Ինչպես արդեն նշել էինք՝ Արարատ քաղաքում ընթանում են Արարատի քաղաքապետի ընտրությունները: Ամենուր խոսակցություններ են, թե տեղամասերում երկու թեկնածուների կողմնակիցների միջեւ լարված մթնոլորտ է, խախտումներ են անընդհատ արձանագրվում: Aravot.am-ը եղավ քաղաքի 18/02 տեղամասում: Այստեղ երկու թեկնածուների վստահված անձինք ասացին, որ այդ ընտրատեղամասում որեւէ խախտում չի արձանագրվել: «Ես երեկ էլ եմ այստեղ եղել, էսօր էլ առավոտվանից էստեղ եմ, որեւէ լարվածություն չեմ նկատել ո՛չ հանձնաժողովի մեջ, ոչ էլ բնակիչների: Ինչի՞ պիտի լարված լինեն, մի քաղաքի մարդիկ են»,- մեզ հետ զրույցում ասաց Արարատ քաղաքի թիվ 18/02 տեղամասի Հայկ Հայկյանի վստահված անձ Հովհաննես Նահապետյանը: Նա արձանագրեց, որ քաղաքացիները ակտիվորեն են մասնակցում ընտրություններին:
ԲՀԿ կուսակցության թեկնածու Սամվել Բարսեղյանի վստահված անձ Սուսաննա Ներսեսյանը նույնպես ասաց, որ տեղամասում առայժմ ոչ մի ընտրակեղծիք կամ միջադեպ չի արձանագրվել, իսկ այն հարցին, թե իրենք լարվածություն նկատում են արդյոք ընտրատեղամասում, նա պատասխանեց. «Ընտրություններ են, դե լարվածություն էլ է լինում, հարթվում, անցնում ա, բայց շատ արտառոց, հույժ կարեւոր միջադեպ դեռ չի գրանցվել»:
Ավելացնենք, որ այս տեղամասում Սամվել Բարսեղյանի կողմնակիցները կանգնած են քվեատուփի մոտ եւ արձանագրում են ընտրողների թիվը:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ