Կանադահայ ճանաչված կլարնետահար Համբարձում Ճապուրեանի արվեստին ծանոթ է հայ երաժշտասերը: Հայրենիքում արվեստագետի առաջին համերգը տեղի է ունեցել 2002թ., վերջինը՝ 2009թ., դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի ընկերակցությամբ: Վերջինիս հետ կլարնետահարը նաեւ կատարել է ձայնագրություններ, ապա Կանադայում թողարկել CD եւ DVD: Ընդ որում, ոչ միայն հանրահայտ դասական ստեղծագործություններ, այլեւ հայկական, այդ թվում՝ նաեւ Կոմիտաս:
«Առավոտի» հետ զրույցում Համբարձում Ճապուրեանը հայտնեց, որ դարձյալ իր նախաձեռնությամբ Հայաստան այս այցի ընթացքում պլանավորված է 5 համերգ՝ Գյումրիում, Արմավիրում, Աբովյանում, Մայր աթոռում եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներից կազմված լարային կվինտետի մասնակցությամբ: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ վերջին 3-4 տարիների ընթացքում բուռն բեմական ստեղծագործական կյանք է ունեցել: Նա հատկապես նշեց Կանադայում՝ Քվեբեկ, Նյու Բրոնսվիկ, Նյու Ջերսի նահանգների սիմֆոնիկ նվագախմբերի հետ՝ դիրիժորներ Այրաթ Իշմուրատովի, Ալեքսանդր Անիսիմովի ղեկավարությամբ մենահամերգները, ինչպես նաեւ իր մասնակցությունը տարբեր միջոցառումների, այդ թվում՝ Սերգեյ Փարաջանովին նվիրված փառատոնին, հանրահայտ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանի հետ համերգաշարերը: Հավելեց, որ կլարնետով, նաեւ դուդուկով մշտապես հնչեցրել է Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Խաչատրյանի եւ մյուս հայ անվանի կոմպոզիտորների երկերը՝ կոմպոզիտորներ Ռուբեն Ալթունյանի, Ստեփան Շաքարյանի փոխադրություններով:
Համբարձում Ճապուրեանը հավաստիացրեց, որ առանց չափազանցության, ԱՄՆ-ում շուրջ 3 մլն հայ, Կանադայում՝ մոտ 50 հազար, ամեն օր են սպասում հայրենիքից հյուրախաղերի գնացող մշակութային տարբեր ոլորտների արվեստագետների: Նրա համոզմամբ, ցանկալի է, որ այդ աշխատանքը իրականացնեն ոչ միայն Կանադայի հայկական միությունները, այլեւ Հայաստանի սփյուռքի եւ մշակույթի նախարարությունները: Համբարձում Ճապուրեանը հատկապես շեշտեց, որ կանադահայերին հուզում է հայաստանցիների արտագաղթը: Հիշեց, որ ինքն էլ ծննդավայրից՝ Լիբանանից, 1974-ին է հայտնվել Կանադայում. «Նախ, այդ ժամանակ պատերազմ էր Լիբանանում, հետո էլ ես փոքր նվագախմբի կազմով համերգների էի մեկնել Եվրոպա ու Կանադա»:
Արվեստագետը հավելեց, որ իր ճարտարապետ եղբոր՝ Գրիգորի օրինակով, որը զբաղվում է նաեւ գաղթօջախների արվեստագետների մեկենասությամբ, պատրաստվում է ընդունել ՀՀ քաղաքացիություն: Ավելին, կանադահայ համայնքի մեծ մասը վերջին շրջանում իր հանգիստն անցկացնում է ոչ թե մայամիներում կամ ուրիշ կղզիներում, այլ հայրենիքում, դրանով ինչ-որ չափով նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Կարդացեք նաև
Կլարնետահարն ասաց, որ վերջին շրջանում ինքը հաճախ է ձեռքը վերցնում դուդուկը, նշելով՝ «կանադացին հայկական ժողովրդական այդ նվագարանի միջոցով ըմբոշխնում է հայկական համուհոտը»: Նրան օտարները քանիցս ասել են, որ դուդուկի ելեւէջները իրենց հիշեցնում են երկունքի ցավերը, այսինքն՝ զավակ լույս աշխարհ գալու գերագույն խորհուրդը:
Համբարձում Ճապուրեանը հայտնեց, որ Հայաստանում գտնվելու այս օրերին կոմպոզիտոր Արամ Սաթյանն իրեն է վստահել դուդուկի եւ կամերային նվագախմբի համար գրված «1915 թվական» ստեղծագործությունը. «Քիչ ժամանակ է մնացել մինչեւ ցեղասպանության 100-րդ տարելիցը, արվեստագետներս մեր հերթին պետք է աշխարհը ողողենք նման գործերով»:
Մեր զրուցակիցը վերջին օրերին անհանգստություն է ապրել Երեւանում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա կողմնակիցների «հեղափոխության» առիթով: Ասում է. «Առաջին անգամ ստեցի՝ նոյեմբերի 5-ի դեպքերի առիթով Կանադայից ստացած բազմաթիվ հեռախոսազանգերին պատասխանելով, թե այստեղ ընթանում են մեծամասշտաբ ֆիլմի նկարահանումներ…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ