Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ինքնաբուխ» ցուցարարները

Նոյեմբեր 09,2013 12:30

Օրերս իրենց ցույցը որոշեցին անել նաեւ «գծատերերը»՝ պահանջելով ուղեվարձը դարձնել 200 դրամ: Ես կասկածում եմ նման ցույցերի «ինքնաբուխ» լինելու մեջ՝ նախ այն պատճառով, որ նրանք, ովքեր ներկայանում են որպես «գծատեր», իրականում «proxy»-ի դեր են կատարում, նրանք գիծը «աշխատեցնողներն» են, ոչ թե տերերը: Բայց ոչ աշխատեցնողները, ոչ էլ տերերը չեն կարող ցույց անել առանց իշխանությունների ցուցումի՝ որովհետեւ նրանք կախյալ մարդիկ են: Դրա վառ ապացույցն այն է, որ հակառակ բիզնեսի տրամաբանության՝ նրանք չեն աշխատում, երբ իշխանությունները նրանց հրահանգում են: Իսկ երբ են իշխանություններն այդպիսի հրահանգ տալիս, հիշո՞ւմ եք: Այո, այն ժամանակ, երբ վախենում են ընդդիմության հանրահավաքներից եւ ուզում են, որ մարդիկ գան Ազատության հրապարակ: Նաեւ այն ժամանակ, երբ ընտրակաշառք ստացած քաղաքացիներին անվճար տեղափոխում են ընտրատեղամասեր: Այդ օրերին նրանք չե՞ն մտահոգվում, որ իրենց բիզնեսը տուժելու է: Ինձ թվում է՝ այս պարզ օրինակներից հասկանալի է, որ գծատերերն իրենց գլխի տերը չեն:

Գծատերերի ցույցը մոտավորապես նույնն է, որ մաքսատան աշխատակիցները ցույց անեն եւ պահանջեն ավելացնել իրենց կաշառքների «ստավկեքը», կամ ճանապարհային ոստիկանները ցույց անեն՝ տեսանկարահանող սարքերը վերացնելու պահանջով, քանի որ այդ դեպքերում չեն կարողանում տուգանքն իրենց գրպանը դնել: Կամ նախարարները գնան Ազատության հրապարակ՝ «Պահանջում ենք ատկատը դարձնել 30 տոկոս» պաստառով: Գծատերերը նույն համակարգի մի մասն են, նույն՝ այսպես ասած, «կանտորան» են՝ վերը թվարկված քաղաքացիների հետ միասին, եւ նրանց «ընդվզման» պահանջները, ի վերջո, նույն պետական չինովնիկների ձգտումներն են: Դրա բնական ռեակցիան է՝ «յոլա տարեք ձեր՝ արդեն իսկ ոչ քիչ եկամուտներով»:

Ուղեվարձի բարձրացման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ գծատերերը (բնականաբար, իսկական գծատերերը) անեն այնպիսի ներդրումներ, որ հնարավոր լինի վարորդներին ազատել փող հավաքելու անհրաժեշտությունից եւ, հետեւաբար, «պլանից», եւ երբ բոլոր ուղեւորները կերթեւեկեն նստած, ինչպես որ պահանջում է օրենքը: Թանկացման մասին պետք է մտածել ներդրումներից հետո, ոչ թե առաջ: Այսինքն՝ գծատերերը պետք է ներդրումներ անեն իրենց՝ արդեն ստացած գերշահույթներից, ոչ թե ժողովրդից հավաքեն այդ փողերը: Որ նման ներդրումները հնարավոր են, ապացուցում է հետեւյալ փաստը. «Պալաչ» նրբագեղ մականունով գործարարը կիսաքաղաքական-կիսաանձնական դրդապատճառներով (Հայաստանում դրանք մշտապես միահյուսված են) ներդրումներ արեց եւ գնեց թանկարժեք եւ հարմարավետ ավտոբուսներ: Գծատերերը, ուրեմն, փող ունեն՝ պարզապես «տակներն են դրել»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Արտակ Առաքեելյան says:

    Զարմանալի է:
    Նույնիսկ չեմ կարողանում հիշել թե վերջին անգամ երբ է Արամ Աբրահամյանը հրապարակայնորեն ասպես սուր արտահայտվել:
    Հարյուր տոկոսով համաձայն եմ առաջ քարշված տեսակետի հետ: Միայն մի դիտարկում. հասարակական տրանսպորտն ընդհանրապես համարյա ոչ մի երկրում շահութաբեր չէ: Տրանսպորտի համակարգը սովորաբար պատկանում է պետությանը եւ հանջնվում է մասնավորին՝ հավատարմագրային կառավարման համար: Հաըտարարվում է մրցույթ ոչ թե ծառայություն մատուցելու, այլ պետությանը պատկանող ինֆրաստրուկտուրան պետության սահմանած կանոններով կառավարելու համար:

  2. Արսեն says:

    Ւնձ հետաքրքրում է, ՀՀ Նախագահը գործադուլ անելու իրավունք ունի?
    Ւնչ է ասում սահմանադրությոնը այդ մասին և ինչպես է հիմնավորում?

  3. Ara says:

    Եթե օրական 1500-2000 դրամ “աշխատավարձի” համար տանից դուրս եկող ու գոնե 2 երթուղային փոխող մարդը օրական 600-800 դրամ պետք է ճանապարհածախսի տա, քանի կոպեկ արժի նրա ապրելն էլ, աշխատելն էլ… չեմ էլ խոսում ընդմիջմանը մի բուլկի ծամելու, աստված չանի` դեղ ու դարմանի, կամ էլ ձմեռանը չցարտահարվելու ծախսերի մասին…

    Ակամայից աչքերիս առջև տզրուկ հայտնվեց, որ միայն արյուն է ծծում

  4. artur says:

    Նորից արդիական դարձավ վերջի հայաստանից հեռացող մարդու կողմից օդանավակայանում լույսը մարելու մասին անեկդոտը :Ափսոս որ այս անգամ այն իրականություն դառնալու հավանականությունը չափազանց մեծ է:

    • Հրանտ Պապիկյան says:

      Լույսերի հետ գործ չունեք, ես մնում եմ…
      գնացողներին` հաջողություն.

      • Mariam says:

        Խոնարհվում եմ Ձեզ նման մարդկանց առջև:

      • Արսեն says:

        Բարի ցանկություններ ունեք, դուք դրանով վերջի հայաստանից հեռացող մարդուն ազատում եք օդանավակայանում լույսը մարելու պարտականությունից։ Կխնդրեի, վերջին հեռացողից հետո, անցնել օդանավակայան և ստուգել՝ անջատել է արդյոք լույերը? ԵՎ եթե չի անջատել՝ անջատեք, եթե դժվար չէ։

        • Հրանտ Պապիկյան says:

          Արսեն, ենթադրում եմ `Դուք արդեն այստեղ չեք, կամ էլ ճամպրուկներն եք հավաքում, և այդ պատճառով չեք կարող պատկերացնել, որ այլ կերպ մտածողներ էլ կան, կամ ավելի ճիշտ այդ կերպ ուզում եք ինքներդ Ձեզ համոզել, որ գաղթական դառնալը ամենաճիշտ որոշումն է, որ կայացրել եք…
          Բայց ասեմ Ձեզ, որ այս երկիրը անտեր չի մնալու, գնացողներն են անհայրենիք ապրելու: Թող իրենք մտածեն…
          Իսկ ինձ պես մարդիկ բարեբախտաբար շատ – շատ են, շնորհակալություն` Մարիամ ջան…

          • Արսեն says:

            Այդտեղ չեմ շատ վաղուց, բայց եկեք սպասենք մինչև պարոն Աբրահամյանը համապատասխան թեմայով հոդված կգրի՝ թե չէ կմեղադրվենք թեմայից շեղվելու մեջ։

  5. հոգնած says:

    լավ բա էս երկրում այդ աշխատասեր, չարքաշ, հանդուրժող, իմաստուն, հոգնած, քարից հաց քամող, սակայն արդեն մարող ժողովրդին ՍԻՐՈՂ, մի հատ պետականամետ այր չկա?

    • Ռուզան Սահակյան says:

      Ոչ, չկա: Հիմա նրանց միակ առաջ մղիչ ուժը ազարտն է, ազարտը՝ թե ով ավելի շատ փող կսարքի: Նրանք հիմա մրցակցում են իրար մեջ, հանկարծ իր կնիկը անհայտ բրենդի շոր չհագնի, իսկ մյուսինը՝ չափազանց հայտնի: Օրինակ, լֆիկը հիմա մի թաղի թագավոր է, չէ՞: Բայց չէ՞ որ ունի յոթ զավակ, և նրանց էլ իրենց սեփական թաղերն են պետք. բնականաբար պայքար պիտի գնա զավթելու այլ տարածքներ ևս: Այսինքն՝ ինչքան շատ երեխա, այնքան թեժ պայքար:
      Մինչդեռ նորմալ մարդը բավարարվում է երեխաներին հագուստով, սննդով, կրթությամբ ու տանիքով ապահովելով: Իսկ նրանց դա քիչ է: Պետությունը նրանց համար ընդամենը արածելու ճոխ դաշտ է, Աբու-Լալայի խոսքերով՝ ՛՛Ատում եմ, ավաղ, և հայրենիքը՝ ճոխ արոտավայր հարուստների ցոփ՛՛՛: Սրանից լավ չէի ասի…

  6. Ruben says:

    Մեծահարգո Արամ Աբրահամյան,
    նայեք մեր լեռներին, քանի դեռ նրանք երջանիկ են առանց տիրոջ,
    գայլերը գնացին (փախան), շները դառցան պոռնիկ,
    մնացին շնագայլերը:
    Ստեղծել չեն ուզում, ուզում են ուտել տվածը, ապրել հանրակացարանում:

    (Ախ, սի՜րտս իմ՝ բո՜րբ ու անսփոփ,- երկի՜ր իմ՝ ո՜րբ ու անուրախ…
    Եղիշե Չարենց)

    Ու՞ր եք հայեր, ու՞մ եք թողել հայրենի հողը:

  7. elle says:

    Հայաստանն արդեն դարձել է դրախտ` ագահ, տգետ, թանձրամիտ ու անկուշտ մարդկանց համար…

  8. Վահան says:

    Տրանսպորտը բիզնեսի ձեւ չպետք է լինի, որ մի հատ էլ մտածես շահութաբեր է, թե ոչ: Այն պետք է լինի պետական կառավարման բաղկացուցիչներից մեկը, պետք է լինի ՁՐԻ եւ դրա համար միջոցները պետք է հավաքվեն մեր հարկերից ճիշտ այնպես, ինչպես մեր հարկերից շքեղ, թանկարժեք ավտոմեքենաներ են գնում մանր-մունր չինովնիկների համար, ոչ օպերատիվ աշխատակիցների համար, ճիշտ այնպես, ինչպես մեր հարկերից աննպատակ գործուղումների են մեկնում էլի տարբեր չինովնիկներ, ճիշտ այնպես, ինչպես մեր հարկերը տնօրինվում են ոչ միշտ մեր կամքով….
    իսկ պարոն Աբրահամյանի վերլուծությունը հրաշալի էր…..

  9. Վահան says:

    հավելեմ, որ ամոթ, խայտառակ ամոթ է հայերենում եւ մեր մտածելակերպում ունենալ այնպիսի բառ, ինչպիսին գծատեր բառն է…..մտածենք…

  10. elle says:

    հասել է ավերակների վրա թագավորելու պահը

  11. Արթուր says:

    Ասելիքներդ ասացիք, վերջքցրեցիք?, դե անջատեք լույսը, այն արդեն ոչ մեկին պետք չէ, անջատեք, քնի այսպես կոչված` քաղաքական մեծամասնությունն ինքը չի անջատել, ինչն առավել ցավոտ կլինի:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930