Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Եթե մարդը կերել է բյուջեի փողերը, պետք է պատժվի»

Նոյեմբեր 11,2013 15:32

«Վերահսկիչ պալատն անցած գործունեության ժամանակ բավականին դրական բաներ արեց՝ հանրությանը ներկայացնելով բյուջեի խախտումները, յուրացումները: Բայց արդյունավետության և օգտակար գործողության գործակցի վերջնական գնահատման առումով վիճակն ամենևին բարվոք չէ: Գիտակցելով հանդերձ, որ դուք չեք կարող ձեր հայտնաբերած խախտումների համար մարդկանց պատժել, այնուամենայնիվ, ես այս խնդիրը համարում եմ համակարգային: Խնդրում եմ ասել՝ որքա՞ն է ձեր խախտումների արդյունքում պատասխանտվության ենթակված մարդկանց թիվը: Ի՞նչ իմաստ ունեն ձեր բացահայտումները, եթե մարդիկ չեն պատժվում»,- այսօր խորհրդարանում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին հարցրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում էր նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը`Իշխան Զաքարյանին ՎՊ նախագահի պաշտոնում կրկին նշանակելու մասին: 

Իշխան Զաքարյանը նշեց, որ վերջնական արդյունքի հետ կապված հարցերն իրենց ֆունկցիաներից դուրս են. «Ընդհանուր արդյունավետությունը միայն այդ գործիքով դիտելը, չեմ կարծում, որ ճիշտ է»: Ասաց, որ կարող է լինել պատիժ, կարող է չլինել, հնարավոր է մի դեպքում խախտումները վերացվեն, բայց ընդհանուր առմամբ արդյունավետությանը՝ կոնկրետ ծրագրերի հետ կապված, գնահատականներ չեն կարող տալ. «Գուցե խնդիր կա, որ հասցեականությունը մինչև վերջ չենք տարել: Գուցե նաև փորձենք հստակ մատնանշել այն շրջանակը, որտեղ վերահսկողության առումով խնդիր կա, բայց. ընդհանուր առմամբ, դա մեր ֆունկցիայից դուրս է»:
Արամ Մանուկյանը նշեց, որ կա հստակ ձևավորված կարծիք՝ ՎՊ բացահայտումները կոնկրետ քաղաքական նպատակ ունեն՝ ոմանց ճնշելու համար. «Դուք պետք է հստակ հերքեք սա: Եթե մարդը կերել է բյուջեի փողերը, պետք է պատժվի, մեզ փորձեք համոզել սրանում»:
Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականին, Իշխան Զաքարյանը նշեց, որ երբեք այդ գնահատականների շրջանակ չի մտնելու. «Կան դեպքեր, դրանք միշտ հրապարակային են, ես կարծում եմ, որ լինում են պատժիչ դեպքեր, հասարակությունն էլ իմանում է, թե որ դեպքով ինչ պատիժներ են և ովքեր են այդ պատիժը կրում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930