Այսօր ուղեւորափոխադրողները կրկին իրենց դժգոհությունները ներկայացրեցին, որ այլեւս չեն կարողանում 100 դրամ ուղեվարձի պայմաններում աշխատել եւ պահանջում են Երեւանի քաղաքապետարանից շատ սեղմ ժամկետներում վերանայել սակագինը:
«Ընկերությունների տնտեսական վիճակն ահավոր է, չեն կարողանում ձեռք բերել անվադողեր, մարտկոցներ, չսառող հեղուկ, չեն կարողանում վճարումներ կատարել, գույքահարկ չեն կարողանում վճարել: Քաղաքապետարանին խնդրել ենք 3 օրում պատասխան տան, եթե հանձնաժողովը չակտիվացնի իր աշխատանքները եւ սեղմ ժամկետում չավարտի, մենք մեզ իրավունք ենք վերապահում ռադիկալ քայլերի դիմել, ընդհուպ մինչեւ չաշխատելը»,-այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց Հայաստանի ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Ըստ ուղեւորափոխադրողների, որպեսզի ընկերությունները կարողանան աշխատել, իրենց հաշվարկներով ուղեվարձը պետք է 200 դրամ լինի, սակայն իրենք պատրաստ են 150 դրամով էլ աշխատել, եթե կառավարությունը դոտացիա տրամադրի:
Հարցին, թե ինչո՞ւ ուղեւորափոխադրողները չեն փորձում շարժակազմը բարելավել, հետո պահանջել ուղեվարձի բարձրացում, ասուլիսի մեկ այլ մասնակցի`«ԻՍԱՎ» ընկերության տնօրեն Պատվական Միհրանյանն ասաց, որ այնքան շահույթ չունեն, որ բարելավեն: Հարցին էլ, եթե բիզնես եք անում, ապա վարկ վերցրեք, ներդրում կատարեք, հետո պահանջեք ուղեվարձի վերանայում, պարոն Միհրանյանն ասաց. «Վարկ ենք վերցնում, տոկոսադրույքը չենք կարողանում մարել»:
Իսկ եթե կառավարությունը հրաժարվի դոտացիա տրամադրել, ապա ինչ քայլերի կձեռնարկեն ուղեւորափոխադրողները, այս հարցին էլ Հրանտ Եղիազարյանն ասաց` «Կտա-կտա»: Ապա, պարոն Եղիազարյանը ներկայացրեց այն 3 սցենարները, եթե այնուամենայնիվ դոտացիա չտրամադրվի: Այս պարագայում, թե ինչի են պատրաստ ուղեւորափոխադրողները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, արդյոք 200 դրամի ուղեվարձի դեպքում ընկերությունները պատրաստ են վարորդների աշխատավարձը 165 հազար դրամ դարձնել, ինչպես որ հաշվարկվել էր քաղաքապետարանը, պարոն Եղիազարյանն ասաց. «Մենք համամիտ չենք հաշվարկի այդ հատվածին»:
Ասուլիսի մեկ այլ մասնակցի թիվ 2 երթուղին սպասարկող ընկերության ղեկավար Աշոտ Արշակյանն էլ ասաց, որ հանրային ծառայությունները կարագավորող հանձնաժողովը 2008 թվականին հաշվարկել էր, որ ուղեվարձը պետք է լիներ 139 դրամ, իսկ անկախ աուդիտորական ընկերության հաշվարկներով` 212 դրամ` 10% շահույթով: Գնային այս առաջարկը, ըստ պարոն Արշակյանի,ներկայացվել է կառավարություն, սակայն այն չի ընդունվել:
Մանրամասն` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ