Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի հեղափոխությունն ու Գորիկ Հակոբյանի աթոռը

Նոյեմբեր 09,2013 13:59

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ «Շանթը սարդոստայնում է»

«Ի՞նչ կատարվեց Երեւանում, երբ Շանթը որոշեց հեղափոխություն անել: Ավելի քան համոզված եմ, որ ԱԱԾ-ն Բաղրամյան 26-ին անմիջապես զեկուցել է Շանթի հայտարարությունների մասին: Սակայն, ինչպես ցույց տվեց արդեն կատարվածը, Բաղրամյան 26-ից արձագանք չեն ստացել»,- «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով նոյեմբերի 5-ին մայրաքաղաքի կենտրոնում Շանթ Հարությունյանի կողմից հայտարարված  եւ իրագործված հեղափոխության արդյունքները՝ իր մտահոգությունները բարձրաձայնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Մեր զրուցակցի համոզմամբ՝ երկրի, նույնիսկ ոչ լեգիտիմ նախագահի հանդեպ ցանկացած ոտնձգության, առավել եւս «մոլոտովի կոկտեյլով» խորովելու սպառնալիքի պարագայում անմիջապես գործի է դրվում պետական հզոր մամլիչ, ռեպրեսիոն մեքենան. «Այս անգամ դա ուշացրին: Ինչո՞ւ: Ամիսներ առաջ ես ՀՀԿ-ականներից մեկին լրագրողների ներկայությամբ հարց ուղղեցի՝ ի՞նչ դրական բան են ՀՀԿ-ականները վերջին վեց տարիների ընթացքում արել: Սա պատասխանեց, թե՝ տեսնում եք, քաղաքապետարանի մոտ ոնց է ընդգծվում մեր ժողովրդավարությունը: Մենք հանրահավաքներին չենք խանգարում: Այսինքն՝ Շանթի՝ Ազատության հրապարակում նստելը, հեղափոխական կոչերը կարելի էր որակել նման մի բան: Կարելի էր բնութագրել, որ իշխանությունը պրեսկոտյան եվրոպաներին ցանկանում է ցույց տալ, թե որքան են իրենք ժողովրդավար: Բայց այս ամենին մենք կհավատայինք, եթե չլինեին չինական ճարճատուկների բոցավառ եւ ծխակոլոլ պայթյունները եւ անմեղ երիտասարդներին ու ոստիկաններին այս անգամ հավասար ջարդելը»: Իր վերջին մտքի առիթով «Առավոտի» տարակուսանքին՝ ո՞ւմ եւ ինչի՞ համար էր դա պետք, ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյան ասաց. «Դրա կազմակերպիչն ու իրականացնողը պետական ռեպրեսիոն մեքենան էր: Ես կարող եմ մի քանի վարկած առաջ քաշել, թե ինչի էր պետք, որ ոստիկաններն ու երիտասարդներն այս անգամ հավասար ծեծ ուտեին»: Արդեն մասնագիտորեն բացատրելով՝ մեր զրուցակիցն ասում է, որ հանցագործությունների բացահայտման ժամանակ առաջին հերթին խրախուսվում է պրոֆիլակտիկան՝ հանցագործի, հանցագործության կանխարգելումը: Այս իմաստով ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյան տարակուսում է, թե ինչո՞ւ պատկան մարմինները Շանթի առաջին իսկ հայտարարություններից հետո կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկեցին. «Եթե նրանք ինչ-որ բանում շահագրգիռ չէին, ապա այդ երիտասարդները՝ երկու կողմից, չէին տուժի»: Ի դեպ, այդ գործառույթը ոչ թե ոստիկանությանն էր, այլ նախագահի անվտանգությունն ապահովող վարչությանը: Տվյալ վարչության անգործությունն այս պարագայում մեր զրուցակիցը բացատրում է նրանով, որ շուտով առավել արդիական կդառնա այն հարցը, թե ո՞վ է փոխարինելու Գորիկ Հակոբյանին՝ ԱԱԾ պետի պաշտոնում: «Շան գլուխը նաեւ այստեղ է թաղված, ու սա անվտանգությունը վարկաբեկելու մի գեղեցիկ գործառույթ էր, ինչի արդյունքում ինչ-որ մեկը ճարպկորեն ցանկանում է հետագայում տիրանալ այդ աթոռին: Անկեղծ ասած, ուրիշ բան չեմ կարողանում մտածել՝ թե ինչո՞ւ են այսպես անգործ այն մարդիկ, ովքեր անցել են տականքության գերադրական աստիճանը՝ «մարտի 1-ով»: Ինչո՞ւ էին այս անգամ այսպես մեղմ ու հանգիստ սպասում մի քանի օր: Այսինքն՝ նպատակ ունեին, որը պետք էր իրագործել: Այնպես որ՝ Շանթն այժմ գտնվում է սարդի ոստայնում, եւ անմեղ քաղաքական գործչին պետք է անհապաղ ազատ արձակեն»:

Գուրգեն Եղիազարյանը համաձայն է այն գնահատականների հետ, որ Շանթ Հարությունյանն իր հեղափոխությամբ Հայաստանում պարզեց ազգային-ազատագրական շարժման դրոշակը. «Շանթը Հայաստանում կոտրեց մի կարծրատիպ. նա ցույց տվեց ՀՀ քաղաքացուն, որ չի կարելի վախենալ գործող նախագահից, որը լեգիտիմության ոչ մի նշույլ չունի: Սերժ Սարգսյանը եթե լեգիտիմ է, ապա միայն գերեզմանոցներում՝ գերեզմանոցից եկած եւ իր օգտին քվեարկած հանգուցյալների շրջանում: Երկրից հեռացածներն էլ, ում ձայները դարձյալ դրվել են Սերժ Սարգսյանի օգտին, ատելով ատում են նրան»: Մեր տարակուսանքին՝ մի՞թե կար նման խնդիր, մի՞թե հասարակությունը վախենում էր ՀՀ իշխանություններից, Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ ամեն դեպքում զգուշավորության գործոնը կա, ու իշխանությանը իր խամաճիկների օգնությամբ հաջողվում է հասարակության տարբեր շերտերին զսպաշապիկ հագցնել: «Այդ դիմակը Շանթի կողմից շատ գեղեցիկ էր մտածված, եւ դա իր ասելիքը դեռեւս կասի, եթե որոշ մարդկանց ճարպիկ ձեռքերով այդ ամենը չուղղվի դեպի Ռուսաստան»,- ասաց նա:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930