Եվ այսպես.պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել է Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ առաջարկելով քննության առնել իր նկատմամբ բռնություն կիրառելու մասին Շանթ Հարությունյանի հայտարարությունը։ Վերջինս հայտնել էր պատգամավորին, որ բռնություններ կիրառել են անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ նրա տեղակալ Հունան Պողոսյանը։
Մենք, բնականաբար, չենք կարող ասել՝ կիրառվել է ոստիկանությունում Շանթ Հարությունյանի նկատմամբ ֆիզիկական ուժ, թե ոչ։ Ամենայն հավանականությամբ՝ այնտեղ սահմանափակվել են ընդամենը սպառնալիքներով։ Կամ՝ լինելով ծայրաստիճան զգացմունքային ու դյուրազգաց անձնավորություն, Շ.Հարությունյանն ընկալել է ոստիկանության ղեկավարների ինչ-որ անմեղ արտահայտությունը որպես սպառնալիք։ Նման բան երբեմն պատահում է։
Երբ Մարիա-Աննա Ավստրիացին ուղեւորվում էր ապագա ամուսնու մոտ, բնակավայրերից մեկի քաղաքապետը ցանկացավ նրան նվեր մատուցել մետաքսե գուլպաներ։ Անպատկառ արարքը կասեցրեց մեծատոհմիկ աստիճանավորներից մեկը՝ հայտարարելով. «Թագուհիները ոտքեր չեն ունենում»։ Կարծելով, թե Մադրիդ հասնելուն պես կտրելու են իր ոտքերը, հարսնացուն ուշագնաց եղավ։
Ինչեւէ, ՀՔԾ դիմած Ն.Փաշինյանի մտահղացման բեմական մասը ամփոփված էր, հավանաբար, նրանում, որ սրինգների ու քնարների հնչյունների ներքո Վ.Գասպարյանի աշխատասենյակ մտներ մարդու իրավունքների համար պայքարող մարտիկ Կարեն Անդրեասյանը՝ Հատուկ քննչական ծառայության գավազանակիր աշխատակիցների ուղեկցությամբ, եւ, ինչպես Դոն Խոսեն «Կարմեն» օպերայի վերջնամասում, երգեր` մատնացույց անելով ոստիկանապետին. «Ձերբակալե՛ք նրան»։
Իսկ ինքը՝ Ն.Փաշինյանը, որին կհաղորդեին թշնամու ոչնչացման մասին, կսկսեր ՀԱԿ-ի զինակիցների հետ հրճվել` ի ցույց դնելով կոմպոզիտոր Հ.Ֆ.Հենդելի ժամանակներից ի վեր բարքերի որոշակի էվոլյուցիան։
«Հուլիոս Կեսար» օպերայում (իտալերեն լիբրետոն՝ Ն.Հայմի), հիշեցնենք, եգիպտական թիկնազորի պետ եւ Պտղոմեոս արքայի խորհրդական Աքիլլան, ցանկանալով հաճույք պատճառել կայսրին, զամբյուղի մեջ դրած բերում է նրան Պոմպեոսի գլուխը։
Բավարական օպերայի ժամանակակից բեմադրության մեջ, ի դեպ, Աքիլլան նվերը մատուցում է ներկայացման հովանավոր «Կարշտադտ» խանութների ցանցի պլաստիկե փաթեթով։
Սակայն, ըստ Հենդել-Հայմի, ստացած նվերը Կեսարին հաճույք չի պատճառում, այլ ճիշտ հակառակը։ Իր արիայում նա եռանդագին երգում է, որ՝ այ, ես հաղթում էի թշնամիներիս զենքով մարտում, իսկ այս ի՛նչ ես դու ինձ բերել։ Ասում են, Լոնդոնյան վաղեմի պրեմիերայում սույն տեսարանը ամորձատ Ֆարինելլիի կատարմամբ ամենատպավորիչն էր։
Ասենք, օպերային Կեսարի զայրույթը հասկանալ կարելի է. եգիպտական թիկնազորի պետը նվերով հայտնվեց հենց այն պահին, երբ կայսրը սիրալիր զրուցում էր Պոմպեոսի կնոջ ու որդու հետ, եւ բացարձակ անհարմար բան ստացվեց։
Եթե ՀԱԿ գրասենյակում լինեին ոստիկանության ղեկավարների կանայք ու զավակները, ապա «Թումանյանի շաուրմայի» փաթեթով իրեն մատուցված Վ.Գասպարյանի գլուխը տեսնելով՝ Ն.Փաշինյանը նույնպես, հավանաբար, կերգեր զայրալից ինչ-որ բան։
Բայց քանի որ միզանսցենը մշակողները գործող անձանց նման կուտակում, ըստ մեր ունեցած տեղեկությունների, չեն նախատեսել, ապա պատգամավորն ու հերոսը կարող է տրվել անարգել հրճվանքի։
Ինքը՝ ոստիկանապետ Վ.Գասպարյանը, բուռն արձագանքեց Շանթ-Նիկոլի մեղադրանքներին. «Իհարկե, չի եղել եւ չէր կարող լինել նման դեպք։ Հանձնաժողով, մեկուսարան ընդունել, բոլոր տեղերը ամեն ինչ ֆիքսվում է։ Սա հիվանդ երեւակայության արդյունք է։
Գագիկ ՄԿՐՏՉՅԱՆ
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: