Վրաստանի նախագահական պալատի վրա նոյեմբերի 9-ին Վրաստանի դրոշը հայտնվել է չորս սրտիկներով պատկերված: Հայտնում է «Նովոստի-Գրուզիա» լրատվականը:
Փոփոխությունն առաջինը նկատել են Ֆեյսբուքի օգտատերերը, այնուհետև թեման շարունակել են լրատվամիջոցներ՝ տարբեր ենթադրություններ անելով:
Նախագահի աշխատակազմը բացատրություն է տվել երեկոյան:
«Նախագահական պալատի վրա չորս սրտիկներով դրոշի հայտնվելու հետ կապված հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ այդ դրոշը բարձրացվել է մի օրով՝ երաժշտական տեսահոլովակ նկարելու համար: Վաղը կեսօրից հետո նստավայրի գմբեթին նորից կտեղադրվի Վրաստանի պետական դրոշը», – հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը:
Կարդացեք նաև
Վրաստանի իսկական դրոշի վրա չորս սրտիկների տեղը խաչեր են:
Փոփոխված դրոշը Վրաստանի նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ որպես իրենց կուսակցության խորհրդանիշ էր ներկայացրել «Միացյալ ազգային շարժումը»: Միխայիլ Սահակաշվիլին այն անվանել էր «սիրո դրոշ»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ