Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյանը դե՞մ էր, թե՞ դեմ չէր (Տեսանյութ)

Նոյեմբեր 11,2013 14:28

Հայտնի «գենդերային օրենքում»`տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում էր «գենդեր» բառը փոխարինել «սեռ» բառով, մեծ օրակարգում ընդգրկել-չընդգրկելու մասին հարցն այսօր էլ խորհրդարանում լեզվակռվի առարկա դարձավ:

Հիշեցնենք, նախորդ գումարման խորհրդարանից ժառանգություն ստացած այս օրենքը գարնանն ընդունվեց, սակայն ընդունումից ի վեր սկսվել են այն փոփոխությունների ենթարկելու տարբեր նախագծեր:  Օրենքի ընդունումից հետո թեժ եւ դեմ քննարկումներ սկսվեցին դրա շուրջ, որոնցում ներգրավվեց նույնիսկ եկեղեցին:

Բանն այն է, որ այս օրենքին դեմ արտահայտվողները պնդում են, որ սա սեռական փոքրամասնությունների հավասարության մասին նախագիծ է, ոչ թե կանանց եւ տղամարդկանց: Անգամ տարբեր թվեր հրապարակվեցին այն մասին, թե որքան գումար է ստացել ՀՀ կառավարությունն այս օրենքը ընդունելու համար: Ի դեպ, մի առիթով, որոշակի շրջանակում նույնիսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անուղղակի հաստատել էր, որ կառավարությունը մեծ դրամաշնորհ է ստացել այս օրենքի համար: Ընդդիմախոսների հետ հանդիպման ժամանակ պարոն Աբրահամյանն արդարացել էր, թե ինչո՞ւ է պատգամավորների, հիմնականում քաղաքական մեծամասնության մոտ շփոթություն առաջացել`ասելով, որ վարչապետը զանգահարել իրեն եւ ասել է, որ այդ օրենքն ընդունելու դեպքում մեր երկիրը մեծ գումար է ստանալու եվրոպական կառույցներից:

Բազմաթիվ վեճերից հետո, կառավարությունը պատրաստակամություն հայտնեց փոփոխություններ մտցնել այս օրենքում`«գենդեր» հասկացությունը հանելով: Նախագծի փոփոխությունների փոխհամաձայնության արդյունքում այսօր խորհրդարանում ելույթով հանդես եկավ փոփոխության համահեղինակ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը. «Բոլորիդ է հայտնի, որ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար պարտականությունների մասին օրենքը հանրության կողմից թյուր ըմբռման տեղիք է տվել, եւ այդ օրենքի հիմնական նպատակը այն է, որ ծառայի նրան,  որ կանանց եւ տղամարդկանց իրավունքները հավասար դաշտ բերվեն: Օրենքում տեղ գտած գենդեր արտահայտությունը հանրության կողմից թյուրըմբռման տեղիք է տվել, եւ մենք առաջարկել ենք օրենքից ամբղջությամբ հանել գենդեր բառը եւ դրա փոխարեն օգտագործել սեռ, կամ այլ բառ, որը ընդունելի կլինի պատգամավորների եւ հասարակության եւ այլոց կողմից: Մեր առաջարկությանը փաստորեն ե՛ւ կառավարությունը, ե՛ւ հանձնաժողովը դեմ է քվեարկել»:

Տիկին Բիշարյանի խոսքը, սակայն, կիսատ մնաց, դահլիճում աղմուկ բարձրացավ: Միջամտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով հորդորեց նիստերի դահլիճում պահպանել լռություն եւ հնարավորություն տալ Հեղինե Բիշարյանին ավարտել խոսքը: Վարման կարգով խոսքի իրավունք ստանալով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը եւ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը եւս առաջարկել են նույնանուն նախագծում փոփոխություն կատարել` «գենդեր» բառը փոխարինել «կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին» տերմինով. «Մեր առաջարկությունը բնականաբար այս կառավարությունը չի ընդունել, հետեւաբար ԲՀԿ-ն ձեռնպահ կքվեարկի»:

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ այս առիթով ասաց. «Մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում երեք- չորս ժամ տեւողությամբ: Տիկին Բիշարյանն էլ համաձայնեց հանձնաժողովի ընթացքում, որ մենք դեմ քվեարկենք՝ հաշվի առնելով առկա տարաձայնությունները: Մոտակա ժամանակներում վստահ եմ, որ կգտնենք կոմպրոմիսներ»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւս նշեց, որ անհրաժեշտ է փոխել «գենդեր» բառը եւ նախագիծը մտցնել քառօրյայի օրակարգ եւ քննարկել: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն էլ հայտարարեց, որ ընդհանրապես պետք չէր այս նախագիծը մտցնել խորհրդարան: Արտահերթ ելույթ ունեցավ նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը` նշելով, որ հանձնաժողովի քննարկումների ժամանակ Հեղինե Բիշարյանը առաջարկել է «դեմ» քվեարկել իր իսկ նախագծին, որով «գենդեր» բառը պիտի փոխվեր «սեռ» բառի: Նա նաեւ ասաց, որ կառավարության հետ համատեղ հանձնաժողով է ստեղծվել, որն աշխատելու է այս նախագծի վրա:

«Պարոն Արզումանյան, ես ուզում եմ նաեւ ձեզ ասել, հարգելի գործընկերներ, դուք տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եք, հանձնաժողովում նստած էիք, կային տարբեր լրատվամիջոցներ, ես ասել եմ, որ քվեարկեք ձեր խղճի կամոք, հետո կառավարությունը չի հանել այդ դրույթը: Եթե Հեղինե Բիշարյանի խոսքը այդքան կարեւոր էր ձեզ համար՝ կողմ քվեարկեիք, այս ինչ բան է: Դուք ձեր կարծիքն ասեք»: Դահլիճում կրքերը կրկին թեժացան, Էդուարդ Շարմազանովը կրկին հանգստության կոչ արեց:

Ալեքսանդր Արզումանյանը կրկին խոսեց. «Ես զարմացած եմ տիկին Բիշարյանի վրա, հանձնաժողովի անդամները նստած էին, ինքը առաջարկեց «դեմ» քվեարկել, հիմա նման հայտարարությունները տարակուսելի են»: Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ հանձնաժողովի քննարկումների ժամանակ ներկա են եղել նաեւ ՕԵԿ ներկայացուցիչներ, որոնց եւս Հեղինե Բիշարյանն առաջարկել է «դեմ» քվեարկել: Կրքերի բորբոքման արդյունքում նախագիծը քառօրյա նիստերի օրակարգից դուրս մնաց:

Ի դեպ, «Առավոտը» նույնպես ներկա է եղել մի քանի օր առաջ կայացած հանձնաժողովի նիստին, որից այս տեսանյութը, թերեւս, տալիս է բոլոր հարցերի պատասխանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930