Ռեժիսոր Վահան Խաչատրյանը՝ նոր «Պեպոյի», կինոյի եւ թատրոնի մասին
Այս պահին ռեժիսոր Վահան Խաչատրյանը ստեղծագործական պրպտումների մեջ է, իր խոսքով՝ ներանձնացել է, չի էլ ցանկանում որեւէ ներկայացում կամ ֆիլմ դիտել: Ներկա պահին մի քանի նախագծի վրա է աշխատում, սակայն ավելի շատ ցանկանում է կենտրոնանալ սեփական ֆիլմերի, մասնավորապես՝ «Տեր ողորմյա»-ի վրա:
«Առավոտի» հետ զրույցում Վահանը կարծիք հայտնեց, թե էական չէ, մարդն ինչ ժանրում եւ ոլորտում է ստեղծագործում. «Կարեւորը՝ արվեստագետը գտնի արտահայտման ճանապարհը, խոսելու ձեւը, դա կլինի դոկումենտալ կինո, գեղանկարչություն, հասարակ լուսանկարչություն: Եթե մարդը ցանկանում է ինչ-որ բան ասել, որը պետք է ուրիշներին, ինքը ասում է: Օրինակ՝ «Սուրբ խաչն առանց խաչի» ֆիլմի ստեղծման ժամանակ ահավոր դիսբալանս կար, դիսկուրս՝ գնալ-չգնալ, մերն է, մերը չի… Ես գնացի ու փորձեցի գոնե ինչ-որ պատասխաններ գտնել: Ճիշտ է, շատ մարդիկ դրանից հետո վատ զգացին: Ինչ վերաբերում է «Ով է գազանը» ֆիլմին, այնտեղ արծարծված խնդիրը ես տարիներով եմ ուսումնասիրել ու ցանկություն ունեի անպայման այդ մասին խոսել: «Ով է գազանը» ֆիլմի կենտրոնում մարդն է, այն մարդկային անասնական բնազդի մասին է: Մեզ շատ պակասում է մարդկային կարեկցանքի թեման, բոլորս փակվել ենք մեր սենյակներում, մեր մեջ ու մեզ համար միեւնույն է, թե մեր հարեւանն ինչ վիճակում է, կողքինի խնդրով դադարել ենք ապրել»: Արվեստագետը չի հասկանում ստեղծագործական որեւէ միության անդամ լինելու կարեւորությունը, ասում է՝ «Եթե ես որեւէ տեղ գրանցված չեմ, չե՞մ նկարում…Էդ «խուդսովետ» վիճակները ինձ միշտ էլ դուր չեն եկել…Եթե կինոմիությունը իմ կարիքն ունենա, կդիմի»:
Վահան Խաչատրյանը թատրոնում բեմադրել է Գոգոլի «Ամուսնությունը», Ա. Արբուզովի «Իրկուտսկյան պատմությունը», ասում է՝ հաճուքով է անդրադառնում դասականներին, որովհետեւ այն, ինչ գրված է եղել անգամ անտիկ գրականության մեջ, այսօր էլ չի փոխվել. «Հիմքը նույնն է, պրոբլեմը նույնը, լեզուն ու խոսելու ձեւն են փոխվել: Պարզապես այն ժամանակ պոետիկ էին խոսում, մենք խոսում ենք հասարակ, նորմալ լեզվով»:
Կարդացեք նաև
Վահան Խաչատրյանը Getrik Production-ի հետ պատրաստվում է «Պեպո» նկարել՝ նոր մեկնաբանությամբ: Մեզ հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ դեռ բանակցությունների մեջ են: «Ամենակարեւոր խնդիրը, որ «Պեպոյի» մեջ կա, այսօր էլ կա՝ ցավոք, մենք համակերպվել ենք ամեն ինչին… Այսօր Պեպոն չկա, մեր մեջ սպանել ենք: Երբ փոքր էի, իմ հերոսը Աթոսն էր, իմ տղային այսօր չեմ կարողանում մատուցել հերոս, որովհետեւ իրականության մեջ չկա հերոս: Հերոս ասելով նկատի ունեմ մարդու, ումից կարելի է սովորել: Ինձ համար կարեւորը մարդ կերպարի բացահայտումն է»,- նշեց նա:
Իսկ չի՞ կարծում, որ հավակնոտ նախագիծ է եւ վտանգավոր չէ՞ «Պեպոյին» «ձեռք տալը»: «Վտանգավորը՝ վտանգավոր է, բայց եթե ուզում են, թող քննադատեն: Ես քննադատությանը կողմ եմ, եթե, իհարկե, խոսքը առողջ քննադատությանն է վերաբերվում, թե չէ՝ այսօր մեծ մասը քննադատում է միայն քննադատելու համար, մոռանալով, որ «խուդսովետ» կոչվածը վաղուց չկա: Եվ հետո, եթե ֆիլմս նկարեմ, մեկը գա քննադատի, դրանից ֆիլմը փոխվելո՞ւ է: Ի դեպ, քննադատողների 80 տոկոսը նրանք են, որոնք չեն էլ տեսնում ֆիլմը, չեն էլ մտնում կինոթատրոն, ուղղակի քննադատելու են, որովհետեւ իրենց կամ իրենց երեխային չեմ զբաղեցրել ֆիլմում»,- պատասխանեց երիտասարդ ռեժիսորը: Նա ասում է, որ ինքն էությամբ կինոյի մարդ է, թատերական ներկայացումներ է բեմադրում, գովազդներ, տեսահոլովակներ նկարում, բայց իր «կողակիցը», ում հետ գնալու է մինչեւ վերջ, կինոն է:
Դառնալով «Տեր ողորմյային»՝ Վահան Խաչատրյանը նշեց, որ 2001-ից աշխատում է վերջինիս սցենարի վրա, նկարելու հնարավորություն ունեցել է, բայց չի նկարել, որվհետեւ չէր ուզում նկարահանել զուտ նկարահանելու համար. «Ձգձգվում էր հասունանալու պատճառով, թե՛ սցենարի, թե՛ իմ, թե՛ դերասաններին տեսնելու իմաստով»:
Ինչ վերաբերում է այսօր հանդիպող ոչ լեցուն կինոդահլիճներին ու թատերական դահլիճներին, Վահան Խաչատրյանը հետեւյալ կարծիքի է. «Ասում են՝ մարդը չի գալիս, ո՞նց գա… Եթե դու խոսես մարդկային խնդրից, իհարկե կգա: «Մետրո» թատրոնում ժամանակին մոմի լույսի տակ էին խաղում, լեփ-լեցուն դահլիճով, այսօր անգամ մեծ թատրոններն են դատարկ: Իսկ մարդիկ ուզում են տեսնել այն, ինչ իրենց է հոգեհարազատ: Էն ժամանակ, երեւի, ավելի շատ արվեստ կար, քան այսօր: Հիմա, ցավոք, մարդկանց, Հախվերդյանի ասելով, բանող եզի կարգավիճակում են դրել»:
Վահան Խաչատրյանը խոստանում է նոր ֆիլմում հանդիսատեսին չխաբի, նաեւ «գուժում» է՝ «Մարդ կա ահավոր կնեղվի, որովհետեւ իրեն է տեսնելու»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ