ԵՄ շրջանավարտների ցանցի հիմնադիր հանդիպումը տեղի ունեցավ շաբաթ` նոյեմբերի 9-ին, ԵՄ կենտրոնում: ԵՄ շրջանավարտների ցանցը Հայաստանում կմիավորի եվրոպական կրթական ծրագրերի նախկին մասնակիցներին:
Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավարի տեղակալ Ժոզե Մարիա Մեդինա Նավարոն նշեց, որ ԵՄ շրջանավարտների ցանցի նպատակն է օգտագործել կրթությունը որպես հաղորդակցության հզոր խողովակ` տեղեկատվություն տարածելու ԵՄ կրթական ծրագրերի մասին: «Եվրոպական կրթական ծրագրերի շրջանավարտների հաջողության մասին պատմությունները կնպաստեն ուսանողների կողմից հետաքրքրության զգալի մեծացմանը», ասաց Ժոզե Մարիա Մեդինա Նավարոն:
Հայաստանում Տեմպուսի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի համաձայն, անհրաժեշտ է միավորել տարբեր կազմակերպություններ ու կրթական համայնքներ`ստեղծելու այնպիսի մի միջավայր, որը էապես կբարելավի եվրոպական կրթական տարածքին Հայաստանի կրթական համակարգի ինտեգրմանը: «Շատ կարևոր է, որ նորաստեղծ ցանցը ծառայի որպես Հայաստանում եվրոպական կրթական տարբեր ծրագրերի ջանքերն ամրապնդելու արդյունավետ միջոց, որ երիտասարդների համար կրթական նոր հնարավորություններ կտրամադրի», ասաց Լանա Կառլովան:
Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգայի համակարգող Էդիթ Սողոմոնյանը նշեց, որ ԵՄ շրջանավարտների ցանցը կարող է լավագույն հարթկաը դառնալ կրթական հնարավորությունների մասին հանրային իրազեկման բարձրացման համար: «Կարծում ենք, որ Ցկյանս ուսումնառությունը կարող է միավորել կրթության ու վերապատրաստման առանձին բոլոր ջանքերը մեկ ուժեղ համակարգում, որ կաշխատի յուրաքանչյուր քաղաքացու անհատական, մասնագիտական ու քաղաքացիական զարգացման համար», եզրափակեց Էդիթ Սողոմոնյանը:
Կարդացեք նաև
Մինչև միջոցառման մեկնարկը տարբեր հասարակական կազմակերպություններ ու կրթական համայնքներ համաձայնության էին եկել հիմնելու ԵՄ շրջանավարտների ցանց: Այն կնպաստի եվրոպական կրթական ծրագրերում երիտասարդների ներգրավմանը ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության ասպարեզներում` տրամադրելով տեղեկատվություն, աջակցություն և ուղղորդում:
ԵՄ կենտրոնի մամուլի հաղորդագրություն