Նոյեմբերի 9-ին «Ազատագրենք հուշարձանները օլիգարխներից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը, չնայած անձրևոտ եղանակին, պարեց ինչպես Ծածկած շուկայի դիմաց, այնպես էլ Ազատության հրապարակում։ «Նախախորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքով` սատարելու համար Շանթ Հարությունյանի ձևական ընդվզումը.
«Քանի որ մենք նախապես հայտարարել էինք, որ այսօր մշակութային ակցիա ենք իրականացնելու Ծածկած շուկայի դիմաց, բայց զուգահեռաբար կա ևս մեկ արժեք կարևորելու և ի պաշտպանություն դրա մեր աջակցությունն արտահայտելու անհրաժեշտություն, մենք դա մեր պայքարի պարտականությունն ենք համարում»։
Մինչ մշակութային ակցիայի սկիզբը՝ ակտիվիստներից մի քանիսը պատմեցին, թե ինչպես են իրենց հետապնդում։ Ակտիվիստ Արմեն Ադամյանը խոստովանեց, որ ճնշումներ են գործադրում ընտանիքի միջոցով.
«Շատ եմ խոսել ծնողներիս, հարազատներիս հետ, նույնիսկ համաձայնության ենք եկել, նստել, հանգիստ զրուցել, բայց էլի չի օգնում. մեր զրույցներից հետո, կոպիտ ասած, նրանց ականջին Ալեքսանյանի կողմնակիցներն են նստում։ Ասես՝ ընտանիքիս մեջ երկու մարդու կռիվ լինի»։
Կարդացեք նաև
Մեկ այլ անդամ՝ Հովհաննես Ղազարյանը, ով նոյեմբերի հինգի դեպքերի ժամանակ ձերբակալվել էր, հայտարարեց, որ քննիչները սեռական բնույթի հայհոյանքներ ուղղել են ոչ միայն իրեն և Շանթ Հարությունյանին, այլև «Նախախորհրդարանի» բոլոր անդամներին։
Վարդան Հակոբյանի խոսքերով` «Նախախորհրդարանը» չի կարող անտեսել նոյեմբերի հինգի կատարվածը և այդ իսկ պատճառով փորձում են համատեղել.
«Եկանք Ազատության հրապարակ հաստատելու համար, որ «Նախախորհրդարանը» պահանջատեր է Շանթ Հարությունյանի ազատազրկման խնդրին և օրինական դաշտում փորձել ամեն ինչ, որ Շանթ Հարությունյանն և իր համախոհները, ովքեր սադրանքի արդյունքում հայտնվել են ճաղերի հետևում, ազատ արձակվեն»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ