Հայաստանի իրավապահ և քննչական մարմիններին թերևս դուր եկավ ու նույնիսկ հիացրեց «վերադաս» Ռուսաստանի համապատասխան մարմինների վերաբերմունքը ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ: Վերջինս այս տարվա ամռանը Ռուսաստանում սարսափելի դժբախտության մեջ էր հայտնվել ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ, երբ սեփական կյանքի գնով փորձելով խույս տալ մարդատար ավտոբուսից՝ իր բեռնատար ավտոմեքենայով, այնուամենայնիվ, բախվել էր ավտոբուսին, ինչը մարդկային կորուստների պատճառ էր դարձել: Հիվանդանոցում դեռևս շոկային վիճակում գտնվող Հարությունյանին քննչական մարմինները բռնի ուժով կանացի խալաթ էին հագցրել և ստիպողաբար տարել էին դատական դահլիճ: Ողջ հայությունը ցնցված էր: Սարսափելի իրողության առնչությամբ հետևեց նաև մեր նախաձեռնության հայտարարությունը:
Այժմ, սակայն, նույն գործելակերպը սրբորեն կիրառվում է ՀՀ քննչական և իրավապահ մարմինների կողմից, սակայն այս պարագայում ոչ թե շարքային քաղաքացու, այլ հայ մեծանուն արվեստագետ, տաղանդավոր դերասան և մտավորական Վարդան Պետրոսյանի նկատմամբ, ով սույն թվականի դեկտեմբերի 20-ին հայտնվեց նմանատիպ դժբախտության մեջ, որը, ցավոք, ավարտվեց երկու երիտասարդների մահվան ելքով:
Դեռևս վերակենդանացման բաժնում ծանր վիճակում գտնվող արվեստագետի հանդեպ սկսվեց կազմակերպված դավերի նյութումը և բռնաճնշումների իրականացումը հենց այն մարմինների կողմից, որոնք սերտել էին Ռուսաստանում հայ քաղաքացու նկատմամբ բռնաճնշումների և ծաղրուծանակի մեխանիզմները իրենց հարգելի կոլեգիաներից:
Բնական է, որ դժբախտ պատահարը իշխանությունների համար առիթ է ծառայել ևս մեկ ճշմարտախոս մտավորականի շարքից հանելու, ստորացնելու և առհավետ լռեցնելու համար: Այդ պատճառով էլ ականատես ենք լինում Վարդան Պետրոսյանի դեմ աշխատող քննչական ոհմակի կողմից իրականացվող կասկածելի քայլերի, կազմակերպված գաղտնալսումների, տարաբնույթ իրավախախտումների և դատական օրենսգրքի բազմաթիվ հոդվածների անտեսման դեպքերի:
Կարդացեք նաև
Այս համատեքստում կարծես արդեն բնական են թվում այն զարհուրելի իրողությունները, որ ինչ-որ մի քննիչ, իր չափերը չճանաչելով, իրեն իրավունք է վերապահում ծաղրել և անվանարկել հռչակավոր դերասանին, իսկ դատարանը իրավական դաշտի հետ քիչ առնչություն ունեցող և անտրամաբանական որոշումներ է կայացնում: Կարելի է եզրակացնել, որ եթե Վարդան Պետրոսյանին նույն դժբախտությունը պատահեր արտերկրում, ապա ՀՀ պետական համակարգի բազմաթիվ օղակներ բոլորովին այլ կերպ կարձագանքեին, քան այժմ:
Խորապես ցավակցելով զոհվածների հարազատներին՝ միաժամանակ պահանջում ենք պատշաճ ՄԱՐԴԿԱՅԻՆ պայմաններ ապահովել արդարադատության իրականացման համար՝ հաշվի առնելով այն բացահայտ հանգամանքը, որ Վարդան Պետրոսյանը չի խուսափում պատասխանատվությունից:
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն