«Դուք ոնց որ թե հպարտանում եք, որ ձեզ նկարահանել են»,- ասաց Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական քաղաքական հարցերով բաժանմունքի ԶԼՄ-ների եւ տեղեկատվական կառույցների հարցերով բաժնի ղեկավար Վուգար Ալիեւը: Հեգնական դիտարկումն ուղղված էր «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովային, որի վերաբերյալ ժամանակին սեռական բնույթի տեսահոլովակ էր հրապարակվել: «Դուք պիտի ամաչեք նման խոսքերի համար»,- հակադարձեց Խադիջա Իսմայիլովան:
Այս երկխոսությունը տեղի ունեցավ այսօր Թբիլիսիում իր աշխատանքները սկսած ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի նախաձեռնած 10-րդ հարավկովկասյան համաժողովի ընթացքում:
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով 2004-2010թթ, ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին նախապես նշել էր, թե կառավարությունները միշտ սիրում են հաջողության պատմությունները ներկայացնել, իսկ քաղաքացիական հասարակությունները՝ խոսել խնդիրների մասին: Եվ մոտավորապես այդ կերպ էլ կառուցված էին Հարավային Կովկասի երկրների իշխանության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ելույթները:
Սակայն Վուգար Ալիեւի ելույթը, թե Ադրբեջանը ստեղծել է հնարավոր բոլոր պայմանները արտահայտման եւ տեղեկատվության ազատության համար՝ կտրուկ ընդդիմախոսության արժանացավ հենց ադրբեջանցի այլ պատվիրակների կողմից:
Կարդացեք նաև
Ասենք, «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն եւ contact.az-ի հիմնադիր Մեհման Ալիեւը թվարկեց փաստեր, թե ինչպես է սահմանափակվում ընդդիմադիր «Ազադլիգ» եւ «Ենի մուսավաթ» թերթերի տարածումը:
Ռեպորտյորների ազատության եւ անվտանգության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովը հայտարարեց, թե այո, Ադրբեջանն առաջինն է Հարավային Կովկասում, որ հեռարձակման արբանյակ ունի, սակայն նաեւ առաջինն է, որ սկսել է արգելափակել արբանյակային ընդդիմադիր ալիքը. «Մենք տիեզերական ծովահենությամբ ենք զբաղվում»:
Իսկ Խադիջա Իսմայիլովան էլ հայտարարեց, թե երեւի արժանապատվություն ունեն միայն պաշտոնյաները՝ մինչդեռ ինքը չի կարողանում հասնել արդարադատության, թեեւ իրեն հրապարակավ «պոռնիկ» են անվանում, հղում անում անվտանգության ծառայության նկարահանած հոլովակին: «Ինչո՞ւ է այս ամենը կատարվում, եւ ինչո՞ւ եք ասում, թե բոլոր պայմանները ստեղծված են»,- լրագրողի այս հարցն էլ արժանացավ Վուգար Ալիեւի հակադարձմանը, թե Ադրբեջանում նպատակաուղղված քաղաքականություն չկա խոսքի ազատությունը սահմանափակելու, իսկ Խադիջան էլ կարծես թե հպարտանում է, որ իրեն նկարահանել են: Քիչ անց սակայն նաեւ ասաց, որ ինքն էլ է դատապարտում այդ հոլովակը նկարահանողներին. «Անիծում եմ այդ մարդկանց այնպես, ինչպես եւ դուք եք անիծում»:
Նշենք, որ բանավեճը թերեւս շարունակվեր, սակայն այն ընդհատվեց ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյաթովիչի միջամտությամբ, որն Ադրբեջանի պատվիրակներին դիտողություն արեց, թե համաժողովը միայն իրենց չի նվիրված, իսկ իրենք էլ այստեղ դատավորներ չեն, թեեւ արծարծված հարցերը մշտապես իր ուշադրության կենտրոնում են:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Թբիլիսի