Լրահոս
Օրվա լրահոսը

Գ. Մարգարյան. «Իշխանության առաջին դեմքերին փալաս են դարձրել» (Տեսանյութ)

Նոյեմբեր 08,2013 21:50

«Պետք է ազգային խորհուրդ ստեղծվի, եւ Արթուր թագավորի ասպետների նման պետք է բոլորը հավասար իրավունքներ ունենան: Իշխանափոխությունից հետո այդ խորհուրդը ձեւավորում է ազգային համաձայնության ժամանակավոր կառավարությունը, որի միակ խնդիրը կայանում է նրանում, որ ինքը պետք է նոր ընտրություններ կազմակերպի, ինքը ոչ օրենք է փոխելու, ոչ մի բան»,-այսօր իշխանափոխության տարբերակներ մշակելիս  ընդդիմադիր կուսակցությունների քննարկման ժամանակ այսպիսի առաջարկ արեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա ներկայացմամբ, իշխանափոխությունից հետո կազմակերպվելիք ընտրությունները կարող են լինել 2 ուղիով, որից մեկը, ինչպես պարոն Մարտիրոսյանն ասաց` սահմանադիր ուղին է, այսինքն` նոր Սահմանադրություն, նոր ընտրական օրենսգիրք, իսկ հետո` համապետական ընտրություններ: 2-րդ ուղին, ըստ Արմեն Մարտիրոսյանի, Ազգային Ժողովի լուծարումից հետո ԱԺ-ի նոր ընտրություններ իրականացնելն է:

Քննարկման մասնակիցներն այնքան էին տարվել գաղափարով, որ մի պահ այնպիսի տպավորություն էր, որ կարծես թե արդեն իշխանափոխություն է եղել, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն նախագահ չէ, եւ շփոթություն է առաջացել, թե ով է ղեկավարելու երկիրը: Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն, օրինակ, հարց բարձրացրեց` «Եթե գնալու ենք հրաժարականների պահանջով, ապա «բուկետով» պիտի գնանք, այդ երկուսն էլ (նկատի ունի ԱԺ եւ նախագահ) պիտի հրաժարական տան, հակառակ դեպքում պատկերացնում եք` եթե ԱԺ նախագահը ղեկավարի` ի՞նչ է լինելու»:

Այս մտահոգության պատասխանն էլ ուներ պարոն Մարտիրոսյանը. «Ազգային խորհուրդը պետք է ձեւավորի կառավարությունը, խորհրդի անդամները չեն կարող լինել կառավարության մեջ, հասարակության վստահությունը շահածները խորհուրդ են ձեւավորում ու կառավարություն, կամ` նոր ընտրություններ, սահմանադիր ժողովով մնացած ընթացակարգերն են մշակվում: Կարող է նախագահի ինստիտուտը վերանա, դառնա պառլամենտական կամ վարչապետական պետություն: Եթե մենք հիմա սկսեցինք էս հարցը քննարկել, ՀԱԿ-ն ասելու է` մենք նախագահականի կողմնակից ենք, ես էլ ասելում եմ` մենք պառլամենտականին ենք կողմնակից, ես ձեր հետ գամ ի՞նչ անեմ»:

Պարոն Մարտիրոսյանը նաեւ առաջարկեց, որ ազգային խորհուրդը Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարի, որով ընդդիմությունը վերահսկողական լծակներ պետք է ունենա. մասնավորապես` Վերահսկիչ պալատը պետք է պարտադիր տրվի ընդդիմությանը:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, ստեղծվելիք ազգային խորհուրդը պետք է երկխոսության մեջ մտնի իշխանության հետ, որով իշխանափոխությունը սահուն կկատարվի. «Սա պետության համար հրաշալի բան է»:

Առաջարկ հնչեց՝ պետք են որոշակի չափորոշիչներ, թե որ կուսակցությունները կարող են ներառվել այդ դեռ չստեղված, չկայացած խորհրդում, թե չէ, 70-ից ավելի կուսակցություններ կան, հո բոլորը չեն կարող ազգային խորհրդում լինել: «Օրինակ` Անի Զախարյանի կուսակցությունը, Անի Զախարյանն ինձ ասել էր` ես էլ եմ ուզում մասնակցեմ ձեր կլոր սեղանին, մերժեցի: Նմանատիպ երեւույթներ կլինեն»,-ասաց Սուրեն Սարգսյանը:

Ապա կարծիք հնչեց, որ խորհրդում կարող են լինել այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք մերժել են ներկայիս ռեժիմը:

Հետո որոշեցին, որ իշխանափոխության պայքարի համար պետք է հռչակագիր ստեղծի, որի տակ գաղափարին համաձայն կուսակցության ղեկավարները պետք է ստորագրեն:

Այս բանակցություններին ներկա էր նաեւ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, որն էլ կարծիք հայտնեց որ Հայաստան երկրից ոչինչ չի մնացել. «Չեք տեսնում իշխանության առաջին դեմքին փալաս են դարձրել, ամեն տեղ տրորում են, անկախ նրանից` Ռուսաստան է, թե Եվրոպա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930