Լրահոս
Օրվա լրահոսը

Արժե՞ պատասխանել ամեն մի զրպարտանքի

Նոյեմբեր 09,2013 12:45

Ի պատասխան՝ «Ռեկտորի կադրային քաղաքականության հերթական վերուվարը» հոդվածի

Որպեսզի պարզ լինի տվյալ զրպարտանքի  բովանդակությունը, նկատենք միայն մի քանի փաստ: Հոդվածագիրը նշում է. «Ռեկտորը որպես պաշտոնակատար նշանակեց պաշտոնավարման ժամկետը ավարտած վարիչին, այնուհետեւ մեկուկես տարի անց ազատեց նրան պաշտոնից եւ փոխարենը նշանակեց Էլեկտրատեխնիկայի ամբիոնի դասախոս Գ. Կարդաշյանին»:

Հավանաբար հեղինակը մոռացել էր, որ Գ. Կարդաշյանը ոչ թե ընդամենը էլեկտրատեխնիկայի ամբիոնի դասախոս է եղել, այլ նաեւ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, Ռուսաստանի Դաշնության Էլեկտրատեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 2005-2010 թթ. եղել է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Տեսական եւ ընդհանուր էլեկտրատեխնիկայի ամբիոնի վարիչ, ում ղեկավարման տարիներին ամբիոնը աչքի է ընկել անկաշառությամբ եւ հարգանք է վայելել համալսարանում:

Մոռացել է նաեւ, որ համալսարանի ամբիոնի վարիչի ընտրության կարգի 31 կետում նշված է` «Ֆակուլտետի խորհրդի նիստում քննարկվելուց հետո, անկախ փակ քվեարկության արդյունքից, ամբիոնի վարիչի պաշտոնատեղին հավակնող բոլոր թեկնածությունների գործերը հանձնվում են hամալսարանի Գիտական քարտուղարին, ով դրանք ներկայացնում է Գիտական խորհրդի Մրցութային հարցերի եւ պատվավոր կոչումների մանդատային հանձնաժողովի քննարկմանը` Գիտական խորհուրդ ներկայացվող եզրակացության ձեւավորման համար»:

97 անդամներից բաղկացած Գիտական խորհուրդը, որոնց  մեծ մասը գիտությունների դոկտորներ են, պրոֆեսորներ, դեկաններ, ամբիոնների վարիչներ,  իրավամբ համալսարանի ճակատագրով մտահոգված մարդիկ են եւ նրանցից շատերը գիտեն Գ. Կարդաշյանի արժանիքներն ու կարողությունները:

Նշեմ, որ այս պաշտոնը ստանձնելու համար միանգամից չեմ համաձայնվել: Սակայն, երբ հարգարժան ռեկտորը բացատրեց տարիներ շարունակ ամբիոնում տիրող բարդ իրավիճակը եւ նշեց, որ այս առաջարկությունը «իմ կամ Ձեր շահերի համար չէ, այլ բխում է համալսարանի շահերից», ես պարտավոր էի ստանձնել այդ պարտականությունը` հուսալով, որ մարդիկ կդադարեցնեն մեկը մյուսի դեմ, մեղմ ասած՝ թշնամությունը: Ցավոք,  բոլոր ջանքերը  ցանկալի արդյունք չտվեցին,  քանի որ կողմերից մեկի պաշտոնավարման մոլուցքը եւ իր թիմի նպատակները  խանգարում են  խաղաղ աշխատանքի կազմակերպման եւ ուսանողին բարձրորակ գիտելիքներ տալու գործին, ընդ որում` պահանջում են մյուս կողմին «վերացնել», որպեսզի կանգնեն իմ կողքին:

Նշեմ, որ այս ամբիոնի երկու թեւերից մեկի` Էլեկտրամատակարարման ամբիոնի հիմնադիր վարիչը` երջանկահիշատակ Գ. Գիմոյանը, ինչպես նաեւ միացյալ Էլեկտրաէներգետիկայի ամբիոնի վարիչը, ով ամբիոնը ղեկավարել է շուրջ 20 տարի, երջանկահիշատակ Վ. Խաչատրյանը, նույնպես եղել են Տեսական էլեկտրատեխնիկայի ամբիոնի պրոֆեսորներ:

Ինչ վերաբերում է իմ անձին, նշեմ, որ հանրապետությունում շատ լուրջ էլեկտրաէներգետիկներ, ովքեր իրենց ուսերին են տանում հանրապետությունում համակարգի ծանր ու պատասխանատու բեռը, ովքեր հենց այս ամբիոնի տարբեր տարիների շրջանավարտներ են եւ ամբիոնը համարում են իրենց հարազատ օջախը, ոգեւորությամբ ընդունեցին իմ ընտրվելու փաստը, եւ սկսեցին տարբեր ուղղություններով համագործակցություններ առաջարկել, այդ թվում` նաեւ նոր մասնագիտություն բացելու ուղղությամբ, որի հետ կապված կատարվել են բավականին լուրջ աշխատանքներ:

Ինչ վերաբերում է Վ. Աթոյանի նյութին եւ կարծիքին, ում 80 տարին լրացել է, թող ինձ ներեն բոլոր մեծահասակները, քանզի շատ մեծահասակներ չունեն խնդիրներ ոչ լսողության, ոչ աշխատանք կամ հանձնարարություն ու պարտականություն կատարելու հետ: Արդեն 2 ամիս է` հրամանով ընդունվել է ամբիոնում մեկ հայցորդ (Ս. Սողոյան): ՀՀ ԲՈՀ-ի կանոնակարգի համաձայն՝ գիտությունների թեկնածուներին գիտական թեզի ղեկավար նշանակելու թույլտվություն ստանալու համար ՀՀ ԲՈՀ պետք է ներկայացնել համալսարանի ղեկավարի միջնորդությունը, որտեղ պետք է նշված լինի թեկնածուական ատենախոսության թեմայի շրջանակներում թեկնածու ղեկավարի առնվազն 15 տպագիր գիտական աշխատանքի ցուցակ: Արդեն 2 ամիս է՝ նրան հանձնարարել եմ ներկայացնել իր աշխատանքների ցուցակը, սակայն մինչ օրս նա ժամանակ չի գտնում ներկայացնելու իր իսկ գիտական աշխատանքների ցուցակը,  միաժամանակ նաեւ չի հրաժարվում Ս. Սողոյանի թեկնածուական թեզի ղեկավար լինելու ձգտումից, հաշվի չառնելով, որ 3-4 տարի հետո իրեն ավելի դժվար կլինի թեզի ղեկավարումը:

Ինչ վերաբերում է «օժիտ բերելու» կամ «ռեկտորի պրոտեժե»  արտահայտություններին, դրանք համարում եմ բուհի աշխատակցին ոչ վայել, առավել եւս, որ ես հարգարժան ռեկտորին չեմ ճանաչել անձամբ, չեմ շփվել, ընդամենը նա ինձ առաջարկել է օգտակար լինել բուհին եւ գործին: Միաժամանակ նշեմ, որ ողջ կյանքում ապրել եմ բարոյականության չափանիշներով, ներկայումս էլ չունեմ տիտղոսավոր եւ «հզոր» հովանավորներ:

ԳԵՎՈՐԳ ԿԱՐԴԱՇՅԱՆ

ՀՊՃՀ Էլեկտրաէներգետիկայի

ամբիոնի վարիչ

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՌԴ ԷԳԱ ակադեմիկոս

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930