Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում Հայաստանի պետական ջազ նվագախմբի ու հայ հայտնի ջազմենների`Արմեն Թութունջյանի`Չիկոյի, Լևոն Մալխասյանի, Արմեն Հյուսնունցի, Հայաստանի գլխավոր «կատվի»`Վահագն Հայրապետյանի մասնակցությամբ նշվեց հայաստանյան ջազի հիմնադրման 75-ամյակը: Մոտ 3 ժամ տևած համերգի դահլիճն այնքան լեցուն էր, գյումրեցիներն այնպես էին գնահատում կատարողներին, որ համերգը վարող Կարեն Քոչարյանը իր հերթին սկսեց բնութագրել գյումրեցի հանդիսատեսին:
«Գյումրիում տեղի ունեցած նախորդ ջազ համերգի ժամանակ 83 տարեկան մի տատիկ էր եկել ունկնդրելու, եթե նա հիմա դահլիճում է , ես ողջունում եմ նրան: Այսպիսին է գյումրեցի հանդիսատեսը…Գյումրեցիները այսօր փաստեցին, որ ջազը ունի երկու մայրաքաղաք`Երևանը և Գյումրին »,- ասաց հաղորդավարը:
Նշենք, որ Գյումրիում ևս ջազ ակումբ է գործում, այն հիմնադրել է Մկրտիչ Մանուկյանը ու պարբարաբար ջազային համերգներ է կազմակերպում:
Հիշեցնենք, որ այս ակումբը կազմակերպելու էր նաև Շուշան Պետրոսյանի ջազ համերգը Գյումրիում, որը հետընտրական թոհուբոհի պատճառով այդպես էլ չստացվեց. գյումրեցի հանդիսատեսը չուզեց հյուրընկալել ՀՀԿ-ական պատգամավորին, Շուշան Պետրոսյանն էլ իր հերթին հետաձգեց Գյումրու համերգը:
Կարդացեք նաև
Ինչևէ, Գյումրու ջազ ակումբը հրատարակում է նաև «Ջազ ինֆո» ամսաթերթը, որը նորություն է հայաստանյան ջազի պատմության մեջ: Երեկ նշվեց նաև «Գյումրին և ջազը» նախագծի հիմնադրման մեկ տարին:
Մինչ համերգի սկսվելը սիրված ջազմենները մամուլի ասուլիս տվեցին` ներկայացնելով հայաստանյան ջազի պատմությունը: Այն ներկայացրեց Արմեն Թութունջյանը`Չիկոն, որը գիրք է գրել` նվիրված հայ ջազի պատմությանը և այն հրատարակվելու ընթացքի մեջ է: «Ես պաշտպանեցի թեկնածուական իմ թեզը, որը այդպես էլ կոչվում էր «Ջազը Հայաստանում»: Դա, հավատացեք, ես տիտղոսի համար չեմ արել, ես դրանով ավելի շատ ուզում էի կարևորել ջազը մեր հայկական երաժշտական մշակույթում և ուզում էի, որ մեր երաժշտագիտական հասարակությունը, վերջապես, պարզ, կոնկրետ հասկանա, որ մի հսկայական շերտ մեր երաժշտական մշակույթից սկսվել է 38 թվականից: Մենք այդպես ենք համարում, իհարկե դա միանգամից մի օրում, մի րոպեում չի եղել, 36-ից արդեն էդ երաժշտության առաջին հնչյունները, որը պայմանականորեն ձևով ենք անվանել ջազ: Եվ երբ պետական նվագախումբը ապրիլի 1-ից հրամանով գործեց, դա ենք մենք վերցնում մեր ջազի ծնունդը: Ջազ բառը եղել է պայմանական, դա էլ խնդրում ենք, որ ընդունենք ի գիտություն, որովհետև էդ ժամանակ էդ նվագախմբերը այդպես էին կոչվում, աշխարհով մեկ կային նվագախմբեր, որոնք ջազ չէին նվագում», -ասաց Արմեն Թութունջյանը:
Ջազմենները խոսեցին նաև հետխորհրդային տարիների հայաստանյան ջազի մասին: Նրանք ասացին, որ հայաստանյան ջազի պատմությունը երբեք չի ընդհատվել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ