ՀՀ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով, առանց ապացույցների բավարար համակցության, Գուրգեն Գասպարյանին 2012 թվականի մայիսի 19-ին անհիմն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով. նա մեղադրվել է այն բանում, թե իբր 2009 թվականի նոյեմբերի 3-ին Մանուկ Մանուկյանի, Արսեն Գրիգորյանի, Ռոմեն Բարսեղյանի և Անուշավան Սահակյանի հետ նախնական համաձայնությամբ կատարել է ավազակային հարձակում: Քրեական գործը 2012 թվականի օգոստոսի 28-ին Արմավիրի մարզի դատախազության կողմից մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Ինչպես մեր զրույցի ժամանակ տեղեկացրեց ամբաստանյալ Գուրգեն Գասպարյանի պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանը, դատարանը` դատավոր Վ.Խալաթյանի նախագահությամբ, պետք է քններ քրեական գործը և պարզեր` կատարե՞լ է արդյոք Գուրգեն Գասպարյանն իրեն մեղսագրվող հանցագործությունը, թե` ոչ, սակայն. «Բնականաբար, այդ դատաքննությունը ձևական բնույթ էր կրելու, քանի որ դեռևս 2011 թ., երբ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նույն դատավոր Վ.Խալաթյանի նախագահությամբ քննել էր Ռոմեն Բարսեղյանի և Արսեն Գրիգորյանի վերաբերյալ առանձնացված գործը, նույն թվականի ապրիլի 18-ի դատավճռով ոչ միայն Ռոմեն Բարսեղյանին և Արսեն Գրիգորյանին էր մեղավոր ճանաչել այդ ավազակային հարձակումը կատարելու համար, այլև, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի էական և կոպիտ խախտումներով, ըստ էության, «հեռակա կարգով» Գուրգեն Գասպարյանին նույնպես մեղավոր էր ճանաչել այդ հանցագործության կատարման մեջ և դեռևս 2011 թ. արդեն հաստատված էր համարել 2012 թվականի մայիսի 19-ին նրան առաջադրված մեղադրանքը` դատավճռում հաստատված հանգամանքների շարքում նշելով, որ Ռոմեն Բարսեղյանը և Արսեն Գրիգորյանն այդ ավազակային հարձակումը կատարել են հենց Գուրգեն Գասպարյանի հետ միասին»:
Ըստ պաշտպանի՝ կատարվածը դատարանի կողմից անմեղության կանխավարկածի սկզբունքի կոպտագույն խախտում է: Պաշտպանը հղում է անում ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածին, համաձայն որի՝ «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
Մեզ հետ զրույցի ժամանակ Երեմ Սարգսյանը նաեւ հայտնեց, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանն անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում է համարում այն իրավիճակը, երբ մեղադրյալը դեռևս օրենքին համապատասխան մեղավոր չի ճանաչվել, սակայն նրա վերաբերյալ ընդունված դատական որոշումից կարելի է կարծիք կազմել, թե նա մեղավոր է:
Կարդացեք նաև
«Քանի որ դատարանը համարվում է գործն ըստ էության լուծող անկողմնակալ մարմին, ուստիև մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացման պահը, դատարանն իր գործողություններով, այդ թվում` որոշումներով որևէ կերպ չպետք է սուբյեկտիվ դիրքորոշում հայտնի ամբաստանյալին ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածության կամ անհիմն լինելու մասին: Գուրգեն Գասպարյանի դեպքում դատարանը հենց Արսեն Գրիգորյանի և Ռոմեն Բարսեղյանի վերաբերյալ դատավճռով էր հաստատված համարել Գուրգեն Գասպարյանին առաջադրված մեղադրանքը: Այսքանից հետո դատավոր Վ.Խալաթյանը, բնականաբար, չէր կարող արդար դատաքննություն իրականացնել և վերջում էլ օբյեկտիվ գնահատել ապացույցները»,-հավելում է պաշտպան Սարգսյանը:
Ի դեպ, 2013թ. օգոստոսի 22-ին դատարանը Գուրգեն Գասպարյանին մեղավոր է ճանաչել ավազակային հարձակում կատարելու մեջ և դատապարտել է նրան 10 տարի ժամկետով ազատազրկման:
Դատարանի դատավճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան, հետևաբար, դատավճիռն օրինական ուժի մեջ դեռևս չի մտել: Պաշտպանն ասում է, որ դատախազությունն է ձեռնամուխ եղել խախտել Գուրգեն Գասպարյանի անմեղության կանխավարկածը: «Հասկանալով, որ Գուրգեն Գասպարյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է եղել, և դատարանն էլ նրան առանց հիմնավոր ապացույցների է դատապարտել 10 տարի ժամկետով ազատազրկման, գիտակցելով, որ ՀՀ վերաքննիչ դատարանը կարող է արդար որոշում կայացնել ու հաստատել Գուրգեն Գասպարյանի անմեղությունը, հետևաբար նաև` առաջադրված անհիմն մեղադրանքը, դատախազությունը, վերաքննիչ դատարանի վրա ճնշումներ գործադրելու նպատակով, շատ արագ ձեռնամուխ է եղել նշված դեպքի վերաբերյալ տեսանյութ պատրաստելուն, որը ցուցադրվել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ և տեղադրվել է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայք-էջում»,-տեղեկացնում է Ե.Սարգսյանը:
Տեսանյութում մեղադրող դատախազը Գուրգեն Գասպարյանի անմեղության կանխավարկածը խախտող բազմաթիվ հայտարարություններ է արել, հաստատված փաստ է ներկայացրել այն, որ Գուրգեն Գասպարյանը կատարել է այդ հանցագործությունը, ներկայացրել է, թե ավազակային հարձակման կազմակերպիչը հենց Գուրգեն Գասպարյանն է եղել, չնայած, ըստ պաշտպանի, նույնիսկ դատավճռում նման հանգամանք չի եղել. «Այս եղանակով դատախազությունը ՀՀ վերաքննիչ դատարանի ուղղակիորեն ասում է` տե’ս հա, հանկարծ արդար որոշում չկայացնես, մեր հեղինակությունը չգցես, արդեն ասել ենք, որ գործը բացահայտված է, և կազմակերպիչն էլ Գուրգեն Գասպարյանն է»: Սա այն դեպքում, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, եւ հետեւաբար, մինչ մտնելն իրավունք չունեին այդպիսի հայտարարություններ անել և տեսանյութը տեղադրել ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայք-էջում:
Պաշտպանը հիշեցրեց նաեւ, որ ՀՀ գլխավոր դատախազի դեռևս 2012 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանով հաստատվել են քրեական գործերով տեղեկություն տրամադրելու կանոնները, որի 11-րդ կետում նշված է. «Անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ հարգանքը արդար դատավարության իրավունքի անքակտելի մասն է: Ընթացքի մեջ գտնվող քրեական գործերի վերաբերյալ կարծիքներ ու տեղեկություն ԶԼՄ-ներին կարող է տրամադրվել կամ հաղորդվել միայն այն դեպքում և այն ծավալով, եթե դա չի վտանգում կասկածյալի կամ մեղադրյալի անմեղության կանխավարկածը: Եթե, այդուհանդերձ, դատախազությունը մինչդատական վարույթի փուլում որոշել է տեղեկություն տրամադրել սեփական նախաձեռնությամբ կամ ԶԼՄ-ներից ստացված հարցումների հիման վրա, ապա, միաժամանակ, պետք է խուսափի կասկածյալին կամ մեղադրյալին ձեռնաշղթաներով ցուցադրելուց կամ որպես հանցագործ ներկայացնելու ցանկացած այլ եղանակից»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ