Ադրբեջանին գերազանցում ենք ծանր սպառազինությամբ եւ զինծառայողների թվով, զիջում` ռազմական ծախսերով
Հայաստանը մտնում է աշխարհի ամենառազմականացված 10 երկրների մեջ: Այդ մասին նոյեմբերի 6-ին հրապարակված «Ռազմականացման գլոբալ ինդեքս 2013»-ում նշել է Բոննի միջազգային վերափոխման կենտրոնը (BICC): Համաձայն այդ ինդեքսի, որն ընդգրկում է աշխարհի 149 երկրների, ռազմականացման 800-բալանոց համակարգում Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը` ունենալով 724 միավոր:
Վերոնշյալ ինդեքսում, ըստ ռազմականացման ցուցանիշների, երկրները բաժանված են 5 խմբերի (չհաշված այն երկրները, որոնք ընդգրկված չեն հրապարակված ինդեքսում):
Հայաստանն ու Ադրբեջանը մտնում են աշխարհի ամենառազմականացված 30 երկրների մեջ: Ավելին, երկու երկրներն ընդգրկված են «Ռազմականացման գլոբալ ինդեքս 2013»-ի առաջին տասնյակում: Ադրբեջանը 8-րդ տեղում է 673 միավոր ցուցանիշով:
Կարդացեք նաև
BICC-ի փորձագետները նշում են, որ Ադրբեջանն անցյալում զբաղեցրել է բարձր դիրքեր, իսկ Հայաստանն այս տարի նոր մասնակից է: «2013-ին Հայաստանի տվլյաներն ընդգրկել են նաեւ ռեզերվիստներին, ինչը բացատրում է, թե ինչու այս երկիրն ավելի բարձր դիրքեր ունի», ասված է նրանց եզրակացութան մեջ: Միաժամանակ, BICC-ն ընդգծում է, որ Հարավային Կովկասում ռազմականացումն ուղեկցվում է «դիվանագիտական տաք հռետորաբանությամբ եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ երկարաժամկետ ռազմական կոնֆլիկտ սկսվելու ռիսկով»:
Ինդեքսները սահմանելիս Բոննի միջազգային վերափոխման կենտրոնը նկատի է ունեցել երեք հիմնական ցուցանիշներ` ռազմական ծախսեր, ծանր սպառազինության ցուցանիշներ եւ զինծառայության մեջ գտնվող մարդկանց քանակ: Համաձայն դրանց էլ որոշվել են ռազմականացման միավորները եւ երկրի զբաղեցրած հորիզոնականը այս զեկույցում:
Այսպիսով, Հայաստանի ռազմական ծախսերի ինդեքսը կազմել է 4,44, Ադրբեջանինը` 4,47, մարդկանց թվի ինդեքսը Հայաստանի դեպքում կազմել է 6,18, Ադրբեջանի դեպքում` 5,55, ծանր սպառազինության ինդեքսը Հայաստանի համար կազմել է 2,97, Ադրբեջանինը` 2,83:
Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում: