Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մութաֆյան. «Որեւէ մեկը չի վիճարկում, թե դերասանը կատարվածի առիթով պատիժ կրի կամ չկրի, խնդիրը այլ է…»

Նոյեմբեր 11,2013 14:17

Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել էր 2 երիտասարդ եւ տարբեր մարմնական վնասվածքներ ստացել 5-ը, այդ թվում՝ նաեւ դերասան Վարդան Պետրոսյանը: Facebook-ում անմիջապես հայտնվեցին գրառումներ, որոնց հեղինակները կոչ էին անում սատարել դերասանին: Օրինակ, թատերագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԹԳՄ վարչության քարտուղար Լեւոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում խնդրում էր բոլորին, սգալով երիտասարդների մահը, ցավ ապրելով այդ ողբերգության համար, միաժամանակ սատար կանգնել Վարդան Պետրոսյանին, կոչ հնչեցնել, որպեսզի նրա նկատմամբ որպես խափանման միջոց չկիրառվի կալանավորում: «Եթե իշխանական բանկետների ու ընտրարշավների երգիչ ու մեյմուն լիներ՝ կփայփայեին նրան, եթե Լիսկայի մարդասպան տղան լիներ՝ նրա համար հատուկ հոդված կհորինեին, որպեսզի երբեք բանտային փոշին չնստեր նրա վրա… Իսկ ազգային արժեք հանդիսացող դերասանին կալանավորում են…»,- գրում է թատերագետը:
Լեւոն Մութաֆյանը ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի՝ սկսեց ստորագրահավաք, պահանջելով սատար կանգնել դերասանին:
Aravot.am-ը կապվեց Լեւոն Մութաֆյանի հետ՝ նրանից ակնկալելով ընդամենը մեկ հարցի պատասխան՝ դատելով ողբերգական վթարի առիթով ձեր ֆեյսբուքյան գրառումներից, դուք՝ ունենալով վերը նշված օրինակները, ցանկանում եք, որ դարձյա՞լ օրենք խախտվի: Պարոն Մութաֆյանը նախ պատասխանեց, որ ի պաշտպանություն դերասանի՝ հավաքվել է շուրջ 9000 ստորագրություն, հետո էլ մանրամասնեց. «Որեւէ մեկը չի վիճարկում, թե դերասանը կատարվածի առիթով պատիժ կրի կամ չկրի, խնդիրը հետեւյալն է՝ նախ, փորձագիտական եզրակացության արդյունքներով հիմնավորված չէ սիրելի դերասանի մեղքը: Կան բազմաթիվ չուսումնասիրված պահեր: Քննիչն էլ հրաժարվել է 5 կարեւոր հիմնավորումներից, որոնք անհրաժեշտ են կալանքի որոշում ընդունելիս: Նախ՝ Վարդան Պետրոսյանը չի խոչընդոտել նախաքննությանը, չի հրաժարվել մասնակցել քննչական գործողությունների, չի պատրաստվում լքել երկիրը, հակառակը՝ պատրաստ է ներկայացնել պահանջվող փաստաթղթերը (անձնագիր եւ այլն) եւ պատրաստ է կրել պատասխանատվություն, եթե, իհարկե, ապացուցվի իր մեղքը»:
Լեւոն Մութաֆյանն ավելորդ չհամարեց նշել, որ Վարդան Պետրոսյանի հայրը՝ Եղիշե Պետրոսյանը, ազնվական մարդ էր, գրող, թատերագիր: Մեր զրուցակիցը հիշեց. «Մի անգամ գրախոսել էի նրա «Չարենց» պիեսը: Մի թեթեւ ժպտաց, շնորհակալություն հայտնեց, այդուհանդերձ, մի տեսակ տխրություն նկատեցի… Տխրության պատճառը հետո իմացա. նրա ընտանիքը վերապրել էր ցեղասպանությունը, ինքը էլ ստալինյան բռնություններ էր տեսել»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930