Բողոքում է 86-ամյա թոշակառու կինը
«Հարեւանուհիս մտահոգված զանգահարեց ինձ, ասաց, որ կոյուղաջրերի խողովակները չեն աշխատում, խցանում է եղել, կոյուղաջրերը տարածվել են տնով մեկ, ես էլ մտաբերեցի «Տուն Սերվիս-Կենցաղային Շտապ Օգնության» մասին»,- պատմում է 86-ամյա Անահիտ Քուրչյանի հարեւանուհին՝ տիկին Անահիտը: Վերջինիս խոսքով՝ 86-ամյա հարեւանուհին միայնակ է ապրում, վատառողջ է, այդ իսկ պատճառով հաճախ է օգնում նրան: Այս անգամ էլ նրա օգնությամբ եւ խորհրդով՝ Անահիտ Քուրչյանը սեպտեմբերի 20-ին զանգահարում է «Տուն Սերվիս-Կենցաղային Շտապ Օգնություն», օգտվում տվյալ կազմակերպության ծառայություններից, որոնց դիմաց, ըստ մատուցվող ծառայությունների նախահաշիվ պայմանագրի, վճարել է 45 000 դրամ (15 000 դրամը սանհանգույցում զուգարանակոնքի դեմոնտաժ, մոնտաժ եւ գոֆրեի փոխարինման, 30 000 դրամը՝ հատուկ սարքի օգնությամբ խցանման բացման դիմաց): Սակայն 1 ամիս անց կոյուղաջրերի խողովակների հետ կապված կրկին խնդիր է առաջանում: Այս անգամ ծեր կինը փորձում է օգտվել երաշխիքային սպասարկումից, քանի որ ինչպես ինքն է ասում, ըստ մատուցվող ծառայությունների նախահաշիվ-պայմանագրի, սույն նախահաշվով աշխատանքի համար տրվում է 90 օր երաշխիք (անվճար սպասարկման պայմանով): Անահիտ Քուրչյանի խոսքով՝ իրեն մերժում են անվճար սպասարկել՝ ասելով, որ տվյալ ծառայությունը երաշխիքային չի համարվում, սակայն 2 եւ ավելի անգամ կազմակերպությունից օգտվելու դեպքում գործում է 10% զեղչ: «Միայն տեսնեիք հարեւանուհուս վիճակը, նա լաց էր լինում: Քիչ գումար չէ, առանց այդ էլ նա արդեն ծախսել էր 45 000 դրամ, իսկ ամբողջ կոյուղաջրերը տուն էին լցվել»,- պատմում է տիկին Անահիտը: Վերջինս, փորձելով օգնել մոտ հարեւանուհուն, հոկտեմբերի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում անձամբ է զրուցում «Տուն Սերվիս-Կենցաղային Շտապ Օգնության» սպասարկման բաժնի աշխատակցի հետ: «Ասում եմ, համաձայն պայմանագրի, մենք իրավունք ունենք 90 օրվա ընթացքում առաջացած խնդիրների դեպքում անվճար կերպով օգտվենք ձեր ծառայություններից: Իսկ նրանց աշխատակիցը՝ Լուսինեն, պատասխանում է՝ ոչ այս պարագայում, դա վերաբերում է կենցաղային այլ խնդիրներին»,- պատմում է տիկին Անահիտը: Հավելում է. «Ես զայրացա, նրանց անվանեցի դրամաշորթներ, զգուշացրի, որ հարցին լուծում չտալու դեպքում դիմելու եմ համապատասխան քայլերի, իսկ Լուսինեն ասաց՝ ինչ ուզում եք՝ արեք»: Այդ խոսակցությունից հետո տվյալ կազմակերպություն է զանգահարում նաեւ Անահիտ Քուրչյանի բարեկամուհին: «Հարեւանուհիս հույսեր ուներ, կարծում էր՝ սայը տեղից կշարժվի, քանի որ նրա բարեկամուհին ասել էր, որ շատ ազդեցիկ է խոսել»,- ասում է 86-ամյա կնոջ հարեւանուհին: Պատմում է՝ օրերն անցան, սակայն սայլը տեղից չշարժվեց: Այս ամենի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով զրուցեցինք «Տուն Սերվիս- Կենցաղային Շտապ Օգնության» սպասարկման բաժնի վարիչի հետ: «Խցանումները երաշխիքային չեն սպասարկում, որովհետեւ դրանք կարող են 20 րոպեն մեկ կրկնվել: Հնարավոր է, որ խողովակների հետ կապված խնդիրներ առաջանան վերեւի հարեւանուհու կամ թեկուզ մեր հաճախորդի պատճառով, իսկ մենք չենք կարող երաշխավորել, որ նման խնդիրներ չեն լինի»,- ասում է նա (վերջինս չցանկացավ ներկայանալ): Հարցին՝ այս մասին իրենք համապատասխան կերպով տեղեկացրե՞լ են սպառողին, պատասխանում է՝ այո, թեպետ խցանումների վերաբերյալ մատուցվող ծառայությունների նախահաշիվ-պայմանագրում գրված չէ: «Մեր մասնագետներն իրենց աշխատանքները սկսելուց առաջ սպառողներին անպայման զգուշացնում են պայմանները, տվյալ պարագայում՝ եւս զգուշացրել են, որ խցանումները երաշխիքային ծառայությունների մեջ ներառված չեն»,- ասում է նա: Հավաստիացնում է՝ իրենց սպասարկման բաժնի աշխատակիցը՝ Լուսինեն, եւս սույն պայմանը տեղեկացրել է սպառողին: Իսկ Անահիտ Քուրչյանն ու նրա հարեւանուհին՝ տիկին Անահիտը, պնդում են՝ թե՛ տվյալ ծառայությունն իրականացրած մասնագետները եւ թե՛ սպասարկման բաժնի աշխատակիցն իրենց այս մասին չեն զգուշացրել նույնիսկ պարբերաբար ահազանգելու դեպքում: «Եթե ես իմանայի, որ իրենք չեն երաշխավորելու, ընդհանրապես չէի օգտվի իրենց ծառայությունից եւ իզուր այդքան մեծ գումար չէի վճարի»- ասում է 86-ամյա թոշակառու Անահիտ Քուրչյանը, ով իրեն խաբված է զգում: «Իրենք ինձ ասացին, որ աշխատանքները կարող են կատարվել երկու տարբեր միջոցներով, որոնցից մեկը ապահովում է ժամանակավոր, մյուսը՝ մշտական կարգավորում: Վերջինս արվում է հատուկ սարքի օգնությամբ, ինչը Հայաստանում միայն իրենք ունեն: Ես ընտրեցի երկրորդը, եթե իմանայի, որ կարգավորումը մշտական չէ, այլ ժամանակավոր, այլ մասնագետի կվարձեի, պարտքեր չէի կուտակի եւ այդքան գումար էլ չէի վատնի»,- ասում է տիկին Քուրչյանը: Իսկ նրա հարեւանուհու խոսքով՝ այս խառնաշփոթի հիմնական պատճառը պայմանագրի մեջ առկա անհստակությունն է, որը կարող է նաեւ դիտավարության արդյունք լինել. «Ես իրենց աշխատակցին էլ եմ ասել, որ պայմանագրում գրված է սույն նախահաշվով: Իրենք իրենց հակասում են: Կամ պայմանագիրը կազմելու ժամանակ պիտի հավաքվեին գրագետ մարդկանցով, էնպես կազմեին, որ ամեն բան հասկանալի լիներ, կամ էլ պիտի կատարեին պայմանագրի այդ կետը, այսինքն՝ անվճար սպասարկեին»: Ըստ բողոքաբերների՝ մինչ իրենք փորձել են բանակցային ճանապարհով հարցին լուծում տալ, կոյուղաջրերի խողովակներն անսարք վիճակում են մնացել, իսկ Անահիտ Քուրչյանն օրեր շարունակ ապրել է շատ վատ պայմաններում: «Ամբողջ կոյուղաջրերը տուն էին լցվել, նույնիսկ արդեն չորացել էին»,- պատմում է հարեւանուհին: Նրա խոսքով, վերջնականապես համոզվելով, որ սայլը տեղից չի շարժվում, ծեր կինը ճարահատյալ այլ մասնագետի է հրավիրում, ում կատարված աշխատանքների դիմաց վճարում է 10 000 դրամ: «Մասնագետը ծանոթ էր, այդ իսկ պատճառով շատ էժան գնով վերանորոգեց այն»,- պատմում է տիկին Անահիտը: Հավելում է՝ մինչ այդ ինքը զգուշացրել էր հարեւանուհուն՝ անհրաժեշտության դեպքում գալ, օգտվել իր սանհանգույցից. «Դրա կարիքը չեղավ, հարեւանուհիս փորկապության խնդիր ուներ, այնքան այդ վիճակով մնաց, մինչեւ որ մասնագետը վերանորոգեց խողովակները»: Այժմ կոյուղաջրերի խողովակների հետ կապված խնդիրներ չկան, սակայն ինչպես տիկին Անահիտն է ասում, ցանկանում է բարձրաձայնել իր հարեւանուհու՝ սպառողի իրավունքների մասին. «Ես, որ ընդհանրապես ճնշման հետ կապված խնդիրներ չեմ ունեցել, այդ ամբողջ օրը ճնշումս չէր իջնում, շատ բարձր էր: Իսկ հարեւանուհիս երեք ամիս ողնաշարի կոտրվածքով պառկած է եղել, ճնշման հետ կապված անընդհատ խնդիրներ էր ունենում: Իրենց աշխատակցին ասում եմ՝ Ձեր պատճառով նրա ճնշումը բարձրացել է, եթե նրան ինչ-որ բան պատահի, մեղավորը Դուք եք լինելու, մեղքը Ձեր վիզը: Իսկ նա ընդհանրապես շատ հանգիստ ընդունեց դա, ոչ մի արձագանք չտվեց»:
ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ