Վերջերս Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) դոպինգ օգտագործելու համար որակազրկեց միանգամից հայաստանցի վեց ծանրորդի:
Նման բան մեզանում, համենայնդեպս, վերջին տարիներին չէր եղել: Կատարվածի մասին «Առավոտը» զրուցեց Հայաստանի սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի ղեկավար Արեգ Հովհաննիսյանի հետ:
– Վեց որակազրկված ծանրորդ Հայաստանից: Միայն այդքա՞նն է, թե՞ էլի անուններ կան, որ մենք չգիտենք:
– IWF-ի կայքէջում քանի ծանրորդի անուն նշված է, այդքանն են:
– Հնարավո՞ր է, որ դուք էլ չգիտեք:
– Հստակ ոչինչ ասել չեմ կարող: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան 2012 թվականի փետրվարից մեզ հետ էլ չի համագործակցում ու ոչ մի բանի մասին տեղյակ չի պահում:
-Ինչո՞ւ:
– Չգիտեմ: Մեզ ոչ մի բացատրություն չեն տվել: Այս տարվա մարտին խոստացան վերանայել իրենց որոշումն ու համագործակցությունը շարունակել: Բայց մինչեւ այսօր ոչ մի նորություն չունենք:
– Վերջին տարիներին Հայաստանի ծանրորդները բավականին լուրջ նվաճումներ են արձանագրել, ու նրանցից ոչ ոք դոպինգի մեջ չի բռնվել: Իսկ այս տարի` միանգամից վեց հոգի: Ինչո՞վ եք դա բացատրում:
– Հարցը պետք է այդ ծանրորդներին ուղղել: Նրանք ցանկացել են անազնիվ ճանապարհով արդյունքի հասնել:
– Իրենց մարզիչների հե՞տ:
– Մարզիչն այստեղ գործ չունի: Ձեր կարծիքով՝ մարզիչն իր սանին հարկադրաբար ստիպել է դոպի՞նգ ընդունել: 99,9 տոկոսով միակ մեղավորը մարզիկն է: Չմոռանանք նաեւ, որ հիմա դոպինգի հայտնաբերման նոր, ավելի ժամանակակից մեթոդներ կան: Եթե առաջ մարզիկը որոշ դեպքերում չէր բռնվում, հիմա բռնվում է:
– Որքան տեղյակ եմ, ՀԱՕԿ-ը բավականին երկար ժամանակ պայքարում է դոպինգի դեմ: Կարգազանցների նկատմամբ պատժամիջոցներ կա՞ն:
– Հաստատված են միայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային կանոնները` համաձայն Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի: Դրանք վերաբերում են օլիմպիական թիմերին եւ օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկներին: Այսինքն՝ օլիմպիական կոմիտեն օլիմպիադայից առաջ կարող է օլիմպիական հավաքականի անդամին որակազրկել, զրկել թոշակից, օլիմպիական խաղեր չտանել, զրկել առաջնություններին մասնակցելու իրավունքից: Իսկ մնացած ժամանակ ամբողջ աշխարհում դոպինգով զբաղվում է պետությունը, որը դոպինգ ստուգումների անցկացման համար փող է հատկացնում, իրականացնում տույժեր: Ամբողջ աշխարհում, բայց ոչ Հայաստանում:
– Ստացվում է, որ Հայաստանում պետությունը, սպորտի պետական կառույցը դոպինգի խնդիրներով չի՞ զբաղվում:
– Հայաստանում այդ մասին պետական օրենք չկա: Թեեւ նախագիծը պատրաստ է դեռ 2009 թվականից, բայց չի հաստատվում: Ինչո՞ւ: Չգիտեմ:
– Այսինքն՝ կարգազանցության համար ոչ ոք չի՞ պատժվում:
– Պատժվում է մարզաձեւի ազգային ֆեդերացիան, որը տուգանք է մուծում միջազգային ֆեդերացիային: Ի դեպ, դա այդպես է ամբողջ աշխարհում:
– Իսկ դուք խնդիրը, որը վնասում է Հայաստանի հեղինակությանը, կրկին բարձրացնելու նպատակ չունե՞ք:
– Ինչպե՞ս կարող ենք չունենալ: Բայց ինչպե՞ս, երբ նոր նախարարն իր նշանակման օրից մինչեւ հիմա ինձ, մեզ հետ չի հանդիպել: Մենք իրար դեռ չենք տեսել:
– Դուք մոտ օրերս մեկնելու եք ՀԱՀ, որտեղ ՎԱԴԱ-ի համաժողովն է լինելու:
– Այո: Երկու օրից մեկնում եմ Ազգային օլիմպիական կոմիտեի միջոցներով: Այնտեղ հակադոպինգային կանոններում բավականին փոփոխություններ են նախատեսվում, որոնց մասին կխոսենք վերադառնալուցս հետո:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ