրվում է ե՛ւ «կոռուպցիոն ռիսկերով», ե՛ւ այդ քաղաքացիների վրա ճնշում գործադրելու ձգտումով: Ի՞նչ է՝ մտածում են, որ դերասանը փախչելո՞ւ է Հայաստանից կամ գնալու է դեպքի վայր եւ ապացույցնե՞րն է փոխելու: Դա կատարյալ անհեթեթություն է:
Բայց կա նաեւ մյուս ծայրահեղությունը՝ դերասանին հերոսացնելը, նրան համարյա թե «խղճի կալանավոր» կամ «քաղբանտարկյալ» ներկայացնելը: Ես էլ եմ այդ դերասանի տաղանդի ջերմ երկրպագուն եւ գիտեմ, որ երկրպագուների մեծամասնությանը իմ գրածը դուր չի գա, բայց հիշեցնեմ, որ խոսքը ոչ թե քաղաքական կամ հասարակական գործունեության կամ նույնիսկ ոչ թե «գմփցնելով երթի» մասին է (որտեղ մեծ ցանկության դեպքում կարելի է քաղաքական մոտիվներ գտնել): Խոսքը վթարի մասին է, որին զոհ գնացին երկու պատանիներ, եւ նրանց հարազատներն ավելի ծանր ապրումներ ունեն:
Հրանտ Դինքի հետ համեմատությունը («Մենք բոլորս Վարդան Պետրոսյան ենք») կոռեկտ չէ. ստամբուլահայ մեր գործընկերոջը գնդակահարել է ազգայնական ահաբեկիչը՝ Դինքի հոդվածների եւ համոզմունքների համար: Դա, այնուամենայնիվ, ճանապարհատրանսպորտային պատահարի հետ չես համեմատի: Որ մեր քննիչներն ու դատավորները կարող են կոռումպացված եւ ոչ պրոֆեսիոնալ դրսեւորումներ ունենալ՝ դա փաստ է, բայց չեմ կարծում, որ նրանք այստեղ ինչ-որ «քաղաքական հաշվեհարդարի» պատվեր ունեն:
Պոպուլիստն, իհարկե, կհարցնի. «Իսկ եթե նման վիճակում հայտնվեր որեւէ իշխանավորի կամ օլիգարխի որդի, նրանց կալանավորելո՞ւ էին»: Ուղիղ հարցին ուղիղ պատասխան՝ ոչ միայն չէին կալանավորելու, այլեւ ազատելու էին որեւէ պատասխանատվությունից՝ նախադեպերը բազմաթիվ են: Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Վարդան Պետրոսյանի նման նորմալ մարդիկ չպիտի պատասխան տան օրենքի առաջ, եթե մեղավոր են:
Իհարկե, սատարենք մեր սիրելի դերասանին: Բայց՝ առանց չափազանցությունների մեջ ընկնելու, որոնք կարող են միայն բարդացնել Վարդանի վիճակը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Garry says:

    Լիովին համակարծիք եմ… թեև կարծում եմ, որ կարելի էր առանց կալանավորելու դատարան գնալ, ամեն դեպքում երիտասարդներին մահ պատճառելու դիտավորություն չի ունեցել: Արդեն նախագահի նստավայրից էլ են ինչ որ հուշումներ անում:

  2. zonaLiberty says:

    Պարոն Աբրահամյան բա իմացաք?? Իշխան Զաքարյանը նորից ընտրվեց ՎՊՆ .Իսկ դուք ասում եք պետք չեր վարդանին կալանավորել???

  3. Հրանտ Պապիկյան says:

    Ես նույնիսկ կարծում եմ, որ եթե այդ “մոլի սատարումները” չլինեին, հնարավոր է ամեն ինչ ավելի բանական ընթացք ունենար: Պատկերացրեք երկու ջահել տղա կորցրած ընտանիքի վիճակը, երբ ամենուր կարդում են` սատարում ենք Վարդանին…
    :Հնարավոր է ձերբակալումը ինչ որ կերպ հավասարակշռելու, կրքերը հանդարտացնելու, միգուցե և վենդետա կանխելու միտում է ունեցել`այդպիսի հայտարարություն էլ է եղել…

  4. Maxim says:

    Եթե Վարդանը՝ շատերի նման ընտրություններ կոչվող խեղկատակության ժամանակ լիներ գլխավոր
    հանցագործի կողքին և տաշի տուշի աներ, իհարկե ընթացքը այլ կլիներ և մեղադրանքը՝ նույնպես:
    Իսկ պարոն Աբրահամյանի հետ իհարկե համամիտ եմ: Իմ կարծիքով նրան իրոք օգնելու համար,
    հարկավոր է բոլոր մարդկային մոտեցումներով հնարավորություն գտնել տուժածներին չբողոքել, որը
    հասկանալի է, որ անհնարինի չափ դժվար կլինի:

  5. harut says:

    Նկատի առած որ ՎՊ հանրային անձնաւորութիւն մըն է որ երբեք չէ ծածկած իր դիրքորոշումը,
    իշխանութիւնները պէտք էին աւելի մարդկային վերաբերում ցոյց տալ իրեն հանդէպ այս ակամայ
    դժբախտութեան առիթով ,ոչ մի կերպ չի արդարանար այս անվայել ” կատաղի վրէժխնդրութիւնը ”
    հանդէպ անձի մը որ եղած է միշտ ազնիւ ամէնուն հետ։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930