Լրահոս
Օրվա լրահոսը

«Համոզված եմ, որ նոյեմբերի 28-ին Վիլնյուսում մենք կստորագրենք ինչ-որ փաստաթուղթ»

Նոյեմբեր 09,2013 10:41

Օրերս մեր երկիրը եւս մեկ քայլ արեց Մաքսային միությանը միանալու, «միս ու արյուն տալու» ուղղությամբ՝ ստորագրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության խորացման հուշագիր։ Առջեւում անդամակցության ճանապարհային քարտեզի համաձայնեցման գործընթացն է, որի հանգուցալուծմանը, դատելով ամենից, ականատես կլինենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի սկզբին ակնկալվող այցի ընթացքում։

Կարելի՞ է արձանագրել, որ Հայաստանի ընտրությունը վերջնական է եւ անբեկանելի։ Այս համատեքստում ի՞նչ սպասելիքներ կարող է ունենալ Հայաստանը նոյեմբերի 28-ի Վիլնյուսի գագաթաժողովից։
Մեր հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՀՔԴՄ նախագահ  Խոսրով Հարությունյանը։
-Հայաստանն իր ընտրությունը վաղուց էր կատարել, եւ այդ ընտրությունը ոչ թե տնտեսական, քաղաքական կամ աշխարհաքաղաքական որեւէ գործընթացի միանալ-չմիանալն էր, այլ սեփական ազգային եւ տնտեսական անվտանգության շահերով առաջնորդվելը։
Ինչ վերաբերում է Մաքսային միության անդամակցության գործընթացին, քաղաքական որոշումն այլեւս կայացված է, եւ հիմա օրակարգում անդամակցության հետ կապված «տեխնիկական խնդիրների» համաձայնեցման հարցն է։ Բայց արդյոք սա բացառո՞ւմ է մեր հետագա համագործակցությունը տնտեսական այլ կառույցների, այդ թվում՝ Եվրամիության հետ։
Իհա՛րկե ոչ, որովհետեւ Եվրամիության հետ համագործակցության հիմքում դրված են շատ կարեւոր խնդիրներ, մասնավորապես մեր տնտեսական համակարգի արդիականացման խնդիրը։ Այսինքն՝ եվրոպական ընկերակցության միջոցով պետք է փորձենք որդեգրել ժամանակակից չափանիշներ, ընթացակարգեր, որոշումների ընդունման առումով հանրության համար թափանցիկ, հասկանալի մոտեցումներ, որոնք վաղուց գործում են Եվրոպայում, եւ որոնց կարիքն ունենք ոչ միայն մենք, այլեւ Մաքսային միության բոլոր պետությունները։
Ավելին՝ Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագիրը, ըստ էության, ենթադրում էր այնպիսի ընթացակարգերի եւ ստանդարտների ներդրում, որոնք մեր տնտեսությունը կդարձնեն եվրոպական տնտեսական տարածքին «հոգեհարազատ»՝ որեւէ եվրոպացի ներդրող կամ սպառող խնդիր չի ունենա առնչվելու Հայաստանի տնտեսական տարածքի հետ։ Այս խնդիրը չի կորցնելու իր կարեւորությունը, անգամ այն պարագայում, երբ այդ պայմանագրի նախաստորագրումը հասկանալի պատճառով այլեւս ուժի մեջ չէ։
Հետեւաբար, մի կողմից, Մաքսային միությանը մեր անդամակցության գործընթացը թեւակոխում է շատ պատասխանատու փուլ (այդ մասին են վկայում վարչապետի հանդիպումները ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ, որտեղ կոնկրետ տեխնիկական խնդիրներ են քննարկվում՝ ինչպես, ինչ ընթացակարգերի, միջպետական պայմանագրերի, իրավական, քաղաքական հիմնավորումների շրջանակներում պետք է իրականացվի անդամակցության գործընթացը), մյուս կողմից՝ եվրոպական ուղղությամբ մեր համագործակցությունը չի կորցնում իր հրատապությունը։
Համոզված եմ, որ նոյեմբերի 28-ին Վիլնյուսում մենք կստորագրենք ինչ-որ փաստաթուղթ, որտեղ կարձանագրվի, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները շարունակական են եւ ունեն զարգացման լուրջ հեռանկար։ Իհարկե, ՄՄ անդամակցության հետ կապված, ԵՄ հետ մեր հարաբերություններում որոշ հարցադրումներ կվերանայվեն, կվերաիմաստավորվեն, բայց սկզբունքորեն մեր տնտեսական համակարգի եվրոպականացման հարցը քաղաքական օրակարգից դուրս չի գա՝ եվրոպացիները դրանում ոչ պակաս շահագրգռված են, քան մենք։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» օրաթերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930