Լրահոս
Օրվա լրահոսը

Կմեկնարկի «Այվազյանական հանրապետական թատերական 2-րդ փառատոնը»

Նոյեմբեր 09,2013 17:35

«Աղասի Այվազյանը հայ գրականության մեծերից է, որը, ցավոք, իր ողջության տարիներին չարժևորվեց այնպես, ինչպես պետք էր: Հրանտ Մաթևոսյանի հզոր ներկայությունը անպայմանորեն դժվարություն ստեղծեց` նրանից զատ տեսնելու մեկ այլ աշխարհ, մեկ այլ գրողական ինքնատիպություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աղասի Այվազյանին այսպես ներկայացրեց փառատոնի մասնագիտական հանձնախմբի ղեկավար, թատերագետ Լևոն Մութաֆյանը:E. B.

Անդրադառնալով փառատոնին, որն արդեն երեք տարեկան է, թատերագետն ասաց, որ, անշուշտ, հետաքրքրություն կա Ա. Այվազյանի նկատմամբ. «Բեմադրիչները, հատկապես երիտասարդները, իրենց համար բացահայտեցին մի թատերագրի, որը կարող է իրենց տանել ազատ էքսպերիմենտների, երևակայության խաղի, իսկ այս փառատոնը միջոց է անդրադառնալու գրողի թատերգությանը, որն իր էությամբ խորապես ազգային է: Այվազյանը, իհարկե, նախկինում էլ է բեմադրվել, բայց ավելի խորքային մոտեցում է պետք նրան»,- ասում է Լ. Մութաֆյանը:

Այվազյանական փառատոնի կայացման գործում նա կարևորեց Աղասի Այվազյանի այրու` Գրետա Վերդյանի դերը: Նա, պարոն Մութաֆյանի խոսքերով, մեծագույն աշխատանք է կատարում` Այվազյանի ստեղծագործության հանրահռչակման առումով: Բացի այդ, տիկին Գրետան պատրաստվում է նաև տարածք գնել` Այվազյանական կենտրոն հիմնելու համար: «Երանի նման հետևողական վերաբերմունք լիներ նաև մեր մյուս գրողների նկատմամբ»,- նշեց թատերագետը:

Փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանն էլ տեղեկացրեց, որ «Այվազյանական հանրապետական թատերական 2-րդ փառատոնի» կայացմանը ֆինանսապես աջակցում է Երևանի քաղաքապետարանը, իսկ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը փառատոնին է տրամադրել իր ուսումնական դահլիճը:

«Փառատոնի նպատակներից մեկն էլ մայրաքաղաք-մարզեր թատերական-ստեղծագործական կապի աշխուժացումն է: Ուրախալի է, որ այս տարվա
փառատոնին ակտիվ մասնակցություն ունեն մարզերի թատերախմբերը: Ընդգրկված են թատերախմբեր Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Արարատի մարզերից, ինչպես նաև Երևանի երկու թատերախմբեր»,- ասաց Էրիկ Բարսեղյանը:

Նշենք, որ փառատոնը կտևի մինչև նոյեմբերի 18-ը: Բացումը կլինի նոյեմբերի 11-ին` ժամը 19:00-ին` Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնում` «Դեկորներ» ներկայացմամբ (ռեժիսոր` Սամսոն Ստեփանյան): Բոլոր ներկայացումների մուտքն ազատ է:

Է. Բարսեղյանը հայտնեց, որ նախորդ փառատոնը, որին մասնակցել են 15 թատերախմբեր, մրցութային է եղել, իսկ այս անգամ կբեմադրվեն 12 ներկայացումներ` առանց մրցակցության: Նա նաև ասաց, որ փառատոնը համահայկական դարձնելու նպատակ ունեն, և Սփյուռքից արդեն կան որոշակի արձագանքներ:

Լևոն Մութաֆյանն ասաց, որ այս տարվա փառատոնն ունի մի առավելություն, որը չուներ նախորդը. «Յուրաքանչյուր ներկայացումից առաջ մասնագիտական հանձնախմբի անդամներից մեկը հանդիսատեսի հետ 10-15 րոպե կզրուցի Աղասի Այվազյանի մասին, իսկ ներկայացումից հետո քննարկումներ կլինեն: Դա կարևոր է, որովհետև ես կարծում եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ, ներկայացնելով իր աշխատանքը, կարիք ունի մասնագիտական գնահատության, որը տվյալ պահին է հնչում և ավելի անկեղծ է: Բացի այդ, վերջին 10-15 տարիներին մեր թատերագիտությունը տարբեր պատճառներով հետին պլան է մղվել: Եվ մենք հույս ունենք այդպիսով վերականգնել թատերական քննադատության այն ավանդույթները, որոնք ունեցել ենք»:

Այվազյանագետ Անի Փաշայանը նկատեց, որ մեր ռեժիսորները դժգոհությամբ են մոտենում Այվազյանի ստեղծագործությանը, բայց երբ մոտենում են, մեկընդմիշտ սիրահարվում են այդ հեղինակին:

Լ. Մութաֆյանը կարծում է, որ այդ դժգոհությունը երկու հիմնական պատճառ ունի. «Նախ` մեր երիտասարդ և միջին սերնդի բեմադրիչները վատ գիտեն ժամանակակից հայ գրականություն, ապա` մենք օտարամոլ ժողովուրդ ենք: Այ, օրինակ, երեկ ավարտվեց «Երիտասարդ ռեժիսորների հանրապետական փառատոնը», և ոչ մի ազգային գործ չկար: Մի տեսակ քամահրանք կա ազգային թատերգության նկատմամբ: Իսկ Ա. Այվազյանի դեպքում կա նաև ընկալման խնդիր. դժվարանում են հասկանալ նրան: Զգալի է և քարոզչության պակասը: Գրական մամուլ չունենք, բոլորս «Գրական թերթի» հույսին ենք, էդ թերթն էլ հո չի՞ պայթելու»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930