Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի գործով» մեղադրողը արժանահավատ է համարում տուժողների ցուցմունքները եւ պնդում իր պատժաչափը

Նոյեմբեր 08,2013 18:55

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր սպասվում էր մեղադրող Արմեն Մարուխյանի մեղադրական ճառը:

Այն երկրորդ անգամ լսվեց այս դատարանում:

Մեղադրողը  «Հարսնաքարի գործով» ամբաստանյալների` ռեստորանային համալիրի աշխատակիցների համար պահանջել էր տասներեք տարվա ազատազրկում, այն բանի համար, որ նրանք ընդհանուր, միասնական դիտավորությամբ դաժան ծեծի էին ենթարկել Վահե Ավետյանին, նրա ընկերներին` Արտակ Բայադյանին, Էդգար Նիկոյանին, Արկադի Աղաջանյանին եւ Գարիկ Սողոմոնյանին: Ռազմական բժիշկ Վահե Ավետյանը կյանքից զրկվել էր:

Ամբաստանյալները մեղադրողի միջնորդությունից հետո պաշտպանական ճառերի փոխարեն ցանկություն էին հայտնել լրացուցիչ ցուցմունք տալ:

Լրացուցիչ ցուցմունքից հետո դատախազն այսօր իր մեղադրական նախորդ ճառը պնդեց, ասելով, որ տուժողներն իրենց լրացուցիչ ցուցմունքների ժամանակ չստեղծեցին հակասական իրավիճակ, նրանց ցուցմունքները ինչպես նախաքննության ժամանակ, այնպես էլ դատաքննության ժամանակ տրված,  արժանահավատ էին:

Անդրադառնալով ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանի, Գարիկ Մարգարյանի , Արթուր Բաբլոյանի լրացուցիչ ցուցմունքներին, մեղադրող Ա.Մարուխյանն այն համարեց մտացածին, հակասական, պատասխանատվությունից խուսափելու, չփարատված կասկածներ ստեղծելու փորձ: Մեղադրողն այն համարեց պարզ պաշտպանական մարտավարություն:

Նորայր Հայրապետյանն ասել էր, թե ինքն է բռունցքով Վահե Ավետյանին հարվածներ հասցրել, կռիվը եղել է իր ու նրա միջեւ, ամբաստանյալ Գարիկ Մարգարյանն հայտնել էր, թե ինքը հարվածել է Արտակ Բայադյանին, իսկ ամբաստանյալ Արթուր Բաբլոյանն էլ փոխելով իր նախորդ ցուցմունքը, հայտնել էր, թե վիճել է Գարիկ Սողոմոնյանի հետ:

Մեղադրողը հակասություններ տեսավ ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանի եւ Արթուր Բաբլոյանի ցուցմունքների միջեւ, երբ Բաբլոյանը հայտնել էր, թե ձմեռային սրահից դուրս է եկել, տեսել է, որ Նորայրը զրուցելիս է եղել տուժող Գարիկ Սողոմոնյանի հետ, հետո տեսել են Վահե Ավետյանին, որ հայհոյանքներ է տվել Գարիկ Մարգարյանին, Նորայրը միջամտել է: Սա այն դեպքում, երբ Նորայրը դատաքննության ժամանակ իր նախորդ ցուցմունքում ասել էր, թե ինքը հանգիստ զրուցելիս է եղել տուժողի հետ, հարվածել էր տուժող Գարիկ Սողոմոնյանին , ապա ` շրջվել, գնացել էր, իսկ Արթուրին էլ չի տեսել:

Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանը, լրացուցիչ ցուցմունքի ժամանակ ասել էր նաեւ, թե կռվի վայրում ամբաստանյալներ` Արմաններ Խաչատրյանին եւ Բաղդասարյանին չի տեսել:

Ըստ մեղադրողի, ամբաստանյալները նկարագրում են, թե տուժողները եղել են առանձին-առանձին, մինչդեռ տուժողները պնդեցին, որ եղել են միասին, եւ տարբեր ուղղություններից ստացել են հարվածներ:

Նոյեմբերի  18-ին ճառով հանդես կգա տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ու, հավանաբար, նաեւ տուժողները, եթե դատարան ներկայանան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930